Մայր Աթոռը պահանջում է անյապաղ դադարեցնել Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրեանի եւ ազատազրկւած մնացեալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները

«ԱԼԻՔ» – «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստօրէն դատապարտում է դեկտեմբերի 4-ին մտացածին ու անհիմն մեղադրանքներով Մայր Աթոռի դիւանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրեանի ձերբակալումը եւ նրա նկատմամբ դատարանի կողմից կիրառւած կալանաւորումը»։ Այս մասին նշւած է Մայր Աթոռի տարածած յայտարարութեան մէջ:
«Սոյն գործողութիւնն արտայայտութիւնն է Եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում սանձազերծւած բռնաճնշումների եւ շարունակութիւնը հոգեւորականների նկատմամբ քաղաքական հետապնդման գործընթացի: Բարձրաստիճան հոգեւորականներին շինծու մեղադրանքներով կալանաւորելը իշխանութեան եկեղեցահալած քաղաքականութեան եւ եկեղեցականների դէմ ատելութեան խօսքի հերթական դրսեւորումն է։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անյապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրեանի եւ ազատազրկւած մնացեալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները եւ վերականգնել նրանց խախտւած իրաւունքները»,- նշւած է յայտարութեան մէջ:
Նշենք, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիւանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրեանը ձերբակալւել է դեկտեմբերի 4-ին:
«Արշակ Սրբազանին մեղադրում են, թէ իբր վերջինս 2018-ին Վեհափառի դէմ ակցիա իրականացնողներից մէկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել:
Աւելի անհեթեթ բան չէինք լսել»,-գրել էր փաստաբան Արսէն Բաբայեանը։
Իսկ երէկ՝ դեկտեմբերի 5-ին, դատարանը բաւարարել է քննիչի միջնորդութիւնը եւ Արշակ Սրբազանի նկատմամբ կիրառել է երկամսեայ կալանք: Դատական նիստը նախագահել է դատաւոր Մասիս Մելքոնեանը, ով յայտնի է որպէս գործող իշխանութիւնների կամակատարը եւ վարում է քաղաքական նշանակութեան դատերը:



