Կիմ Չէն Ընի դուստրը հօր հաւանական իրաւայաջորդն է
«ԱԼԻՔ»- Հիւսիսային Կորէայի առաջնորդ Կիմ Չէն Ընի դուստրը՝ Չժու Էն, պատրաստւում է փոխարինել հօրը երկրի ղեկավարի պաշտօնում: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է Yonhap գործակալութիւնը՝ յղում անելով հարաւկորէական հետախուզութեանը։
Ըստ հետախուզութեան՝ իր ծանր քաշի պատճառով Հիւսիսային Կորէայի առաջնորդն առողջական խնդիրներ ունի։ Հարաւային Կորէայի իշխանութիւններն ասում են, որ Կիմ Չէն Ընը կշռում է 140 կգ եւ չափազանց գեր է, ինչը նրան ներառում է սրտանոթային հիւանդութիւնների բարձր ռիսկի խմբում:
Հարաւային Կորէայի ազգային հետախուզութեան ծառայութեան զեկոյցի համաձայն՝ Հիւսիսային Կորէայի իշխանութիւններն ակնարկում են, որ Չժու Էն կը լինի հօր հաւանական ժառանգորդը եւ կարգաւորում են նրա շփումների յաճախականութիւնը արտաքին աշխարհի հետ, ինչպէս նաեւ նրա ոչ հրապարակային գործունէութեանը։
Միաժամանակ հետախուզութիւնը չի բացառում, որ Հիւսիսային Կորէայի ղեկավարի իրաւայաջորդը կարող է փոխւել։
Չժու Էն սկսել է կանոնաւոր կերպով յայտնւել հօր հետ հանդիսաւոր եւ ռազմական միջոցառումներին 2022 թւականի նոյեմբերից: