Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Սոցինտերնն ընդունել է Արցախի վերաբերեալ բանաձեւ

Նոյեմբերի 28-ից 30-ը Մալթայում, իշխող Partit Laburista կուսակցութեան հիւրընկալմամբ, Սոցիալիստ ինտերնացիոնալի (Ընկերվար միջազգայնական) խորհուրդը գումարել է խորհրդի նիստեր։ Նախքան խորհրդի նիստը, կազմակերպութեան մի շարք կոմիտէներ, ինչպէս նաեւ նախագահութիւնն անցկացրել են ժողովներ։

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ներկայացնող Մարիօ Նալբանդեանը մասնակցել է խորհրդի եւ կազմակերպութեան ֆինանսական եւ վարչական կոմիտէի նիստերին եւ, որպէս Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ, Նախագահութեան նիստին եւ պաշտօնական ընթրիքին։

Համաժողովին մասնակցում էին տարբեր երկրների վարչապետեր եւ բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թւում՝ Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբէլան, ինչպէս նաեւ Իսպանիայի վարչապետ եւ Սոցիալիստական ինտերնացիոնալի նախագահ Պեդրօ Սանչէսը։ Քննարկումների առանցքային օրակարգը յառաջացած մարտահրաւէրների խորապատկերին գլոբալ զարգացումներում կայունութիւն եւ խաղաղութիւն խթանելու Սոցիալիստական ինտերնացիոնալի դերակատարման հարցն էր։

Ելոյթ ունենալով խորհրդի նիստում՝ ՀՅԴ ներկայացուցիչ Մարիօ Նալբանդեանը, մասնաւորապէս, ասել է. «Երկու շաբաթ առաջ Սոցինտերնի գլխաւոր համակարգողից ստացել էի հրաւէր՝ հանդէս գալու մարդու իրաւունքների մասին ելոյթով։ Մեզ համար յստակ է՝ այս դարաշրջանը լեցուն է անորոշութիւններով եւ նոր մարտահրաւէրներով։ Բազմամշակութայնութիւնը դարձել է թիրախ, Միաւորւած Ազգերի Կազմակերպութիւնը ենթարկւում է շարունակական եւ ծրագրւած յարձակումների, եւ Միացեալ Նահանգները որոշել է նւազեցնել իր ֆինանսական մասնակցութիւնը եւ վճարել ուշացումներով՝ առաջացնելով լուրջ ու տխուր հետեւանքներ, եւ սա իհարկէ միակ դէպքը չէ։

Յատկապէս ՄԱԿ-ի մարդու իրաւունքների խորհուրդը դարձել է այս յարձակումների հիմնական թիրախը, եւ սա պատահական չէ։ Երբ միջազգային հանրութիւնը սպասում էր եւ յայտարարում, որ 21-րդ դարը պէտք է լինի առանց ցեղասպանութիւնների դարաշրջան, 2023 թւականին ցեղասպանութիւնների կանխարգելման ՄԱԿ-ի յատուկ զեկուցաբեր Ալիս Նդերիտուն յայտարարեց՝ ցեղասպանութիւնների ընթացքը շարունակւում է Մեանմարում, Սուդանում, եթովպիայում, Արցախում, Գազայում եւ Իսրայէլում։ Մինչ այժմ ոչ մի մեղաւոր պատասխանատւութիւն չի կրել։

Մարդու իրաւունքների մասին խօսելիս, պէտք է նաեւ յիշատակեմ անթոյլատրելի եւ կեղծ «Բաքւի դատավարութիւնները», որոնք տեղի են ունենում հայ ռազմագերիների եւ պատանդների դէմ՝ առանց միջազգային օրէնքների նւազագոյն երաշխիքների, առանց միջազգային դիտորդների եւ անկախ մամուլի ներկայութեան՝ անտեսելով Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումները, Եւրախորհրդարանի բանաձեւերը եւ բազմաթիւ մասնագէտների գնահատականները, ինչը վկայում է, որ ուժը գերազանցում է օրէնքին։ Այսօր Բաքւում դատւում են 23 հայեր՝ ներառեալ մեր սիրելի ընկեր ու կուսակցութեան ղեկավարներից Դաւիթ Իշխանեանը։ Յամենայն դէպս, կան նաեւ այլ անձինք, որոնց ճակատագիրը մինչ այժմ բացայայտւած չէ։

