Հայաստան - ԱրցախՔաղաքական

Փաշինեանը նախընտրեց յարձակւել ընդդիմութեան վրայ իր «լաւ կերակրւած» ոստիկաններով

Հայաստանի կառավարութիւնը երկու տարբերակ ունէր՝ վարչակարգի դէմ ժողովրդական ընդվզումը խաղաղ ճանապարհով լուծելու համար.

1) Վարչապետ Նիկոլ Փաշինեանը կարող էր հրաժարական տալ՝ իշխանութեան ղեկը յանձնելով կոալիցիոն կառավարութեանը, որը վեց ամսւայ ընթացքում նոր խորհրդարանական ընտրութիւններ կանցկացներ եւ կընտրեր նոր վարչապետ.

2) Փաշինեանը կարող էր ընդունել ընդդիմութեան նոր առաջնորդ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանեանի առաջարկը, հանդիպել նրա հետ եւ քննարկել ներկայիս քաղաքական ճգնաժամի բանակցային լուծումը:

Ցաւօք, Փաշինեանը չընտրեց վերոնշեալ տարբերակներից եւ ոչ մէկը: Նա նախընտրեց յարձակւել ընդդիմութեան վրայ՝ իր «լաւ կերակրւած» ոստիկաններով՝ ծեծելով եւ ձերբակալելով մեծ թւով ցուցարարների, ներառեալ լրագրողների եւ նոյնիսկ հոգեւորականների, որոնցից ոմանք հիւանդանոցում են՝ ապաքինւելով ոստիկանութեան կողմից ստացած վնասւածքներից: Վարչապետն ապահովել է ոստիկանների կոյր հաւատարմութիւնը՝ մի քանի անգամ բարձրացնելով նրանց աշխատավարձը եւ մշտական պարգեւավճարներ տալով: Ասում են՝ Հայաստանի քաղաքների փողոցներում աւելի շատ ոստիկաններ կան, քան երկրի սահմանները պաշտպանող զինւորներ։

Սա զարմանալի չէ, քանի որ Փաշինեանը, որպէս ապաշնորհ եւ անփորձ ղեկավար, ձախողել է գրեթէ իւրաքանչիւր որոշում, որ կայացրել է վերջին վեց տարիների ընթացքում: Նա յամառօրէն կառչած է մնացել իր իշխանական աթոռից՝ մահացու հարւած հասցնելով երկրի գոյատեւմանը:

Սկզբում իր իշխանութեան գալը «թաւշեայ յեղափոխութիւն» անւանելուց յետոյ Փաշինեանը արագ անցաւ՝ իր բնորոշմամբ «պողպատէ յեղափոխութեան»։ Անհաւատալի է, որ 2021 թւականի խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ նա նախընտրական քարոզարշաւն անցկացրեց մուրճը ձեռքին՝ խոստանալով ջարդել իր ներքին հակառակորդների գլուխները։ Նա նաեւ սպառնաց նրանց «ծեփել պատերին եւ փռել ասֆալտին»։ Աւելին, Փաշինեանը պարծենում էր, որ ոչ մի դատաւոր չի համարձակւի չկատարել իր հրամանները։ Չնայած վարչապետը պնդում է, որ ինքը ժողովրդավար է, սակայն նրա պահւածքն աւելի շատ նման է բռնապետի։ Փաշինեանը իշխանութեան եկաւ 2018 թւականին՝ փակելով Երեւանի փողոցները, հրամայելով իր հետեւորդներին փակել խորհրդարանի եւ դատարանների մուտքերը, ջարդելով ռադիոտան դռները եւ խախտելով բազմաթիւ այլ օրէնքներ։ Սակայն, երբ այժմ ընդդիմութիւնը խաղաղ քայլում է փողոցներում կամ նոյնիսկ մայթերով, մշտապէս ներկայ  ոստիկանները դաժանօրէն յարձակւում են նրանց վրայ, ծեծում եւ ձերբակալում։

Զարմանալի չէ, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարները մտահոգութիւն են յայտնել Փաշինեանի՝ իշխանութեան ղեկին մնալու վերաբերեալ: Որոշ ադրբեջանցի եւ թուրք վերլուծաբաններ նոյնիսկ առաջարկել են իրենց երկրներին՝ զինւած ուժեր ուղարկել Հայաստան՝ Փաշինեանին պաշտպանելու համար, որպէսզի նա կարողանայ շարունակել զիջումներ անել:

Մէկ այլ ցուցանիշ, որ Փաշինեանն աշխատում է Հայաստանի շահերի դէմ՝ այն աջակցութիւնն է, որ նա ստանում է Արեւմուտքից, քանի որ նա անում է այն ամէնը, ինչ ասում են իրեն, ինչը բխում է նրանց շահերից, սակայն՝ հակասում Հայաստանի ազգային շահերին:

