Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակի ոգեկոչման միջոցառումների շրջանակում Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի եւ «Հայ կին» միութեան կից՝ «Անահիտ» միութեան համագործակցութեամբ ուրբաթ, ապրիլի 26-ին, կազմակերպւել էր միասնական գեղարւեստական յայտագրով յագեցած ծրագիր Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում: Միութեան բակում ժողովուրդը նախ խնկարկում էր Բիւրաւոր նահատակների յիշատակին, ապա մուտք գործում սրահ:
Հայաստանի ու Արցախի պետական օրհներգերով մեկնարկած միջոցառմանը, դահլիճ մուտք գործեցին միութեան սկաուտները եւ կատարւեց երդման արարողութիւն:
Միջոցառման բացման խօսքով հանդէս եկաւ Ֆրէդ Աշուղեանը: Իր ելոյթի ընթացքում անդրադառնալով հայաշխարհի դէմ ծառացած այսօրւայ մարտահրաւէրներին, նշեց, որ հայ ժողովրդի պատմութեան մէջ առաջին անգամը լինելով հայաթափւեց Արցախը, իսկ այսօր նմանօրինակ ճակատագրի է մատնւում Տաւուշը, իսկ վաղը հայրենի աշխարհի այլ վայրերը եւ նշեց, որ սա թուրքի, կամ հայախօս թուրքի ձեռագիրն է:
Ապա ասմունքով հանդէս եկաւ օրւայ հաղորդավար Լորետա Ղեւոնդեանը, որից յետոյ ցուցադրւեց ՀՀ Տաւուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ արք. Գալստանեանի եւ Արցախի Հանրապետութեան մշակոյթի, կրթութեան, գիտութեան, սպորտի փոխնախարար եւ Արցախի Թեմական խորհրդի նախագահ Լեռնիկ Յովհաննիսեանի կողմից իրանահայութեանը յղւած պատգամները:
Միջոցառման գեղարւեստական յայտագրում ասմունքային կատարումով հանդէս եկաւ Արփի Ալավերդեանը, բեմականացւած ձեւաչափով ներկայացնելով Վահագն Դաւթեանի «Ռեքւիէմ»-ից հատւածներ, որը զուգորդւած էր Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Նայիրի» պարախմբի կատարումներով եւ երաժշտութեամբ, նաեւ Հայաստան աշխարհից պատկերների ցուցադրմամբ, որին վերջում միացաւ երաժիշտ Էդիկ Թամրազեանը մեներգելով իր մշակած երգը: Միջոցառման գեղարւեստական յայտագիրը շարունակւեց «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան «Զւարթնոց» երգչախմբի կատրումներով եւ մեներգիչների մեներգերով ու ասմունքներով խմբավար՝ Էդիկ Թամրազեան:
Ապա հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան վարչութեան նախագահ Սերոժ Օհանեանը: Իր ելոյթի ընթացքում Սերոժ Օհանեանը ընդգծելով Հայոց Ցեղասպանութեան Սրբադասւած նահատակների արդար դատի իրականացման անհրաժեշտութեանը նշեց, որ այսօր հայ ազգի թշնամիները մտադիր են փոխել մեր ինքնութիւնը, կասկած առաջացնել մեր հաւատամքների մէջ, մեր եկեղեցու նկատմամբ, մեր ամեակների ու մեր հերոսների նկատմամբ:
Նա նշեց. «Մեր այդ էութիւնը փոխւելով, լինելու ենք անողնաշար, անարմատ ժողովուրդ: Ուստի ահնրաժեշտ է կանխել այս ընթացքը»:
Եզրափակիչ խօսքի համար Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան վարչութեան նախագահը ամբիոնի մօտ հրաւիրեց Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանին:
Հայր Սուրբը, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը փոխանցելով, իր ելոյթի ընթացքում ընդգծեց, որ գնահատում է, կազմակերպւած միջոցառումը, որպէս մշակութային պայքար: Նա նշեց. «Աշխարհի պատմութեան մէջ ինչ մեծ պայքար, որը փոխել է աշխարհի պատմութիւնը սկսել է մշակոյթից: Մենք այստեղ պայքարում ենք մշակոյթով եւ ըստ Շեքսպիերի՝ «Այն ազգը, որը մշակոյթ ունի չի մեռնելու»: Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակի այս միջոցառմամբ, մենք մեր զոհերին ասում ենք, որ դուք՝ մշակոյթ, լեզու ու գրականութիւն պահող ունէք, ուրեմն դուք մեռած չէք, հայ ժողովուրդը մեռած չէ եւ տակաւին պէտք է ապրենք ու գոյատեւենք եւ ինչ որ ժխտական երեւոյթներ կան մեր կեանքում, դրանք պէտք է շտկենք մեր միասնականութեամբ եւ արդարութեան պահանջով»:
Ձեռնարկին ներկայ էին՝ «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, 109-ամեակի Կենտրոնական յանձնախմբի նախագահ Արա Գալստեանը եւ անդամներ, Թ. Հ. Թ. Թեմական եւ Կրթական խորհուրդների, ազգային մարմինների, միութիւնների, դպրոցնեի ներկայացուցիչներ, քահանայ հայրեր եւ մեծ թւով հայրենակիցներ:
Թղթակցութիւնը կազմեց՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