ՀՀԿ-ն Փաշինեանից պահանջում է հրապարակել ԼՂ կարգաւորման բոլոր միջնորդների պաշտօնական առաջարկներն ու ՀՀ պաշտօնական պատասխանները
«ԱԼԻՔ» – ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինեանից պահանջում է հրապարակել արցախեան կարգաւորման բոլոր միջնորդների պաշտօնական առաջարկներն ու Հայաստանի պաշտօնական պատասխանները։ Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդւարդ Շարմազանովը։
«Թող հրապարակի, ՀՀ 3-րդ նախագահի թիմը մտահոգւելու բան չունի եւ, կարծում եմ՝ ՀՀ առաջին ու երկրորդ նախագահների թիմերն էլ մտահոգւելու բան չունեն»,- ասաց նա:
Նրա խօսքով՝ ՀՀ երեք նախագահների ժամանակաշրջանում Արցախը եղել է հայկական ու անկախ։
«Սերժ Սարգսեանի բանակցած վերջին պաշտօնական փաստաթուղթը եղել է Կազանեան փաստաթուղթը, որը հրապարակւել է, ու Նիկոլ Փաշինեանն է ասել, որ Կազանեան փաստաթուղթը երբեւէ առաջարկւած ամենալաւ տարբերակն է եղել»,- ասել է Շարմազանովը։
Ըստ նրա՝ Կազանեան փաստաթղթից հրաժարւել է ոչ թէ Սերժ Սարգսեանը, այլ՝ Իլհամ Ալիեւը, որի մասին 2016 թւականին ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդւարդ Նալբանդեանի հետ համատեղ ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը։
«Թող հրապարակի, հայ ժողովուրդն էլ տեսնի»,- նշել է նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի խօսքերին, թէ այլեւս ՀՀ նախկին նախագահների հետ բանավիճելու բան չունի՝ Շարմազանովն ասել է. «Իսկ իր հետ ո՞վ է բանավիճել, որ մի հատ էլ ինքը բանավիճելու չունի։ Այնպիսի տպաւորութիւն է, որ պաշտօնաթող նախագահները գիւլլա են գցել Նիկոլի հետ բանավէճի գնան, ինքն էլ ասում է՝ բանավիճելու չունեմ։ ՀՀ երեք նախագահներն էլ ասել են՝ հեռու խաղայ»: