Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ուզո՞ւմ ենք արդեօք պատմութեան մէջ մնալ մեր քաղաքակրթական կոդ-ով

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

 

Սիրիական վերջին դէպքերն, ինչպէս նաեւ առաջիկայում սպասւող, անխուսափելիօրէն ցաւալի, աւելի ճիշտ՝ բեկումային զարգացումները թերեւս վերջին ահազանգն են Հայաստանին։

Այս իրողութիւններին, բնականաբար, պէտք է նայել եւ գնահատել տարածաշրջանային եւ գլոբալ տեկտոնիկ ցնցումների եւ դրանց արդիւնքում ձեւաւորւելիք աշխահաքաղաքական նոր ճարտարապետութեան համատեքստում։

Սցենարն աւելի քան ակնյայտ է, գործողութիւնները՝ սրընթաց։ Սիրիա պետութեան անկումը օրերի հարց էր․շատերի համար անակնկալ, որոշների համար ակնյայտօրէն պլանաւորւած…

Մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական հաւասարակշռութիւնը խախտւել է ի շահ Թուրքիայի եւ գոնէ այս հանգրւանում Ռուսաստանի եւ Իրանի շահերն այլ առաջնահերթութիւններ ունեն։

Ի դէպ, Թուրքիայի ձեռքերն ու ախորժակը բացւեցին 2020-ին, երբ հաւաքական Արեւմուտքի քաղաքական կուրութեան ներքոյ, գուցէեւ լուռ համաձայնութեամբ՝ կանաչ լոյս վառւեց Լեռնային Ղարաբաղում ցեղասպանական ռազմական օպերացիա իրականացնելու համար։

Ադրբեջանն ու Թուրքիան իրենց իրականացրած ռազմական յանցագործութիւնների համար չենթարկւեցին ոչ պատասխանատւութեան, ոչ էլ՝ սանկցիաների։ Ժողովրդավարական Արեւմուտքի համար էներգետիկ-ռեսուրսային շահերն աւելի գերակայ են, քան միջազգային իրաւունքը, ինստիտուտներն ու կոնւենցիաները․․․

Աւելին՝ Բրիւսէլից շտապեցին յայտարարել, որ Արեւմուտքն Հայաստանին անվտանգային երաշխիքներ չի կարող խոստանալ, իսկ մեր տարածաշրջանում Եւրամիութեան «հաւատարմատարը» ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է։

Յայտնւել ենք լուսանցքւածի ու քաղաքականապէս անօգտակար սնանկի մի կարգավիճակում, երբ միջազգային բոլոր հարթակներում յենարանները կորցրած, սեփական բանակցային գործընթացն ազգային ողբերգութեամբ «պսակած» ՀՀ «բանակցողը» Հայաստանի պետականութեան լինելիութիւնն ու անվտանգային երաշխիքները ցեղասպան երկու պետութիւնների/մէկ ժողովրդի/ հարթակում է փնտրում։

Անխուսափելի հարց-տագնապ է կախւած օդում՝ յատկապէս վերջին աշխարհաքաղաքական իրադարձութիւնների, սիրիական դէպքերի համատեքստում․

Հայաստանի համար խիստ ճակատագրական այս հանգրւանում ՀՀ իշխանութիւններն ի վիճակի՞ են իրողութիւնները սթափ կշռել եւ ռազմավարական որոշումներ ընդունել։

Արդեօք ՀՀ-ում յիշու՞մ են, թէ ինչ բարեկամական գրկախառնումների մէջ էին մինչեւ 2011-ը Սիրիան ու Թուրքիան։

Ո՜չ եւ ո՜չ․ ներկայ իշխանութիւնների պարտութեան ժառանգութիւնը, երկիրը կազմաքանդելու ողջ անատոմիան, ներազգային հարթակների նարատիւները, ներիշխանական գզւռտոցն ակնյայտօրէն ասում է՝ Ո՜Չ։

Ցաւօք, Հայաստանում առաջնահերթութիւնը իշխանութեան կենտրոնացումն է մէկ անձի ձեռքում։ SMS-ով կառավարւող երկրում անգամ իւրայիններին են «ղամազացնում» /սա ՔՊ-ՀԺ գնահատականն է Յովիկ Աղազարեանին/՝ այսպիսով կեղծ օրակարգերով ուշադրութիւն շեղելով, նաեւ՝ վախեցնելով ու հնազանդութեան «պովոդոկ» գցելով միւս իւրայինների վզին։

Բոլոր տոտալիտար ռեժիմներին բնորոշ ձեռագրով հետեւողականօրէն ոչնչացւել/ոչնչացւում են կամ հեղինակազրկւել/հեղինակազրկւում են ընդդիմանալու եւ այլակարծութեան բոլոր դաշտերը։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱԺ ամբիոնից պանթուրքական եւ հակապետական նարատիւներն այնքան ինտենսիւ են հնչել, իսկ դրա հանրային հակազդեցութիւնն այնքան զրոյական է եղել, որ կարելի է մտածել, թէ հայ հասարակութիւնը ինքնասպանական թմբիր մէջ է եւ պատրաստակամ հրաժարւել իր քաղաքակրթական կոդից։

Ակնյայտ է․ մեր հաւաքական զգայարանները, ընկալումներն ու հանրային ռեցեպտորները բթացել են։ Պատճառները խորքային են, այլ թեմա է․․․

Միւս կողմից՝ ռեժիմներն անակնկալ փլուզւելու պատմականօրէն ապացուցւած ալգորիթմ ունեն, ու այդ փլատակների տակ քիչ չեն պատմական դարձած ազգերն ու սահմանները․․․․

Ադրբեջանն անթաքոյց նոր պատերազմի է պատրաստւում։ Ակնյայտ է, որ Արեւմուտքը լեգիտիմացրել է պատերազմը որպէս աշխարհաքաղաքական նոր ճարտարապետութեան գործիք։

Մենք՝ հայերս այս պահին կենսական, ճակատագրական հարց-յանձնարարականը պիտի ձեւաւորենք՝

ԱՐԴԵՕՔ ԿԱՄՔ ԿՈՒՆԵՆԱՆՔ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ՄՆԱԼ ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԿՈԴ-ՈՎ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՄԲ ԹԷ՞ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՀԱԼՒԵԼՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՁՈՒԼԱՐԱՆԻ ՊԱՐԱՐՏԱՆԻՒԹ ԴԱՌՆԱԼՈՒ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ։

ԵԹԷ ԱՅՈ՝ ՈՒՆԱ՞Կ ԵՆՔ ԱՐԴԵՕՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՒԵԼ, ԵՐԿԱՐԱՏԵՒ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹԻՒՆ ՄՇԱԿԵԼ ՈՒ ՓՈՐՁԵԼ ՃԵՂՔԵԼ ԱՅՍ ՄՍԱՂԱՑԸ ԱԶԳ-ԸՆՏԱՆԻՔ, ԱԶԳ-ՊԵՏՈՒԹԻՒՆ կամ կենսունակ այլ մոդելով։

Քննարկելի եւ շարունակելի․․․

Related Articles

Back to top button