Զարմիկ Պօղիկեան. «Հիմա հայ համայնքի համար կարեւորը ապահովութեան երաշխիքն է»
Սիրիայի նոր կառավարիչները հանդիպել են հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
«ԱԼԻՔ» – Սիրիայում կառավարութեան նոր պատասխանատուները հանդիպել են տեղի քրիստոնեայ եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին «Փաստինֆօ»-ին յայտնել է Հալէպում հրապարակւող հայկական «Գանձասար» պարբերականի գլխաւոր խմբագիր Զարմիկ Պօղիկեանը։
Նրա փոխանցմամբ՝ նոր կառավարիչների ներկայացուցիչներն ասել են, որ յարգում են քրիստոնեաների կրօնական առանձնայատկութիւնները։
«Տակաւին ժամանակ է պէտք, որպէսզի մարդիկ հասկանան, թէ ինչպէս է կառավարութիւնը գործելու։ Գործադիր մարմինը պէտք է հաստատւի, որպէսզի պետական մարմիններն ամբողջութեամբ գործեն, եւ կեանքն աւելի կառավարելի դառնայ, բայց այս պահի դրութեամբ ապահով ենք, զինեալ ներկայութիւն չկայ, մարդիկ փողոցներում հանգիստ շրջում են, հիմա հայ համայնքի համար կարեւորը ապահովութեան երաշխիքն է»,- ասել է Պօղիկեանը՝ աւելացնելով, որ Սիրիայի հայ համայնքը տարիների փորձառութիւն ունի երկրի տարբեր իշխանութիւնների հետ գործելու։
«Մեզ համար կարեւոր է, որ պահպանւած լինեն համայնքի իրաւունքներն ու ապահովութիւնը, յարգեն հայերի կրօնական ու ազգային մշակութային առանձնայատկութիւնները»,- ասել է Զարմիկ Պօղիկեանը։
Ինչ վերաբերում է կենցաղային խնդիրներին, ապա էլեկտրաէներգիան դեռեւս մատակարարւում է գրաֆիկով՝ օրը մի քանի ժամով, ցուրտ է, ունեն ջեռուցման խնդիր, բայց աստիճանաբար ակտիւութիւն է նկատւում, մարդիկ իրենց խանութներն ու գրասենեակները սկսում են բացել։