Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ադրբեջանը Փաշինեանին առաջարկում է իր օգնութիւնը՝ ինչպէս յաղթել «սրի եւ խաչի» միութեանը

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ

 

Վերջերս ԵՊՀ-ում Նիկոլ Փաշինեանը խոստովանել է, որ 2020 թ. 44-օրեայ պատերազմում պարտութիւնն ազդել է իր իշխանութեան լեգիտիմութեան վրայ, այսինքն՝ թուլացրել է այն:

«Ես ձեզ հետեւեալը ասեմ. 2021-ին գնացինք արտահերթ ընտրութիւնների, որովհետեւ ես զգում էի, որ պատերազմից յետոյ այդ լեգիտիմութիւնն առնւազն հարցականի տակ է դրւած, եւ ես չեմ կարող շարունակել լինել վարչապետ, եթէ համոզւած չլինեմ, որ ժողովուրդը դա թոյլ է տալիս: Եւ հէնց այդ լեգիտիմութիւնը լուծելու համար է, որ մենք գնացել ենք ընտրութիւնների»,- ուսանողներից մէկի հարցին ի պատասխան՝ նշել էր նա:

Այլ հարց է, որ սա կարող ենք համարել նաեւ 44-օրեայ պատերազմի արդիւնքում եւ դրանից յետոյ կատարւած, կատարւող եւ դեռ սպասւելիք իրադարձութիւնների պատասխանատւութիւնը ժողովրդի վրայ բարդելու ծրագրւած քայլ, յատկապէս, երբ Փաշինեանը, ըստ էութեան, չկատարեց 2021 թւականին ԱԺ արտահերթ ընտրութիւնների ժամանակ տւած խոստումները կամ որոշ դէպքերում՝ կատարեց ճիշտ հակառակը:

Յիշեցնենք, որ 2020 թւականի դեկտեմբերի 25-ին նա խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին հրաւիրել էր խորհրդակցութիւնների՝ 2021-ին արտահերթ ընտրութիւններ անցկացնելու հարցով՝ «պատրաստ եմ ժողովրդի որոշման արդիւնքում թողնել վարչապետի պաշտօնը, եւ վարչապետի պաշտօնը կարող եմ թողնել միայն ժողովրդի որոշմամբ»:

Իսկ արտահերթ ընտրութիւնների յստակ օրը որոշւել էր աւելի ուշ՝ 2021 թւականի մարտին 18-ին, երբ Փաշինեանը հասցրել էր ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցութեան, «Լուսաւոր Հայաստան» եւ «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութիւնների ղեկավարների հետ հանդիպել:

Յիշեցնենք, որ դրանից առաջ՝ 2021 թ. փետրւարի 25-ին, ՀՀ զինւած ուժերը՝ գեներալ-գնդապետ Օննիկ Գասպարեանի գլխաւորութեամբ, պահանջել էր Նիկոլ Փաշինեանի եւ նրա կառավարութեան հրաժարականը, վերջինը սա համարել էր ռազմական յեղաշրջման փորձ, եւ իրաւունքի ուժով Օննիկ Գասպարեանը հեռացւեց կամ հեռացաւ:

Մենք մէկ անգամ չէ, որ անդրադարձել ենք  Օննիկ Գասպարեանի հեռացման պատճառներին եւ փորձել հասկանալ՝ արդեօ՞ք այստեղ նաեւ արտաքին գործօններ կային, օրինակ, թուրքական սպառնալիք որեւէ նպատակով, ինչի իրականացումը թոյլ չտալու համար է, որ գեներալը նախընտրել է հեռանալ, յատկապէս, եթէ հաշւի առնենք Թուրքիայի օպերատիւ արձագանքը ԳՇ յայտարարութեանը:

Մասնաւորապէս, ՀՀ զինւած ուժերի՝ Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջից մէկ օր յետոյ՝ 2021-ի փետրւարի 26-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը յայտարարել էր, որ Հայաստանում կառավարութեան փոփոխմամբ պէտք է զբաղւի ժողովուրդը, այլ ոչ՝ բանակը։

«Մենք դէմ ենք ցանկացած յեղաշրջման։ Երբ բանակը խառնւում է քաղաքականութեանը, դա անընդունելի է։ Եթէ պէտք է փոխել կառավարութեանը, ապա դա պէտք է անի հայ ժողովուրդը, այդ գործը պէտք է թողնել նրան»,- յայտարարել էր նա:

2021 թւականի յունիսի 21-ին արտահերթ ընտրութիւնները տեղի ունեցան, Փաշինեանը յաղթեց ե՛ւ կիրառելով վարչական ռեսուրս, ե՛ւ մարդկանց պատերազմով վախեցնելով եւ խաղաղութիւն խոստանալով, եւ այլ գործօնների հաշւին:

Ընդ որում, պէտք է նկատել, որ թուրք-ադրբեջանական տանդեմը եւս հետաքրքրւած էր, որ Նիկոլ Փաշինեանն արտահերթ ընտրութիւններով ամրապնդի պատերազմից յետոյ թուլացած լեգիտիմութիւնը:

Այսինքն, առնւազն անուղղակի կամ հեռակայ խորհուրդների միջոցով միջամտել են ՀՀ ներքին քաղաքականութեանը եւ աջակցութիւն յայտնել Փաշինեանին:

