Գլենդէլում տօնել են Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան հիմնադրման 80-ամեակը
Սոյն թւականի ապրիլի 13-ի երեկոյեան Գլենդէլ քաղաքի Հ.Մ.Ը.Մ. «Արարատ» միութեան յարկի ներքոյ շուքով նշւել է Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան 80-ամեակը, որպէս շարունակութիւն՝ նոյն 2023-ի դեկտեմբերի 15-ին Թեհրանում տեղի ունեցած կենտրոնական ձեռնարկի։ Հակառակ եղանակի անբարենպաստ պայմաններին՝ ծրագիրը բուռն ընդառաջում գտաւ ԱՄՆ-ում հաստատւած միութեան տարբեր սերունդների նախկին անդամների կողմից, ովքեր ներկայացել էին նշելու իրենց հարազատ միութեան 80-ամեակը եւ ինչու չէ նաեւ հանդիպելու հին ընկերներին ու միութենականներին։
Ծրագիրը նւիրւած էր Թեհրանի հայկական ամենահին միութիւններից մէկին, որը հիմնադրւել է Երկրորդ Աշխարհամարտի ընթացքում՝ երբ Իրանը եւս յայտնւել էր պատերազմող կողմերի թատերաբեմում։ Այդ ժամանակ, բժշկա-գիտական ոլորտի 24 հայ երիտասարդ ուսանողներ ու շրջանաւարտներ, գիւղական շրջաններից Թեհրան տեղափոխւած հայերին բժշկական օգնութիւններ մատուցելու նպատակով համախմբեցին ուժերն ու կամքը, եւ 1943 թւականին հիմնադրեցին Հայ Համալսարանականների միութիւնն ու հաստատեցին մի բուժօգնութեան կենտրոն եւս՝ որը հետագային անկախացաւ եւ վերանւանւեց «Աւետիսեան» ազգային բուժարան։ Տարիներ անց՝ միութեանն են անդամակցում այլ ճիւղերի, ի մասնաւորի ճարտարագիտութեան բնագաւառի ուսանողներն ու շրջանաւարտները։ Հիմնադրման օրից մինչ այժմ միութիւնն ունեցել է շուրջ 50 վարչութեան շրջան եւ շուրջ 3000 ուսանող եւ շրջանաւարտ անդամներ։
Միջոցառումը մեկնարկեց 80-ամեակի կազմակերպիչ յանձնախմբի բացման խօսքով, որն ընթերցւեց ծրագրի վարիչ՝ դոկտ. Արազ Խոդաբախշեանի միջոցով։ Ապա ներկայները ոտնկայս ունկնդրեցին Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան հիմնը, որի խօսքերի հեղինակն էր միութեան երբեմնի նախագահ դոկտ. Օննիկ Սահակեանը, իսկ երաժշտութեան հեղինակը՝ Տիգրան Սուքիասեանը։
Այնուհետեւ ցուցադրւեց միջոցառման համար յատուկ պատրաստւած մի տեսանիւթ՝ որը ներկայացնում էր միութեան ներկայիս աշխատանքներն ու վարչութեան եւ այլ անդամների 80-ամեակի կապակցութեամբ շնորհաւորական ուղերձները: Ցուցադրւեց Հ.Հ.Ը.Մ.-ի պատմական անցեալի մասին պատմող վաւերագրական ֆիլմից հատւածներ, որոնք ներկայացնում էին ամփոփ տեղեկութիւններ՝ միութեան հիմնադրման, տարածքի ու շէնքի, բաժանմունքների կազմաւորման, ինչպէս նաեւ համայնքային, հրատարակչական, մշակութային, գիտական, ուսուցողական, եւ մարզական աշխատանքների մասին։
Ապա բեմ հրաւիրւեցին միութեան տարբեր շրջանների վարչութեան անդամներն օրւայ առթիւ արտայայտւելու: Ելոյթները տեղի ունեցան հետեւեալ կարգով. Զարեհ Աճեմեան, ճրտգ. Էդւարդ Բաբախանեան, ճրտգ. Վրէժ Աղաջանեան, Ռոմէլ Սուլթանեան, Հրաչիկ Միրզայեան, եւ ճրտգ. Ռայմոնդ Խաչատրեան։
Բոլոր բանախօսները բարձր գնահատեցին միութեան կարեւոր դերն ու առաքելութիւնը իրանահայ համայնքում, անդրադառնալով հաստատութեան մատուցած բազում ծառայութիւններին՝ բժշկական, հրատարակչական, գիտական, համալսարանական, մշակութային, ուսուցողական, եւ յատկապէս ընկերական ու այլ ոլորտներում։ Նրանք նաեւ հանդիսատեսի հետ կիսւեցին տպաւորութիւններով ու խոհերով՝ կապւած իրենց կատարած աշխատանքներին ու ներկայ պայմաններին, ու պատմեցին հետաքրքրական յուշեր՝ միութենական կեանքից։
Ձեռնարկի յաջորդ բաժնում, իրենց ցուցաբերած նւիրական աշխատանքի համար՝ պատւոգրով գնահատւեցին ճրտգ. Սերժիկ Ասատրեանը, Հրաչիկ Միրզայեանը, ճրտգ. Միհրան Փիրումեանը, Զարեհ Աճեմեանը եւ ճրտգ. Օֆիկ Ղահրամանեանը։
