Ձիւնիկ Աղաջանեան. «Արեւմուտքի փարիսեցիութեան վախճանը. մեկնարկը տրւած է»
«ԱԼԻՔ» – Յունիսի 6-8-ը Եւրոխորհրդարանի ընտրութիւններն անամպ երկնքում ճայթած կայծակի ու մրրկահողմի ազդեցութիւն է ունեցել, որը սպառնում է լիովին ձեւափոխել եւրոպական քաղաքական լանդշաֆտը՝ սրբել-տանելով հանրային գիտակցութեան մթագնման միջոցով գլոբալիստական քաղաքականութեան կրողներին: Այս մասին իր յօդւածում գրել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամ, ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Ձիւնիկ Աղաջանեանը:
Նա, մասնաւորապէս, նշել է.
«Դատապարտում ենք ոստիկանութեան անօրինական գործողութիւնները
Չնայած որոշ վերլուծաբանների գնահատականներին՝ հանրութեան դէպի առաւել ազգայնական ու եւրոպախոյս գաղափարախօսութիւն սահքը տեսանելի էր, սակայն դրա ծաւալներն ու խորութիւնը թերագնահատւած էին: Առաջին ծաղիկներն ի յայտ եկան դեռեւս 2023 թ. տարեվերջին, երբ Նիդեռլանդներում գործող իշխանական կոալիցիայի բոլոր չորս կուսակցութիւնները կորցրեցին իրենց ձայների զգալի մասը՝ զիջելով ծայրայեղ ազգայնական Խերտ Վիլդերսի «Ազատութեան» կուսակցութեանը:
Նոյն պատկերն արձանագրւեց Սլովակիայի խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ 2023 թ. հոկտեմբերին, երբ իշխանութեան ղեկն անցաւ ազգայնական «Սմեր» կուսակցութեան ղեկավար Ռոբերտ Ֆիցոյին: Վերջինիս հակառուսական քաղաքականութիւնից հրաժարման դիրքորոշումն արժեցաւ մահափորձ, որի ծանր հետեւանքները դեռեւս յաղթահարւած չեն:
Հակառակ այն եւրովերլուծաբանների կարծիքին, որ այդ միտումը չի պահպանւում եւ արեւմտեան գլոբալիստական օրակարգով առաջնորդւող հանրային տրամադրութիւնները գերիշխում են, յունիսի 9-ին Բուլղարիայում, երեք տարւայ մէջ վեցերորդ անգամ անցկացւող ընտրութիւնները, Եւրոխորհրդարանի ընտրութիւնների հետ մէկտեղ, ջախջախիչ հարւած հասցրեցին կուրօրէն ամերիկեան թելադրանքով շարժւող եւրոչինովնիկներին: Բուլղարիայում իր առաջատար դիրքերը պահպանեց աջակենտրոնական «ԳԵՐԲ» կուսակցութիւնը՝ 24,7%-ով, իսկ աջ ծայրայեղական ռուսամէտ «Վելիչիէն» էապէս բարելաւեց իր դիրքերը՝ ստանալով 4,65%: Էթնիկ թուրքական «Յանուն իրաւունքների եւ ազատութիւնների շարժում» կուսակցութիւնը 17,01%-ով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ անցնելով արեւմտամէտ «Մենք շարունակում ենք փոփոխութիւնը» կուսակցութեանը (14,3%), իսկ ուկրաինական պատերազմում Ռուսաստանի դԷմ գործողութիւնների իրականացման դէմ հանդէս եկող ուլտրաազգայնական «Վերածնունդ» կուսակցութիւնը զբաղեցրել է չորրորդ տեղը՝ 13,8%-ով, եւ առաջին անգամ ներկայացւած կը լինի եւրոխորհրդարանում:
