Հայաստան - Արցախ

Հանրութիւնը պէտք է տեսնի՝ ովքեր են այդ ոստիկանները

«ԱԼԻՔ» – Իրաւաբան Ռոբերտ Հայրապետեանը ֆէյսբուքեան իր էջում տարածել է մայիսի 28-ին Վեհափառ Հայրեպետի մուտքը Սարադարապատի յուշահամալիր խոչընդոտել փորձող  ՀՀ Ոստիկանութեան ծառայողների լուսանկարները, կից կատարելով գրառում.

«Հանրութիւնը պէտք է տեսնի՝ ովքեր են այդ ոստիկանները 2024 թւականի մայիսի 28-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, մի խումբ միաբանների ուղեկցութեամբ Գայիանեանց տօնի առիթով մատուցւած Ս. Պատարագի եւ Հանրապետական մաղթանքի աւարտից յետոյ այցելել է Սարդարապատի յուշահամալիր՝ Առաջին Հանրապետութեան Մայիսեան հերոսամարտերում նահատակւած քաջարի հայորդիների հոգիների հանգստութեան համար աղօթք բարձրացնելու համար։
Ամենայն Հայոց կաթողիկոսի նման այցերը կրում են աւանդական բնոյթ եւ կազմակերպւում են մշտապէս։

Սարդարապատի յուշահամալիր հասնելուն պէս Ոստիկանութեան տասնեակ ծառայողներ, ստեղծելով արգելքներ, առանց պատճառներ նշելու Ամենայն Հայոց կաթողիկոսին եւ հոգեւոր դասին թոյլ չեն տւել մուտք գործել յուշահամալիրի տարածք ու սահմանափակել են ազատ տեղաշարժը։

Մայր Աթոռի հարցմանն ի պատասխան` ոստիկանութիւնը միայն նախապէս փոխանցել է, որ ՀՀ կառավարութեան ղեկավարի այցը նախատեսւած է 2024 թ. մայիսի 28-ին՝ առաւօտեան ժամը 10-11-ի սահմաններում։ Վստահ լինելով փոխանցւած տեղեկատւութեան ճշգրտութեանը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը Սարդարապատի յուշահամալիր է այցելել մայիսի 28-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում:

Մայր Աթոռը հաշւի է առել նաեւ «Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրէնքը, որն ունի նաեւ կարգաւորումներ Ամենայն Հայոց կաթողիկոսի վերաբերեալ։ Ամենայն Հայոց կաթողիկոսն ունի յատուկ կարգավիճակ։

Սարդարապատի յուշահամալիրի մօտ ոստիկանները Ամենայն Հայոց կաթողիկոսին եւ հոգեւորականներին թոյլ չեն տւել մեքենայով մուտք գործել յուշահամալիրի կայանատեղի։ Վեհափառ Հայրապետն ու միւս հոգեւորականները ստիպւած են եղել ոտքով անցնել նշեալ տարածքը եւ հանդիպել են իրենց տեղաշարժն արգելափակած ոստիկանութեան ծառայողների շարքերի:

Ոստիկանութեան ծառայողներն գրեթէ անմիջապէս սկսել են հրել եւ քաշքշել հոգեւորականներին, բղաւել եւ խոչնդոտել նրանց տեղաշարժը դէպի յուշահամալիր։ Հոգեւորականների նկատմամբ նաեւ գործադրւել է բռնութիւն։ Մասնաւորապէս, քաշքշելու ժամանակ հարւած է հասցւել Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանին, պոկել են նրա պանակեն (Աստւածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշան)՝ քաշքշելով հոգեւոր հայրերին, դրսեւորելով անյարգալից վերաբերմունք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ հոգեւոր հայրերի նկատմամբ։

Հոգեւորականները նկատել են, որ իրենց նկատմամբ ոստիկանութեան արարքները համակարգում էին քաղաքացիական հագուստով անձինք, ովքեր, ինչպէս հետագայում հրապարակւեցին մամուլում, կառավարութեան ղեկավարին ենթակայ Պետական պահպանութեան ծառայութեան աշխատակից են։ Ընդորում, նրանցից մէկն առանձնացել է տեղում ոստիկանութեան նոր ուժեր ներգրաւելու ոստիկանների տւած «յանձնարարականներով»։ Հարց է առաջանում՝ ի՞նչ իրաւասութիւն ունի այս ծառայութեան աշխատակիցը համակարգելու նման անօրինական ու իրաւունքները ոտնահարող արարքներ։

Այսինքն՝ տեղի ունեցածը եղել է գիտակցւած ակտ, որը անմիջապէս արդարացրել են նաեւ կառավարութեան ղեկավարը եւ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կառավարող խմբակցութեան տարբեր պատգամաւորներ՝ տարածելով իրականութեանն ակնյայտ չհամապատասխանող տեղեկութիւններ, թէ Ամենայն Հայոց կաթողիկոսը Սարդարապատի յուշահամալիր է գնացել սադրանքի նպատակով։ Այսինքն՝ ոստիկանութեան եւ Կառավարութեան ղեկավարին ենթակայ Պետական պահպանութեան ծառայութեան աշխատակիցների նկարագրւած անօրինական արարքները ստացել են քաղաքական հովանաւորութիւն։

Խնդրում ենք հանրութեանը, բոլոր այն քաղաքացիներին, որոնք կը ճանաչեն այս լուսանկարնեում նշւած ոստիկաններին, նրանց անուն-ազգանունները հրապարակել: Հանրութիւնը պէտք է տեսնի՝ ովքեր են այդ ոստիկանները»,- գրել է նա:

Related Articles

Back to top button