Իսկ միջոցառման ամենաուշագրաւ դրւագը միութեան հիմնադիր սերնդի միակ ներկայացուցիչը՝ 104-ամեայ դոկտ. Ալֆրէդ Դանիէլեանի մասնակցութիւնն էր, ով գնահատւեց ՀՀԸՄ-ի վարչութեան պատրաստած պղնձեայ յուշանւէրի ու գնահատագրի յանձնմամբ։
Դոկտ. Դանիէլեանը ծնւել է 1920 թ. Իրանի Շահռուդ քաղաքում: Նա Թեհրանի Պետական համալսարանի բժշկա-գիտական ֆակուլտետի շրջանաւարտ է՝ մասնագիտանալով ախտաբանութեան ուղղութեամբ։ Ապա հիմնել է իր սեփական բժշկական տարրալուծարանը եւ աշխատել աւելի քան 45 տարիներ: Թեհրանի նորակազմ սիմֆոնիկ նւագախմբի կազմում ելոյթներ է ունեցել որպէս ջութակահար, եղել է «Հայ մշակոյթի բարեկամների Գարուն ակումբ»-ի հիմնադիրներից, եւ տարիներ վարել է վարչութեան նախագահի պաշտօնը: Դոկտ. Դանիէլեանը նաեւ զբաղւել է գրական-ստեղծագործական աշխատանքներով եւ բազմաթիւ յօդւածներ է հրատարակել իրանահայ մամուլում: 1990-1994 թւականներին եղել է Իրանահայ Գրողների միութեան նախագահը եւ իր մեկենասութեամբ տպագրել մի քանի արժէքաւոր գրքեր: 1997-ին տեղափոխւել է ԱՄՆ եւ հաստատւել Լոս Անջելէսում, որտեղ ապրում էին իր զաւակները:
Ծրագիրը նաեւ համեմւած էր պարային գեղարւեստական ելոյթներով, որին իր մասնակցութիւնն էին բերել «Լիլիա» պարախմբի հայ սաների ղեկավարութեամբ՝ Լիլիա Մարգարեանի:
Նշելի է, որ հանդիսասրահում նաեւ կազմակերպւել էր հին ու նոր լուսանկարների եւ միութեան որոշ հրատարակութիւնների ցուցահանդէս։
Միջոցառման պաշտօնական բաժնի աւարտին կազմակերպիչ յանձնախմբի, հիմնադիր անդամ դոկտ. Ալֆրեդ Դանիէլեանի եւ նախկին նախագահների ձեռամբ կիտրւեց 80-ամեակի առիթով պատրաստւած տորթը:
Վերջում պատրաստւել էր համեստ հիւրասիրութիւն եւ ուրախ ժամանց՝ որի ընթացքում կարօտած ընկերներն առիթն ունեցան ժամանակ անցկացնել ջերմ ու հարազատ մթնոլորտում։
Յոբելեանական այս ձեռնարկը արդիւնքն էր ՀՀԸՄ-ի նախկին անդամներից կազմւած 80-ամեակի կազմակերպիչ յանձնախմբի վերջին քանի ամիսների սեղմ աշխատանքների, որոնք կատարւել են միութեան վարչութեան հետ համադրաբար եւ նրանց հովանաւորութեամբ։ Կազմակերպիչ յանձնախմբի անդամներն էին Ճարտարագէտներ՝ Արթին Բարսեղեանը, Ալենուշ Զոմոռոդեանը, Օֆիկ Ղահրամանեանը, Ռազմիկ Մարկոսեանը, Ճարտարապետ՝ Արմէն Նաջարեանը, արւեստագիտուհի՝ Լուսինէ Թարվերդեանը, դոկտորներ՝ Էլիպս Մասեհեանը եւ Ռամին Փիշեւարը։ Բացի նշեալ ձեռնարկից, յանձնախումբը կատարել է հետեւեալ աշխատանքները՝ միութեան հետ կապւած հին նիւթերի եւ նկարների հաւաքագրում, 80-ամեակին նւիրւած էջի ստեղծում Facebook-ում եւ բովանդակութեան ապահովում, հին անդամների ցանկի վերակազմում, AABC.TV հեռուստաալիքում միութեան 80-ամեակին նւիրւած հաղորդում՝ դոկտ. Էլիպս Մասեհեանի եւ Լիա Խաչիկեանի մասնակցութեամբ, ինչը տեղի ունեցաւ Վրէժ Աղաջանեանի զրուցավարութեամբ, 80-ամեակի կրծքանշանի եւ գնահատագրերի պատրաստում, եւ այլն։
Յանձնախումբը իր խորին շնորհակալութիւնն է յայտնում Հ.Մ.Ը.Մ. «Արարատ» միութեան վարչութեանը՝ սրահի եւ յարակից յարմարութիւնների տրամադրման համար, «Լիլիա» պարախմբին՝ իրենց հեզաճկուն ներկայացման համար, դոկտ. Արազ Խոդաբախշեանին՝ ծրագիրը լաւապէս վարելու համար, արւեստագիտուհի Լիա Խաչիկեանին՝ միութեան պատմութիւնը ուսումնասիրելու համար, ճարտարագէտներ Նարեկ Յարութիւնեանին, Ռուբէն Օշեանին եւ Վանէ Պետրոսեանին՝ տեխնիկական օժանդակութեան համար, ու նաեւ բոլոր միութենականներին, ովքեր իրենց նիւթական ու բարոյական աջակցութեամբ եւ ներկայութեամբ հնարաւոր դարձրին Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան 80-ամեայ յոբելեանին նւիրւած միջոցառման յաւուր պատշաճի կազմակերպումը։
Թղթակցութիւնը՝
Դոկտ. Էլիպս Մասեհեանի