Արեւմտեան երկրները միայն խօսում են Մարդու իրաւունքների մասին, բայց սերտ յարաբերութիւններ պահպանում աշխարհի նոյնիսկ ամենաբռնապետական վարչակարգերի հետ։ Ահա թէ ինչու արեւմտեան որեւէ պետութիւն ոչ մի քննադատական խօսք չի ասել՝ Հայաստանի քաղաքացիների վրայ Փաշինեանի ոստիկանութեան դաժան յարձակումների ընթացքում։

Բարեբախտաբար, մի քանի միջազգային ոչ կառավարական կազմակերպութիւններ դատապարտել են Հայաստանում մարդու իրաւունքների բացակայութիւնը եւ քննադատել ոստիկանութեան դաժանութիւնը։

Մայիսի 28-ին հինգ խոշոր հասարակական կազմակերպութիւններ հանդէս եկան համատեղ յայտարարութեամբ՝ ընդդէմ ցուցարարների «զանգւածային ձերբակալման», «որոշ մասնակիցների նկատմամբ բռնութեան» եւ Հայաստանի խորհրդարանի պատգամաւորի նկատմամբ ֆիզիկական բռնութեան, ինչը Հայաստանի օրէնսդրութեան խախտում է։ Հինգ կազմակերպութիւններն են՝ Հելսինկեան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենեակը, Թրանսփարենսի Ինթերնեշնալ հակակոռուպցիոն կենտրոնը, Իրաւունքների պաշտպանութիւն առանց սահմանների ՀԿ-ն, Իրաւունքի զարգացման եւ պաշտպանութեան հիմնադրամը եւ Ժողովրդավարութեան զարգացման հիմնադրամը։

Համատեղ յայտարարութեան մէջ նրանք ափսոսանք են յայտնել, որ հայ իրաւապահ մարմինների աշխատակիցները «շարունակում են հակաօրինական եւ ոչ համաչափ ուժի կիրառման դէպքերը, ապօրինի բերման ենթարկելու եւ ազատութեան իրաւունքի խախտումները հաւաքների ազատութեան իրաւունքի իրացման ժամանակ։ Ոստիկանութեան կողմից նման մեթոդների կիրառումը երկարամեայ համակարգի ներսում անպատժելիութեան քաղաքականութեան արդիւնք է, որի հետեւանքով բռնի ուժի կիրառումը դարձել է ոստիկանութեան հիմնական գործիքը»։

Համատեղ յայտարարութեան մէջ ասւում է, որ քաղաքացիներն ունեն խաղաղ հաւաքների ազատութիւն եւ իրենց կարծիքն ազատ արտայայտելու իրաւունք՝ «առանց ոստիկանական բռնութեան վախի»։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպութիւնը հանդէս է եկել առանձին յայտարարութեամբ՝ կոչ անելով «դադարեցնել ոստիկանութեան դիտաւորեալ բռնութիւնները լրագրողների նկատմամբ»: Առնւազն հինգ լրագրող թիրախաւորւել է ոստիկանութեան կողմից։

Միացեալ Նահանգների Freedom House-ը նոյնպէս յայտարարութիւն է տարածել, որում ասւում է. «Մենք մտահոգւած ենք Հայաստանում ոստիկանութեան բռնութիւնների մասին ահազանգերի թւի աւելացմամբ։ Կոչ ենք անում Հայաստանի իշխանութիւններին հետաքննել չափից աւելի ուժի եւ անմարդկային վերաբերմունքի այս վարքագիծը եւ աշխատել քաղաքացիական հասարակութեան հետ՝ խթանելու եւ իրականացնելու էական բարեփոխումներ»:

Ամենաամօթալի պահւածքը Փաշինեանի հրամանն էր՝ խոչընդոտելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մուտքը Սարդարապատի յուշահամալիր մայիսի 28-ին՝ Հայաստանի անկախութեան օրը։ Աւելի վատթարացնելով իրավիճակը, վարչապետը ստեց՝ պատասխանելով այն հարցին, թէ ինչու են խոչընդոտել կաթողիկոսին եւ նրան ուղեկցող հոգեւորականներին՝ ծաղկեպսակ դնել յուշահամալիրում, որը հանրային վայր է:

Բոլոր ոստիկաններն ու պետական պաշտօնեաները պէտք է գիտակցեն, որ Փաշինեանի հեռանալուց յետոյ նրանք պատասխանատւութիւն են կրելու իրենց անօրինական եւ հակահայկական գործողութիւնների համար։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւն՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button