Ուժայինները ներխուժել են Երեւանում Արցախի ներկայացուցչութիւն
Նրանք առգրաւել են Արցախի նախագահին սպասարկող աւտոմեքենան
«ԱԼԻՔ» – Երէկ՝ յունիսի 21-ին, ՀՀ գործող իշխանութիւնները կրկին աչքի են ընկել Արցախի եւ արցախահայութեան դէմ իրենց նպատակաուղղւած հերթական խայտառակ գործողութիւնով:
Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ ՀՀ ուժային կառոյցների տարբեր ներկայացուցիչներ՝ ԱԱԾ, պարեկներ, դիմակաւորւած անձինք, քննիչներ, ներխուժել են Երեւանում Արցախի Հանրապետութեան ներկայացուցչութիւն՝ առգրաւել են նախագահ Սամուէլ Շահրամանեանին սպասարկող աւտոմեքենան։
Հրապարակւած տեսանիւթերում երեւում է, թէ նրանք ինչպէս են ջարդում ներկայացուցչութեան դարպասները, ներխուժում տարածք եւ առգրաւում աւտոմեքենան:
Յիշեցենք, որ ուժայիններն օրերս եւս փորձել էին առգրաւել աւտոմեքենան, սակայն չէին կարողացել եւ կապարակնքել էին այն:
Բագրատ Սրբազանն իր աւատոմեքենան նւիրեց Արցախի ներկայացուցչութեանը
Վերադառնալով Կիրանցից եւ Ոսկեպարից, Բագրատ Սրբազանն այցելել է Արցախի ներկայացուցչութիւն եւ իր աւտոմեքենան նւիրել է ներկայացուցչութեանը:
«Տեղի ունեցածն անընդունելի է ու դատապարտելի։ Ես ուզում եմ իմ մեքենան նւիրել Ձեզ, մեր ժողովրդի ծառայութեան համար:
Սա յստակ ուղերձ պէտք է լինի այն մարդկանց, ովքեր չնչին, էժան տարբերակով փորձում են որեւէ ձեւ ճնշել»,- Արցախի նախագահ Սամուէլ Շահրամանեանին ասել է Բագրատ Սրբազանը: