Թուրքական պետութիւնների կազմակերպութիւնը ողջունել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագիրը

«ԱԼԻՔ» – Թուրքական պետութիւնների կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Կուբանիչբէկ Օմիւրալիեւը յայտարարել է, որ ողջունում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Վաշինգտոնում նախաստորագրւած համաձայնագիրը: Հաղորդում է Yerkir.am-ը:
Կազմակերպութիւնը երկու երկրների կողմից իրականացւած քայլը պատմական է որակել:
Նշւում է, որ այդ համաձայնագիրը կարեւոր հանգրւան է Հարաւային Կովկասում մնայուն խաղաղութեան, կայունութեան եւ բարօրութեան հասնելու գործում։
Յայտարարութեան մէջ նաեւ շեշտւել է, որ կազմակերպութիւնը էապէս աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղութեան եւ միջպետական յարաբերութիւնների հաստատման վերաբերեալ համաձայնագրի տեքստի նախաստորագրմանը, ինչպէս նաեւ երկու երկրների արտգործնախարարների կողմից ԵԱՀԿ Մինսկի գործընթացին առնչւող կառոյցները փակելու վերաբերեալ համատեղ կոչի ստորագրմանը։
Կազմակերպութիւնը համոզմունք է յայտնել, որ այս պատմական զարգացումը տարածաշրջանին կը բերի երկարատեւ խաղաղութիւն։