Այսօր նրանց եւ ցեղասպանութեան ենթարկւած բոլոր ժողովուրդների մասին յիշելով՝ դարձնում ենք նրանց պայքարը տեսանելի եւ յիշեցնում աշխարհին՝ նրանց հարցը դեռ կենդանի է եւ սպասում է արդարութեան»։

Նոյեմբերի 30-ին Սոցիալիստական ինտերնացիոնալը ընդունել է մի քանի բանաձեւեր, որոնցից մէկը՝ «Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ իրավիճակի մասին»։

Բանաձեւում ասւում է.

«Սոցիալիստական ինտերնացիոնալը հաստատում է՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղութիւն ապահովելու համար պէտք է հաշւի առնւեն մի շարք կարեւոր չափորոշիչներ։ Պատերազմական միջոցներով իրավիճակը չի կարող կարգաւորւել, եւ գործընթացը պէտք է յաջողութիւն ունենայ միայն այն դէպքում, երբ այն ներառում է.

Ա. Լեռնային Ղարաբաղից 2020 թւականի պատերազմից յետոյ եւ 2023 թւականի սեպտեմբերի 19-ին բոլոր տեղահանւածների կամաւոր, անվտանգ, արժանապատիւ, անխոչընդոտ ու միջազգայնօրէն երաշխաւորւած վերադարձի ապահովումը։

Բ. Բաքւում գտնւող 23 մնացած հայ գերիների անմիջական ազատ արձակման խթանումը՝ ներառեալ Դաւիթ Իշխանեանի (Սոցիալիստ ինտերնացիոնալի 26-րդ Կոնգրեսի մասնակից, Մադրիդ, 2022)։ Բաքւի ռազմական դատարանում տեղի ունեցող փակ եւ քաղաքական շարժառիթներով դատական ընթացակարգերի թափանցիկութեան ապահովումը միջազգային ստանդարտներին համապատասպանեցումը։

Գ. Լեռնային Ղարաբաղում հայկական կրօնական եւ մշակութային ժառանգութեան ոչնչացման կամ աղաւաղման կարգաւորումը՝ պահպանելով տարածաշրջանի պատմական ժառանգութիւնը։

Սոցիալիստական ինտերնացիոնալը շարունակում է մնալ յանձնառու՝ կառուցողական երկխօսութիւն խթանելու եւ աջակցելու լայնածաւալ, ընդգրկուն ու շարունակական խաղաղութեան, որը հիմնւած է արդարութեան, մարդու իրաւունքների եւ բոլոր ժողովուրդների արժանապատւութեան պահպանման վրայ»։

Յիշեցնենք, որ Սոցիալիստական ինտերնացիոնալը միջազգային կազմակերպութիւն է, որը միաւորում է սոցիալ-դեմոկրատական, սոցիալիստական եւ աշխատաւորական կուսակցութիւններ։ Այն միաւորում է 132 քաղաքական կուսակցութիւններ եւ կազմակերպութիւններ աւելի քան 100 երկրներից՝ բոլոր մայրցամաքներից։ Հ. Յ. Դաշնակցութեան համապատասխան կառոյցները լիիրաւ անդամներ են Սոցիալիստ ինտերնացիոնալ կանանց (SIW) եւ Սոցիալիստ երիտասարդութեան համաշխարհային միութեան (IUSY) մէջ։

ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ

04 դեկտեմբերի 2025 թ.

Related Articles

Back to top button