Այս ընթացքում, իհարկէ, բանակը չի վերականգնել 44-օրեայի արդիւնքում կորցրած դիրքն ու կարողութիւնները, բայց որպէս պետական կարեւոր ինստիտուտ, ամէն դէպքում, դեռ մտահոգում է հակառակորդին, որի մասին ժամանակ առ ժամանակ արտայայտւում են:

Բայց տեւական ժամանակ է, Ադրբեջանն ու Փաշինեանը թիրախաւորել են նաեւ մէկ այլ ռազմավարական եւ անվտանգային կարեւոր նշանակութեան ինստիտուտ՝ Հայ Առաքելական եկեղեցին։ Աւելին՝ ադրբեջանական կողմը բաց տեքստով յայտարարել է՝ Հայ Առաքելական եկեղեցին, ինչպէսեւ ՀՀ բանակը տարածաշրջանի եւ իրենց համար սպառնալիք են հանդիսանում:

Իսկ վերջին օրերին ադրբեջանական քարոզչամեքենան բացել է փակագծերը եւ նշել՝ ինչու է Նիկոլ Փաշինեանը պայքարում Կաթողիկոսի դէմ եւ ինչու Հայ Առաքելական եկեղեցու դիրքերը պիտի ուժեղ չլինեն ՀՀ-ում եւ դրա սահմաններից դուրս:

Օրինակ, Yeni Müsavat-ին տւած հարցազրոյցում ադրբեջանցի պատգամաւոր Էլչին Միրզաբէյլին ասել է, որ Փաշինեանը շատ լաւ հասկանում է, որ եկեղեցին զուտ հոգեւոր կամ կրօնական ինստիտուտ չէ, այլ քաղաքական գործիք, որն ազդեցութիւն ունի հասարակական կարծիքի վրայ, ինչպէս նաեւ՝ լաւ կապեր արտաքին կենտրոնների հետ: Այսինքն, Հայ Առաքելական եկեղեցին հայ ժողովրդին Սփիւռքի հետ եւ արտերկրում քաղաքական լաբբիի հետ կապող կարեւոր պլատֆորմ է, քանի որ անկախ եկեղեցու հանդէպ հասարակական որոշակի դժգոհութիւններից, եկեղեցին շարունակում է լուրջ ազդեցութիւն ունենալ:

Եւ, ըստ պատգամաւորի, Փաշինեանի կողմից եկեղեցու «դուրսբերումը» ՀՀ հասարակական-քաղաքական կեանքից, ուղիղ կապ ունի սահմանադրական փոփոխութիւնների եւ Նոր սահմանադրութիւն ունենալու հանրաքւէի հետ: Էլչին Միրզաբէյլին մի կողմից նկատել է, որ Հայ Առաքելական եկեղեցու դէմ պայքարը մեկուսացնում է Փաշինեանին, միւս կողմից նկատել՝ եթէ Փաշինեանը յաղթի եկեղեցու դէմ պայքարում, ապա ՀՀ քաղաքական ճարտարապետութիւնը լիովին կը փոխւի:

Այս համատեքստում ադրբեջանցի օրէնսդիրը նկատել է, որ հոգեւորականներ-«ռեւանշիստական» տրամադրութիւններ ունեցող ընդդիմութիւն միութիւնը լուրջ փորձութիւն կարող է լինել Փաշինեանի համար՝ 2026 թւականի ընտրութիւններից առաջ: Այսինքն, ըստ նրա, եկեղեցին կարող է ռադիկալացնել առանց այն էլ «ռեւանշիստական ուժերը», ընդլայնել նրանց բազան, օգնելով վերածնունդ տալ հին գւարդիային՝ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին, եւ ոչ միայն:

Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեանը մերձակայ caliber.az-ն էլ, ըստ էութեան, հաստատել է ադրբեջանցի պատգամաւորի այս դիտարկումները եւ Նիկոլ Փաշինեանի ու թուրք-ադրբեջանական տանդեմի մտահոգութիւնները, յիշեցնելով ՀՀ երրորդ նախագահի յայտարարութիւնը. «Չեն հասցնի հրաժարւել Անկախութեան հռչակագրից. այդ հանրաքւէն չի կայանայ»:

Եւ որպէսզի առաջիկայ ընտրութիւններում Նիկոլ Փաշինեանը յաղթի, ըստ ադրբեջանական լրատւամիջոցի, Փաշինեանը պէտք է «հանգստացնի» պայքարող հայ հոգեւորականութեանը, որը լուրջ աջակցութիւն ունի Սփիւռքում, ինչպէս նաեւ «վնասազերծի» իր քաղաքական հակառակորդներին:

Իսկ այստեղ Ադրբեջանը Փաշինեանին առաջարկում է իր օգնութիւնը՝ յանձնել իրեն Ռոբերտ Քոչարեանին եւ Սերժ Սարգսեանին՝ Բաքւում ընթացող «դատավարութեան» տրամաբանութեան մէջ, ինչը մէկ անգամ եւս հաստատում է այդ շինծու դատավարութեան՝ ընդդէմ Հայաստանի Հանրապետութեան լինելը:

Թէ ի՞նչ հանգուցալուծում կունենայ եկեղեցի-Փաշինեան պայքարը, արդեօք կունենա՞նք ԳՇ նախկին պետ Օննիկ Գասպարեանի նախադէպը, ով հեռացաւ՝ թոյլ չտալու համար քաղաքացիական պատերազմ, արտաքին սպառնալիքներ, կամ այլ լուծումներ գտնւեն, ցոյց կը տան առաջիկայ զարգացումները:

168.am

Related Articles

Back to top button