Ըստ էութեան՝ համանման պատկեր արձանագրեցին նաեւ Եւրոխորհրդարանի ընտրութիւնները: Ծայրայեղ աջակողմեան կուսակցութիւններն զգալիօրէն բարելաւել են իրենց դիրքերը, իսկ գլոբալիստական օրակարգը սպասարկող «Կանաչների» կուսակցութիւններն ամենամեծ կորուստներն են գրանցել:
Առաւել ցցուն համաեւրոպական միտումների դրսեւորումներն արձանագրւեցին Ֆրանսիայում եւ Գերմանիայում՝ ԵՄ-ի քաղաքական ու տնտեսական շոգեքարշ հանդիսացող երկրներում: Ֆրանսիայում ծայրայեղ աջակողմեան, Մարին Լը Պենի առաջնորդած «Ազգային ռալի» կուսակցութիւնը կրկնակի գերազանցեց նախագահ Մակրոնի «Շարժւող Հանրապետութիւն» կուսակցութեանը (LREM- La République En Marche), ինչը դրդեց նախագահին ցրել խորհրդարանը եւ արտահերթ ընտրութիւններ նշանակել: Բելգիայի վարչապետն էլ հրաժարական տւեց: Իր դիրքերն ամրապնդեց Հունգարի վարչապետ Օրբանը, ով արդէն տարիներ շարունակ առանորդւում է բացառապէս ազգային օրակարգով՝ տեղի չտալով եւրոկառոյցների ղեկավարների ճնշումներին:
Եւրոպական հանրութեան տրամադրութիւնների ձեւաւորման վրայ արդէն մէկ տասնամեակից աւելի երկու խնդիր է վճռական ազդեցութիւն ունենում՝ միգրացիոն հարցերը եւ ուկրաինական զարգացումները: 2014 թ. յետոյ ուկրաինական թեմատիկան երանգաւորւեց հակառուսական շեշտադրումներով եւ Ռուսաստանին խեղճացնելուն միտւած պատժամիջոցների ներդրմամբ: Այս քայլերն իրենց պիկին հասան 2022 թ.՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դէմ յատուկ ռազմական գործողութիւնները սկսելուց յետոյ: Այդ ժամանակ այն ստացաւ «չեղարկման քաղաքականութիւն» անունը:
Շինծու, կեղծւած եւ խեղւած թէզերի ու երեւոյթների, սադրանքների կիրառմամբ հակառուսական տրամադրութիւնների գեներացմամբ հանրային գիտակցութեան մշակման գործընթացն ակտիւօրէն իրականացւել է աւելի քան երկու տասնամեակ՝ զուգորդելով Արեւմուտքի կողմից Ռուսաստանի զսպմանը, ճնշմանը, իսկ վերջին շրջանում՝ կազմաքանդմանն ուղղւած քայլերով: Այդ ջանքերի արգասիքը լիուլի դրսեւորւեց ամբողջ արեւմտեան ճամբարում Մարդու իրաւունքների, օրէնքի գերակայութեան, միջազգային իրաւունքի կոպտագոյն ու աղաղակող խախտումների շքերթով, որը որեւէ դիմադրութեան, ըստ էութեան, չարժանացաւ իբրեւ-թէ ժողովրդավարութեան սկզբունքներով ապրող ու առաջնորդւող հանրութիւնների կողմից: Հակառակը, դիմադրելու ցանկութիւն արտայայտող վախւորած ձայներն արագ ճնշւում էին, ու այդ անձինք եւս ենթարկւում «չեղարկման»՝ անկախ այդ անձանց հանրային, քաղաքական դիրքի կամ վաստակի: Արեւմտեան հասարակութիւնը դարձել էր լիովին կառավարելի, իսկ արեւմտեան, իրականում՝ ամերիկեան հեգեմոնիայի անկասելիութեան ու միաբեւեռ աշխարհի թելադրանքով դաստիարակւած քաղաքական գործիչների կողմից հրահանգների անվարան կատարումը դարձել էր վարքագծային նորմ:
