Նիկոլը տարածաշրջանային ցլամարտի ձեւաչափը դարձնում է 2+1՝ Ադրբեջան, Թուրքիա + Ռուսաստան։ Հերթում Իրանն է
Մեծ խառնաշփոթի փուլ
Միւնխէնից եւ Փարիզից յետոյ Հայաստանի համար նոր իրականութիւն է ձեւաւորւել։ Մէկ հոգին կայացնում է միակամ ճակատագրական որոշումներ. նրա մոտիւացիաները պարզ չեն, ու այս պահին նրա ձեռքը բռնելու ու զսպման մեխանիզմ չկայ։ Սա նշանակում է, որ առժամանակ նա անելու է այն, ինչ ուզում է։
Սա ուղղակի պարտադրում է, որ դեռեւս քիչ թէ շատ կենսունակ շրջանակները դառնան համարժէք այդ Նորին։ Կը հասկանանք պարտադրանքը, թէ ոչ՝ այլ հարց է։ Շարունակել հին իներցիայով՝ սպասելու ենք աղէտի հերթական սերիային, որի ոչ ծաւալները, ոչ հետեւանքները գուշակել հնարաւոր չէ։
Նոր իրականութեան պարամետրերը
– Հայաստանը դառնում է խոշոր տէրութիւնների բացայայտ բախման թատերաբեմ։ Նիկոլը տարածաշրջանային ցլամարտի ձեւաչափը դարձնում է 2+1՝ Ադրբեջան, Թուրքիա + Ռուսաստան։ Հերթում Իրանն է։ Եթէ մինչ այս ուժային կենտրոնների հակամարտութիւնը Հայաստանում գնում էր քիչ թէ շատ սուվերեն երկրի եւ խաղի կանոնների պահպանմամբ, ապա հիմա դա չի լինելու։ Բախման ցանկացած դրսեւորում տեսնելու ենք, եւ այդ ծայրայեղ վտանգաւոր նոր խաղի կանոնի հեղինակը Հայաստանն է։
– Ներքին խառնաշփոթ. ներքին բազմապիսի, բազմավեկտոր այլանդակ պրոցեսներ, խմորումներ։ Պետութեան ներքին հոմեոստազը խաթարւել է։
– Ով ում հետ ինչ հաշիւ ունի՝ փորձելու է պարզել։ Հին-նոր հարցեր, բիզնես, անձնական, եւ այլն եւ այլն։ Պատահական չէր օրեր առաջ մեծ խումբ արցախցիների ուղղորդումը ունեւոր արցախցիների դէմ։ Պարարտ հող կայ, էմոցիոնալ ֆոն կայ. թիրախներ կը գտւեն, կը նշանակւեն, կը ձեւակերպւեն։ Ոչ ոք ապահովագրւած չէ։ Նոյնը լինելու է զուտ ներհայաստանեան կապիտալի եւ թիրախների հանդէպ։ Ցինիկ չհնչի, բայց այս փուլում կենդանի մնալն արդէն ձեռքբերում է։
– Հրէշաւոր մեղադրանքների ուժգնացում՝ սկսած մակրոթեմաներից. «ով բերեց Նիկոլին», «ով յանձնեց Արցախը» մոտիւներից մինչեւ՝ ով որ զինւորի մահւան պատճառ դարձաւ։ Սա ցանկացած քանդւող, «սիրիացման գնացող» երկրի ներքին բովանդակութիւնն է։
– Պետական համակարգը սկսելու է մի պահից «սբոյներ» տալ։ Գնալու են տոտալ աշխատանքային իմիտացիայի։ Ռեպրեսիաները է´լ աւելի կարագացնեն պրոցեսը։ Այսօր արդէն որեւէ նորմալ մարդ չի ուզում այս իշխանութեան հետ աշխատել։
– Ռեպրեսիւ համակարգն աշխատելու է անվերահսկելիօրէն։ Ով ում ուզեց՝ բռնել է տալու։
Հասարակութիւնը մնացել է անտէր
Իշխանութեան արկածախնդրութիւնը միշտ յանգեցնում է պետութեան արտաքին խոցելիութեանը եւ ներքին անտէրութեանը։
Նման իրավիճակում անտէրութիւնն ու անպաշտպանութիւնը գրեթէ հոմանիշներ են։ Ոչ ոք Հայաստանում իրեն պաշտպանւած չի զգալու, միւս կողմից՝ սա դառնում է բոլորին միաւորող գործօն։
1. Հարուստներն էլ են անպաշտպան, աղքատներն էլ,
2. Նիկոլին ձայն տւած 680 հազարը մնացել է անտէր,
3. 270 հազարանոց ընդդիմադիր որակեալ ընտրազանգւածը մնացել է անտէր,
4. Չքւէարկածները, տանը մնացածները, «քաղաքականութեամբ չզբաղւողները» մնացել են անտէր,
5. ՔՊ-ն, որպէս քաղաքական ուժ մնացել է անտէր, բայց դեռեւս չի գիտակցում,
6. Հայաստանցին մնացել է անտէր, արցախցին մնացել է անտէր, սփիւռքը մնացել է անտէր,
7. Մեծ հաշւով, պետութիւնը մնացել է անտէր ու անպաշտան։ Սա ահռելի ռիսկերով իրականութիւն է։
Արագ հետեւութիւններ.
1. Ճիշտ հասկանալ նոր իրականութեան ողջ ռիսկայնութիւնը,
2. Վերաձեւակերպել ընդդիմութիւն գաղափարը եւ գնալ արագ վերակազմաւորման։ Չկառչել առկայ ձեւաչափերից ու չհաշւարկել յաջորդ իշխանութեան մէջ սեփական մասնաբաժինը։ Յաջորդ իշխանութեան պետութիւնն ուղղակի կարող է չլինել։
3. Սկսել ներհանրային հաշտեցման եւ միջընտրազանգւածային երկխօսութիւն։ Հին ընտրազանգւածներն արդէն պատմութիւն են, եւ չի կարելի հասարակութեան մասին ունենալ այդ հին պատկերացումները։ Հետեւաբար՝ հաշտութիւն, ներքին երկխօսութիւն՝ բոլոր մակարդակներով, բոլորը-բոլորը բոլորի հետ։ Պետական համակարգի, ՔՊ-ի, փողոցի, ուժայինների։
Պետական արկածախնդրութեան հակաթոյնը ներքին երկխօսութիւնն է։ Այսօր բոլորիս թիւ մէկ խնդիրը, միաւորող իդէան նոր իշխանութեան ձեւաւորումն է։ Այդ ճանապարհին պէտք է գտնել ու համագործակցել բոլոր բնական դաշնակիցների հետ։
ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր