Հայ ռազմագերիների պաշտպանութեան հարցով Լիլիթ Գալստեանը դիմել է ՄԻՊ-ին

Օրերս Բաքւի բանտից հնչեց Արցախի Հանրապետութեան ԱԺ նախկին նախագահ Դաւիթ Իշխանեանի հերթական ապտակ-ահազանգը։ ՀՀ իշխանութիւններին՝ մարդասիրական եւ միւս իրաւունքների հարցերով, մինչ այս Բաքւից դիմել են Ռուբէն Վարդանեանն ու Դաւիթ Բաբայեանը։
Բաքւում պահւող հայ ռազմագերիների իրաւունքների ոտնահրումը անսահման է, նրանց խոշտանգումների վերաբերեալ փաստերը բացայայտ են….
Մեր հայրենակիցների, ՀՀ քաղաքացիների պաշտպանութիւնն ու ապահովութիւնը ՀՀ իշխանութիւնների սահմանադրական պարտքն է, Հայաստանի Հանրապետութեան եւ մեր հաւաքական արժանապատւութեան հարցը։
Նրանց պաշտպանութեան հարցերով պաշտօնական նամակով դիմել եմ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Անահիտ Մանասեանին՝ մասնաւորապէս ակնկալելով վերոյիշեալ հարցերի պատասխանները։
1. Մարդասիրական իրաւունքի շրջանակներում Ձեր լիազօրութիւնների տիրոյթում ի՞նչ գործողութիւններ էք իրականացրել մեր հայրենակիցների իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ։
2. Ադրբեջանի Մարդու իրաւունքների պաշտպանին ուղղւած Ձեր գրութեան մէջ ի՞նչ խնդիրներ էք բարձրաձայնել եւ ի՞նչ արձագանք էք ստացել։
3. Մեր հայրենակիցների դատական ակտերը նրանց տրամադրելու եւ վերջիններիս հիմնարար իրաւունքները երաշխաւորելու ուղղութեամբ վերաբերելի քայլեր ձեռնարկելու նպատակով նախատեսու՞մ էք դիմել Ադրբեջանի Մարդու իրաւունքների պաշտպանին։
4. Ադրբեջանում ապօրինի պահւող մեր հայրենակիցների խախտւած իրաւունքների վերականգնման ուղղութեամբ ի՞նչ քայլեր էք ձեռնարկել միջազգային համագործակցութեան շրջանակներում եւ ի՞նչ արդիւնք էք արձանագրել։ Խնդրում եմ ներկայացնել այս ուղղութեամբ Ձեր կողմից նախատեսւող առաջիկայ քայլերը։
Նամակի ողջ տեքստը՝
Յարգելի՛ տիկին Մանասեան,
2020 թ․ Արցախի Հանրապետութեան դէմ սանձազերծւած 44-օրեայ պատերազմից ի վեր Ադրբեջանի Հանրապետութիւնը շարունակում է հակաիրաւական քայլերով, միջազգային իրաւունքի կոպտագոյն խախտումներով գերութեան մէջ պահել մեր հայրենակիցներին։ Նրանցից ստացւած ահազանգերը սահմռկեցուցիչ են եւ վկայում են նրանց նկատմամբ դաժան, անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, կեանքին եւ առողջութեանը սպառնացող այլ վտանգների մասին։
Ադրբեջանական գերութեան մէջ գտնւող Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախկին նախագահ Դաւիթ Իշխանեանը ս. թ. սեպտեմբերի 9-ին ուղերձով դիմել է Ձեզ եւ Ադրբեջանի Մարդու իրաւունքների պաշտպանին՝ ներկայացնելով խիստ մտահոգիչ հանգամանքներ։ Դաւիթ Իշխանեանը յայտնում է, որ չի ստացել Բաքւի ռազմական դատարանի վճիռները, նոյնիսկ՝ ադրբեջաներէն տարբերակը, եւ որեւէ կայքէջում դրանք չեն հրապարակւել։
«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ եւ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ» 1950 Թ․ ԿՈՆՒԵՆՑԻԱՅԻ 6-րդ յօդւածի 1-ին մասի համաձայն. «Իւրաքանչիւր ոք, երբ որոշւում են նրա քաղաքացիական իրաւունքներն ու պարտականութիւնները կամ նրան ներկայացւած ցանկացած քրէական մեղադրանքի առնչութեամբ, ունի օրէնքի հիման վրայ ստեղծւած անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկէտում արդարացի եւ հրապարակային դատաքննութեան իրաւունք»։
Նոյն կոնւենցիայի 3-րդ յօդւածը ամրագրում է. «Ոչ ոք չպէտք է ենթարկւի խոշտանգումների կամ անմարդկային կամ նւաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։
2025 թ․ օգոստոսի 22-ից ո՛չ Դաւիթ Իշխանեանը, ո՛չ միւս ռազմագերիները չեն կարողանում լիազօրագիր տրամադրել իրենց վստահւած անձին Հայաստանի Հանրապետութիւնում, որպէսզի վերջինս իրենց շահերը կարողանայ պաշտպանել Հայաստանում եւ արտերկրում։ Նա նաեւ նշում է, որ դեռեւս այս տարւայ մայիսի 6-ին դիմել է Ձեզ, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։
ՌՈՒԲԷՆ ՎԱՐԴԱՆԵԱՆԸ ս. թ. ապրիլի 21-ի ուղերձում խնդրել է դիտարկել իր կնոջ՝ ՎԵՐՈՆԻԿԱ ԶՈՆԱԲԵՆԴԻ, միւս հայ ռազմագերիների հարազատների եւ Ձեր՝ Բաքու այցելելու հնարաւորութիւնը։