Գլոբալիստական ճամբարի կողմից ձեւաւորւած «իդիլիկ» պատկերն իր առաջին ճաքերը գրանցեց 2022 թ. վերջին, երբ ռուսական կողմին յաջողւեց հետ մղել համա-ՆԱՏՕ-ական ջանքերով զինւած ու իրականացւած ուկրաինական յարձակումը, իսկ յաջորդող տարւայ ընթացքում, փաստացիօրէն, տապալել Ռուսաստանի աշխարհաքաղաքական մեկուսացման, տնտեսական պատժամիջոցների, հանրային ընդվզման, ներքին էթնիկ ու կրօնական տարբերութիւնների շահարկմամբ բաժանարար գծերի ու ճեղքերի խորացմանն ուղղւած ԱՄՆ առաջնորդութեամբ իրականացւող քաղաքականութիւնը:
Ճաքերը վերածւեցին ճեղքերի ուկրաինական ճակատում հերթական տապալումների ֆոնին ներեւրոպական տնտեսական իրավիճակի վատթարացմանը զուգահեռ, իսկ արդէն ամիսների շարունակւող ամենատարբեր տնտեսվարողների ցոյցերը Եւրոպայով մէկ, գործող խոշոր բիզնեսների հեռանալը եւ տեղափոխումը Միացեալ Նահանգներ, հանրութեան համար ակնյայտ դարձրեցին, թէ ում հաշւին է իրականում ապահովւում արեւմտեան, իրականում՝ ամերիկեան հեգեմոնիան:
Եւրոխորհրդարանի ընտրութիւնները ցոյց տւեցին, որ ազգայնական ուժերը, անկախ նրանց աջակողմեան կամ ձախակողմեան կեցւածքից, սկսում են գերիշխել քաղաքական խճանկարում, ինչը նշանակում է, որ հանրութեան մի ստւար զանգւած այլեւս ցանկութիւն չունի արեւմտեան գլոբալիստական կենտրոնների ստեղծած քաոսի համար «վճարողը» լինել: Այս ուժերը հանդէս են գալիս «չեղարկման քաղաքականութեան» վերացման, Ռուսաստանի հետ յարաբերութիւնների վերականգնման եւ տնտեսական կապերի հաստատման ու Ռուսաստանի հետ հնարաւոր ռազմական առճակատման բացառման օգտին:
Եւրոպական հանրութեան շրջանում աւելի ու աւելի գերիշխող դարձող բողոքի ու դժգոհութեան տրամադրութիւնները, որոնք արտացոլւում են գործող իշխանութիւնների հանդէպ շատ ցածր ու նւազող վստահութեան ցուցանիշերով, յաջորդող մէկ տարւայ ընթացքում եւրոպական երկրներում սպասւող ընտրութիւններում իրենց բնական արտացոլումն են ստանալու, որը յանգեցնելու է այդ երկրների աւելի ազգային քաղաքականութեան իրականացման, ինչն էլ կը վերածւի կենտրոնախոյս ուժերի ամրապնդման ու համաեւրոպական կառոյցների թելադրած օրակարգից հեռացման: Այս միտումների պահպանման պարագայում՝ ոչ հեռաւոր ապագայում կը տեսնենք Եւրոմիութեան թուլացում ու նրա նշանակութեան էական նւազում, որոշումների կայացման մեխանիզմների վերանայում եւ պաշտօնեաների գործառոյթների վերաորակաւորում՝ թելադրողի դերը վերադարձնելով ազգային պետութիւններին:
ՆԱՏՕ-ն եւս անմասն չի մնայ ուկրաինական արկածախնդրութեան հետեւանքներից: Պահանջ կը դրւի էական վերանայման ենթարկել այդ կառոյցի դերն ու նշանակութիւնն անդամ երկրների համար, չի բացառւում առաւել երկարատեւ ժամանակահատւածում առանձին երկրների այդ կառոյցից դուրս գալը: Զարմանալի չի լինի, եթէ առաջին ծիծեռնակը լինի Թուրքիան, որը յաւակնութիւն ունի պանթուրանական ծրագրի շնորհիւ աշխարհաքաղաքական կենտրոնի վերածւելու:
