Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վերջին օրերի եօթնամեայ պատմութիւնը

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Կառավարութեան ղեկավարը, վերջին օրերին լկտի բառապաշարով սրբազաններին, Վեհափառին անդրադառնալուց յետոյ, անցում կատարեց Վարդան Օսկանեանի եւ Ռոբերտ Քոչարեանի վրայ, «ոչ մի հանդարտ օր» փիլիսոփայութեամբ։ Ինչ ուզեց՝ ասաց, առանց իրականութիւնը ճշտելու, առանց էթիկետի նւազագոյն նորմի։ Սա ինքն է, եօթը տարի՝ նոյնը, անփոփոխ։ Եթէ պէտք լինէր, հանգիստ կարող էր ուրիշ թիրախ վերցնել։ Ասենք՝ պայմանական Հենրիխ Մխիթարեանին։ Նոյն խանդավառութեամբ կարող էր որակումներ տալ. «ո՞վ է նա. միջինից թոյլ ֆուտբոլիստ, մի հատ քննչականը մտնի-պարզի, թէ քանի՞ գոլ չի խփել, քանի՞ սխալ պասի համար մեր հաւաքականը պարտւեց, ֆուտբոլից ոչինչ չհասկացող, ի՞նչ գործ ունի Իտալիայում, իտալական մաֆիոզ, իսկ հայրը՝ ընդհանրապէս ռուսական շպիոն, խաղացել է Խորհրդային Միութեան տարիներին»։

Հանգիստ կարող էր, չէ՞, նման բաներ ասել։ Ի՞նչ էր հետեւելու դրան. մարդկային դեֆոլտի մէջ գտնւող մի 5-6 ՔՊ-ական անմիջապէս սատարելու էր, մի երկու նախարար կասէին՝ «վարչապետն այդպէս բարձրացնում էր սպորտի ոլորտի ռեֆորմների խնդիրը»։

Ի հակակշիռ լինելու էր կոշտ պատասխան, մի քանի նորմալ մարդու զայրացած արձագանգ, եւ տասնեակ հազարաւոր ընտանիքներում՝ կատաղութեան եւ անյուսութեան մթնոլորտ. «Էս ի՞նչ ա, ո՞նց կարելի ա, բոլորիս ձեռ ա առնում» եւ այլն։ Մօտաւորապէս այնպէս, ինչպէս միշտ։ Նորմալ մարդկանց ռէակցիան էլ է անփոփոխ, հետեւաբար՝ նոյնքան անարդիւնաւէտ։

Յետոյ կեանքը շարունակւելու էր նոյն հունով, մինչեւ հերթական կրկնութիւնը՝ այլ անուններով, այլ թեմաներով։ Ու մենք ամէն անգամ չունենք կամք՝ փոխելու սցենարը, չխաղալու նրա ֆիլմում, փոխելու մեր պատասխանի, քայլերի ե՛ւ բովանդակութիւնը, ե՛ւ մենեջմենթը։

Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարաւոր չէ. աւելին, երբ ասում ես՝ սա այլանդակութիւն է, ասում է՝ 2021-ին ստացել եմ ժողովրդի քւէն։

Որպէսզի այս գռեհիկ սցենարն անվերջ չկրկնւի, փոփոխութիւնների անհրաժեշտութիւն կայ մեր աշխատանքի, պատկերացումների, մենեջմենթի, հռետորաբանութեան մէջ։

Վերջին վեց ամիսը քաղաքական շրջանակներում նոյն թեման է. «Նիկոլը վարկանիշը շատ ցածր է, ու այս պայմաններում նա ընտրւելու որեւէ շանս չունի»։ Սա ճիշտ է, բայց ես բոլորին զգուշացնում էի (եւ եմ), որ Նիկոլը սրանից անում է մէկ հետեւութիւն՝ փոխել պայմանները։

Սրա մէջ մտնում է ամէն անհաւանական ու այլանդակ բան. բռնել, վարկաբեկել, գործեր յարուցել, զրպարտել, արգելել ընտրութիւններին մասնակցել, ամէն-ամէն ինչ։

Մամուլում լուրեր են տարածում, թէ մի խումբ պատգամաւորների հանդէպ քրէական գործեր են ուզում յարուցել, մշտապէս հետեւում են, ձայնագրում, տեսագրում եւ այլն։ Իհարկէ կարող է անել։ Ում ուզի՝ ասելու է գող, կաշառակեր, թուրքի շպիոն, ռուսի շպիոն, ֆրանսիացու շպիոն, չգիտեմ ինչապիղծ, ինչ վիդէօ-ֆոտօ-ձայնագրութիւն կուզեն՝ կանեն, կը սարքեն, կը յորինեն։ Մանուէլի տուշոնկայի բեմադրութիւնը մուլտֆիլմ է թւալու։

Սահակաշւիլին անում էր բառացիօրէն նոյնը, եւ նոր իշխանութեան առաջին քայլերից մէկը մարդկանց անձնական կեանքը թունաւորող տասնեակ հազարաւոր ֆայլերի ցուցադրական ոչնչացումն էր, դրանց կազմակերպիչներին պատասխանատւութեան ենթարկելը եւ Վրաստանում նոր մարդկային բարքեր յայտարարելը։ Սա՝ դաս բոլորին. չի կարելի նկարել, ձայնագրել, թունաւորել մարդկանց անձնական եւ ընտանեկան կեանքը, չի կարելի սուտ-ուղղորդւած մատնութիւններով քրէական գործեր յարուցել, եւ շատ բաներ չի կարելի։ Սա չի մոռացւում, սա տոքսիկ է դարձնում պետութեան մթնոլորտը, եւ վաղ թէ ուշ ծագելու են լուրջ հարցեր։

 

Մեր անելիքը

Միանշանակ ճիշտ է ձեւակերպումը՝ Նիկոլը ուժեղ է միայն որովհետեւ թոյլ են նրա դիմացինները։

Որպէսզի խափանւի եօթնամեայ սցենարը, հիմնարար փոփոխութիւնների պէտք է ենթարկւի մերժող հասարակութեան պայքարի բովանդակութիւնը։ Լայն հասարակութիւնը, մենք բոլորս դարձել ենք մենթալ աղբ սպառող հասարակութիւն, որը չի կարողանում դուրս գալ այս մղձաւանջից։

Հասարակութեանը պէտք է տալ նոր բովանդակութիւն, մտածելու նոր կոնտենտ, եթէ կուզէք՝ երազանք։ Էապէս փոխել պայքարի կազմակերպչական բովանդակութիւնը եւ կառուցւածքը։ Ու դա անելը լրիւ հնարաւոր է։

Related Articles

Back to top button