Ադրբեջանում ընթացող ապօրինի դատավարութիւնների վերաբերեալ իր մտահոգութիւնն է յայտնել նաեւ Դաւիթ Բաբայեանը ս. թ. օգոստոսի 19-ին։
ՄԱԿ-ի Խոշտանգումների դէմ կոմիտէն Ադրբեջանի վերաբերեալ իր 2024 թ. զեկոյցում ընդգծել է իր մտահոգութիւնը հայ ռազմագերիների խոշտանգումների մասին։
ԱՄՆ միջազգային կրօնական ազատութիւնների յանձնաժողովն իր 2026 թ. տարեկան զեկոյցում նշել է, որ հայ քրիստոնեայ գերիները ենթարկւել են ծեծի եւ հոգեբանական բռնութեան, զրկւել են բժշկական օգնութիւնից եւ պատշաճ սննդից, նրանց մերժւել է Աստւածաշնչերի տրամադրումը, իսկ խաչի դաջւածքները հեռացւել են այրելու միջոցով։
Հարկ է նշել, որ «ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՒԵԼԱԿԵՐՊԻ ՄԱՍԻՆ» 1949 թ․ օգոստոսի 12-ի Ժնեւի կոնւենցիայի 118-րդ յօդւածի համաձայն. «Ռազմագերիներն ազատւում եւ հայրենադարձւում են անմիջապէս ակտիւ ռազմական գործողութիւնները դադարեցւելուց յետոյ»։
«ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնեւի կոնւենցիայի 133-րդ յօդւածի 1-ին մասը նաեւ սահմանում է. «Ներկալումը պէտք է դադարի որքան հնարաւոր է շուտ՝ ռազմական գործողութիւնների աւարտից յետոյ»։
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ 191-ՐԴ ՅՕԴՒԱԾԻ 1-ին մասի համաձայն. «Մարդու իրաւունքների պաշտպանն անկախ պաշտօնատար անձ է, որը ի թիւս այլնի՝ նպաստում է խախտւած իրաւունքների եւ ազատութիւնների վերականգնմանը»։
ՄԱԿ-Ի ԳԱ ՓԱՐԻԶԵԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ եւս սահմանում են կարգաւորումներ, որոնք իրենց բովանդակութեամբ, ըստ էութեան, հումանիստական են՝ միտւած քաղաքացիների իրաւունքների պաշտպանութեանը։
Ելնելով այն իրողութիւնից, որ երբ պետութիւնների միջեւ համագործակցութեան միւս ուղիները փակւած են, Մարդու իրաւունքների մոնիտորինգի իրականացման համար կարեւոր եւ վճռորոշ գործիք է հանդիսանում ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԵՒՐՈՊԱԿԱՆ ՑԱՆՑԻ (ENNHRI) միջեւ համագործակցութիւնը։ Սա հնարաւորութիւն է տալիս Մարդու իրաւունքների ազգային հաստատութիւններին (ՄԻԱՀ) բարձրացնելու մարդու իրաւունքների ստանդարտների պահպանման վերաբերեալ մտահոգութիւնները մէկ այլ պետութեան գործողութիւնների մասին՝ ուղղակիօրէն դիմելով այդ պետութեան իր գործընկերոջը։
Յաւելենք նաեւ, որ Եւրոպական համատեքստում առկայ են հակամարտութեան երկու կողմերում գործող ՄԻԱՀ-ների միջեւ դրական համագործակցութեան օրինակներ, այդ թւում՝ բանտարկեալների փոխանակման, անազատութեան մէջ գտնւող վայրերի մոնիտորինգի, անհատական գործերի շուրջ փոխանակումների, մարդու իրաւունքների ոլորտում վերապատրաստումների կամ հաշւետւութիւնների ներկայացման ուղղութեամբ։
Հաշւի առնելով վերոգրեալը, խոշտանգումների վերաբերեալ բացայայտ փաստերը, մեր հայրենակիցների ահազանգերը, ինչպէս նաեւ հանրային իշխանութեան պարտականութիւնը քաղաքացու հիմնական իրաւունքների եւ ազատութիւնների յարգումն ու պաշտպանութիւնը ապահովելու տեսանկիւնից՝ խնդրում եմ պատասխանել հետեւեալ հարցերին.
1. Մարդասիրական իրաւունքի շրջանակներում Ձեր լիազօրութիւնների տիրոյթում ի՞նչ գործողութիւններ էք իրականացրել մեր հայրենակիցների իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ։
2. Ադրբեջանի Մարդու իրաւունքների պաշտպանին ուղղւած Ձեր գրութեան մէջ ի՞նչ խնդիրներ էք բարձրաձայնել եւ ի՞նչ արձագանք էք ստացել։
3. Մեր հայրենակիցների դատական ակտերը նրանց տրամադրելու եւ վերջիններիս հիմնարար իրաւունքները երաշխաւորելու ուղղութեամբ վերաբերելի քայլեր ձեռնարկելու նպատակով նախատեսո՞ւմ էք դիմել Ադրբեջանի Մարդու իրաւունքների պաշտպանին։
4. Ադրբեջանում ապօրինի պահւող մեր հայրենակիցների խախտւած իրաւունքների վերականգնման ուղղութեամբ ի՞նչ քայլեր էք ձեռնարկել միջազգային համագործակցութեան շրջանակներում եւ ի՞նչ արդիւնք էք արձանագրել։ Խնդրում եմ ներկայացնել այս ուղղութեամբ Ձեր կողմից նախատեսւող առաջիկայ քայլերը:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
ՀՅԴ Բիւրոյի անդամ, ԱԺ Մարդու իրաւունքների եւ հանրային հարցերի պաշտպանութեան մշտական յանձնաժողովի նախագահ