ԵՄ արտաքին քաղաքականութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզէպ Բորէլի կողմից հռչակւած «եդեմական այգու» անդորրն այլեւս խաթարւած է, արեւմտեան քաղաքականութեան փարիսեցիութիւնն ու ժողովրդավարութեան տարածման ներքոյ գերիշխանութեան հաստատման քաղաքականութեան իրականացումը դառնում է աւելի ու աւելի բացայայտ:
Ի՞նչ նշանակութիւն ունեն այս զարգացումները գոյաբանական խնդիրների առջեւ կանգնած Հայաստանի համար: Վեցը տարի առաջ, երկու Հայկական Հանրապետութեան անվտանգ գոյութիւնը վայելող հայութեան համար այս ամէնը հիմնականում վերլուծական հետաքրքրութիւն կը ներկայացնէր, ինչը կը պահանջէր յընթացս եւ արդիւնքների արձանագրմամբ քաղաքական որոշումների ճշգրտումներ իրականացնել: Սակայն, գործող իշխանութիւնների պարագայում, որոնք անթաքոյց շրջադարձ են կատարել դէպի Արեւմուտք, այդ նպատակով զոհաբերել են Արցախը եւ շարունակում են թշնամուն նւիրել հայկական տարածքներ, Հայաստանի պաշտպանական ու անվտանգային համակարգը ամբողջովին դրել են ՆԱՏՕ-ական ուժերի վերահսկողութեան տակ, ամէն ջանք գործադրում են Հայաստանը ռուսական գերակայութեան համակարգերից դուրս բերելու եւ կտրելու համար, ինչը ֆինանսատնտեսական կոլապսով է սպառնում՝ ջնջելով երեսնամեայ ձեռքբերումները եւ վերադարձնելով մեզ 1990-ականների մութ ու ցուրտ տարիները, երկրի սահմանների ռազմավարական վերահսկողութիւնը յանձնել են թշնամի Ադրբեջանին ու հանրային հնազանդեցման քաղաքականութիւն են իրականացնում՝ յուսալով բաւարարել թուրք-ադրբեջանական անսպառ պահանջները՝ սպասարկելով Հարաւային Կովկասում արեւմտեան գերակայութեան հաստատման օրակարգը, սա աւելի անդունդը գլորւող գնացքի յետեւից վազող ու բարձրանալ ցանկացող մարդու տպաւորութիւն է ստեղծում:
Հայաստանեան հանրութիւնը, մեծամասամբ, հասկանում է ընթացող գործընթացների ու իր իսկ իշխանութիւնների վարած քաղաքականութեան կործանարար բնոյթը եւ ամէն կերպ դիմադրում է սեփական պետութիւնն ու ազգը նսեմացնելուն ու վերացնելուն ուղղւած գործողութիւններին: Այսօր հանրային ընդվզումը փորձում է պահպանել ազգայինը՝ իր բոլոր դրսեւորումներում, հռչակել է ստի ու կեղծիքի դէմ պայքար՝ յանուն հայրենիքի ու ինքնութեան պահպանման: Նոյն միտումներն են աւելի ու աւելի ակնյայտ դառնում աստիճանաբար արթնացող եւրոպական հանրութեան շրջանում, որը շատ ցաւալի գործընթաց է, ինչը, դժբախտաբար, անցնցում չի ընթանալու, քանի որ գլոբալիստական կենտրոնները հեգեմոն դիրքերը զիջելու ցանկութիւն չունեն եւ պատրաստ են զոհաբերել ամէն ինչ: ՀՀ գործող իշխանութիւնների ձեռամբ՝ Հայաստանն այսօր դրւել է նրանց զոհասեղանին: