ՀամայնքՆոր Ջուղա

Առաջին զանգի ղօղանջով մեկնարկեց Նոր Ջուղայի հայոց ազգայի դպրոցների աշխատանքը՝ 2025-2026 ուսումնական տարեշրջանի համար

Երեքշաբթի՝ սեպտեմբերի 23-ի առաւօտեան ժամը 8:00-ին, Նոր Ջուղայի հայոց ազգային «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցներում ղօղանջեց դպրոցական առաջին զանգը, որով մեկնարկեց 2025-2026 ուսումնական տարեշրջանը:

Դպրոցի բակում համախմբւել էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան արք. Քէչէճեանը, Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, զոյգ դպրոցների անձնակազմերը, սաներն ու ծնողները:

Սկզբում ողջոյնի եւ բացման խօսքով հանդէս եկաւ «Արմէն» տարրական դպրոցի տնօրէն Սքարլետ Հայրապետեանը, ով շնորհաւորելով առիթի կապակցութեամբ, կարեւորեց գիտութեան աշխարհի նորութիւններին համընթաց քայլելու համար անհրաժեշտ հնարաւորութիւնների ստեղծումը եւ ասաց, որ հայոց ազգային դպրոցների պատասխանատուները ջանք չենք խնայելու՝ գիտութեան  աշխարհի դռները սաների առջեւ բացելու գործում, սակայն, աշակերտները եւս իրենց հերթին պէտք է լինեն աննահանջ,  պայքարունակ, չկոտրւող ու ջանասէր:

Այնուհետեւ օրւայ առթիւ ելոյթ ունեցան «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի տնօրէն Անահիտ Սարհադեանն ու թեմի Կրթական խորհրդի փոխատենապետ Սաթօ Աւետումեանը:

Տկն. Սարհադեանն առանձնաբար շնորհաւորանքի խօսք ուղղելով դպրոցականներին ու անձնակազմին, նշեց, թէ դպրոցը այն կարեւոր կենտրոնն է, որտեղ աշակերտը դառնում է առաւել խելացի ու գիտակից եւ ի մասնաւորի յանձնառու ու պատասխանատու թէ՛ որպէս անհատ, եւ թէ՛ որպէս համայնքի ու ազգի մի մասնիկ: Նա Վերջում սաներին մաղթեց բուռն յաջողութիւններ՝ կեանքի բոլոր ասպարէզներում:

Տկն. Աւետումեանը ընդգծեց. «Այս ուսումնական տարեշրջանին դարձեալ բոլորս՝ սկսած աշակերտներից մինչեւ ուսուցչական ու պատասխանատու կազմերը, համագործակցութեամբ մեր սրտցաւ ծնողների, պէտք է զինւենք՝ կամքի ուժով, կարգապահութեամբ, հետեւողականութեամբ, համբերութեամբ, ընկերասիրութեամբ, ճկունութեամբ, յարգանքով եւ համագործակցութեամբ, որպէսզի միասնաբար հասնենք մէկ վեհ նպատակի՝ ունենալու որակեալ եւ յաջողակ դպրոց, որտեղ սովորում է մտաւոր ու ֆիզիկապէս առողջ հայ աշակերտը»:

Շարունակութեան մէջ ներկաներին իր խօսքն ուղղեց դոկտ. Մանսուրեանը, ով անդրադառնալով ամիսներ առաջ երկրում տիրող պատերազմական վիճակին, այն որակեց գիտութեան ու տեխնոլոգիայի պատերազմ եւ ընդգծեց, որ արագ զարգացող այս աշխարհում առաջադիմութիւն արձանագրելու համար անհրաժեշտ են թէ՛ գիտութիւն ու կրթութիւն, եւ թէ՛ ֆիզիկական ուժ, որոնց երկուսի զարգացման առաջին քայլերը կարելի է վերցնել հէնց դպրոցներում: Նա յորդորեց լինել պիտանի անհատներ նախ սեփական ընտանիքի, ապա ժողովրդի համար:

Բացման հանդիսութեան ծրագիրն աւարտւեց Սրբազան Հօր հայրական պատգամով, որտեղ նա մատաղ սերնդին գիտակից սերունդ անւանելով, աւելացրեց, որ ազգային մարմինների հովանաւորութիւնը վայելող Նոր Ջուղայի դպրոցները լաւագոյն հնարաւորութիւնն են ընձեռում աշակերտներին՝ կրթւելու եւ դաստիարակւելու համար: Նա կոչ արեց ոչ միայն պահել ու պահպանել ստացածը, այլ նաեւ բարելաւել ու բարգաւաճել այն՝ ապագայ սերունդներին փոխանցելու համար:

Վերջում Սրբազան Հօր գլխաւորութեամբ արտասանւած միասնական աղօթքով, ապա առաջին զանգի ղօղանջով, աշակերտները շտապեցին դասարան:

Տ. Սիփան արք. Քէչէճեանը խորհրդարանի պատգամաւորի եւ ազգային մարմինների պատւիրակութեան ընկերակցութեամբ այցելեց երկու դասարաններ՝ տարրական եւ միջնակարգ բաժիններից, որտեղ օրւան պատշաճ մաղթանքներ փոխանցւեցին սաներին:

Պատւիրակութիւնը ներկայ գտնւեց նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարանում, ուր սաների եւ նրանց ծնողների ներկայութեամբ նախ արտայայտւեց տնօրէնուհի Արփինէ Յովսէփեանը, ապա Սրբազան Հայրը:

Տկն. Յովսէփեանը ներկայացրեց անձնակազմին, մանկական պայծառ ու խանդավառ աշխարհ մաղթեց փոքրիկներին եւ հանդէս եկաւ օրւայ առթիւ շնորհաւորանքի խօսքով,  իսկ Սրբազան Հայրը փոքրիկների հետ շփւելով՝ նրանց փոխանցեց յաջողութեան մաղթանքներ եւ իհարկէ անհոգ մանկութիւն:

Աւանդոյթի համաձայն այստեղ նոյնպէս ծրագիրն աւարտւեց աղօթքով, առաջին զանգով:

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button