ՄիջազգայինՔաղաքական

Եասսը կղզու առաջին զոհը՝ հայ պատգամաւոր Զաքար Թարվեր

ԻՍԱ ԹԱԹԼԸՋԱՆ

 

Եասսը կղզու դատավարութիւնների արդիւնքում, որոնք պատմութեան մէջ որպէս ամոթի բիծ մնացին, Մենդերեսը, Զորլուն եւ Փոլաթքանը մահապատժի ենթարկւեցին։ Սակայն այս գործընթացի ընթացքում շատ ուրիշ մարդիկ էլ կամ մահացան, կամ էլ սպանւեցին ծեծի եւ խոշտանգումների հետեւանքով։ Եասսը կղզու առաջին զոհը Դեմոկրատական ​​կուսակցութեան հայ պատգամաւոր, գլխաւոր բժիշկ Զաքար Թարվերն էր։ Նա պաշտօնազրկւեց, ծեծի եւ խոշտանգումների ենթարկւեց։ Յեղաշրջումից չորս ամիս անց Զաքար Թարվերի՝ կապտուկներով ծածկւած մարմինը յանձնւեց ընտանիքին։ Մարդասպանների բժշկական եզրակացութեան մէջ գրւած էր՝ «սրտի կաթւած»։ Ահա Եասսը կղզու մոռացւած զոհ Զաքար Թարվերի պատմութիւնը։

Ուղիղ 65 տարի է անցել 1960 թ. մայիսի 27-ի յեղաշրջումից, որը թուրքական ժողովրդավարութեան պատմութեան ամօթալի բծերից մէկն է։ Եասսը կղզու դատարաններում դատւել է 592 մեղադրեալ։ Իրականացւել է օրէնքի համար անպատւութիւն համարւող դատավարութիւն։ Եասսը կղզու դահիճները՝ դատախազ Ալթայ Օմեր Էգեսելը եւ դատաւոր Սալիմ Բաշոլը, վճռականօրէն տրամադրւած էին ժողովրդի ձայներով ընտրւած պետական ​​գործիչներին կախաղան ուղարկելու հարցում։ Դահիճ ասելիս եթէ մոռանանք Եասսը կղզու դաժան գնդապետ Թարըք Գիւրեային, անարդարութիւն կը գործենք հարիւրաւոր զոհերի նկատմամբ։ Սիրողական թատրոնի բեմ յիշեցնող լսումներում մահապատիժ է պահանջւել 288 մեղադրեալի համար, 15 մեղադրեալ դատապարտւել է մահւան, 31-ը՝ ցմահ ազատազրկման։ Օրէնքի դահիճները կախաղան են հանել Ադնան Մենդերէսին, Հասան Փոլաթքանին եւ Ֆաթին Ռիւշտու Զորլուին։ Եւ յետոյ կան նաեւ Եասսը կղզու մոռացւած զոհերը։ Առողջապահութեան նախարար Լիւթֆու Քըրդարը այլեւս չկարողացաւ դիմանալ տանջանքներին եւ մահացաւ սրտի կաթւածից՝ 71 տարեկան հասակում։ Ներքին գործերի նախարար Նամըք Գեդիքը մահացաւ Ռազմական ակադեմիայում, նախքան կղզի տեղափոխւելը։ Դա գրանցւեց որպէս «ինքնասպանութիւն»։ Ստամբուլի ոստիկանապետ Ֆարուք Օքթայի մահը նոյնպէս գրանցւեց որպէս «սրտի կաթւած»։ Նրա խցակիցները պնդում էին, որ նա մահացել է կտտանքներից։ Կոնիայի նահանգապետ Ջեմիլ Քելեշօղլուն չկարողացաւ հաշտւել զինւորների կողմից ստացած ծեծի հետ եւ ինքնասպան եղաւ՝ կտրելով դաստակի երակները։ Խցակիցների խօսքերով՝ Գլխաւոր շտաբի պետ Նուրի Եամութը շատ էր տանջւել։ Նա մահացաւ այն հիւանդանոցում, որտեղ նրան տեղափոխել էին։ Գազի Յիղիթբաշի, Իւսուֆ Սալման, Քենան Եըլմազ…

Ցանկը շարունակւում է անվերջ։ Այս մարդիկ Եասսը կղզու նահատակներից մի քանիսն են… Այս յօդւածում ես ուզում եմ խօսել Եասսը կղզու առաջին զոհի՝ գլխաւոր բժիշկ Զաքար Թարվերի մասին, ով Դեմոկրատական ​​կուսակցութեան հայ պատգամաւորներից մէկն էր։

 

ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ ՍԿՍՒԵՑ ԵՐԶՆԿԱՅԻ ՄԻ ԳԻՒՂՈՒՄ

Զաքար Թարվերի իրական անունը Ռուբէն Զաքար Զաքարեան էր։ Նա Զաքար Թարվեր անունը վերցրել է, երբ ընդունւել է ազգանւան մասին օրէնքն։ Նա ծնւել է Երզնկայի Քեմալիէ շրջանի հայկական մի գիւղում՝ 1894 թ.։ Նրա մայրը՝ Եւգինէն, 16 տարեկան էր, երբ նա ծնւեց։ Նրա հայրը՝ Օհան Զաքարեանը, շրջկենտրոնում վարագոյրների խանութ էր աշխատում։

Երբ Օհանը տեսնում էր բժիշկներին, որոնք գալիս էին իր վարագոյրների խանութ, ասում էր. «Եթէ որդի ունենամ, ամէն ինչ կանեմ, որ նա բժիշկ դառնայ»։ Եւ հէնց այդպէս էլ եղաւ։ Զաքարը, ով նախակրթարան է սովորել Բաքըրքյոյում, միջնակարգ դպրոցն աւարտել է Բահչեջիքի ամերիկեան կոլէջում, իսկ համալսարանական կրթութիւնը՝ Ստամբուլի բժշկական ֆակուլտետում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա, որպէս բժիշկ, ծառայել է օսմանեան բանակում։ Զաքարի նպատակն էր մասնագիտանալ ռադիոլոգիայի մէջ։ Նա մեկնել է Ֆրանսիա եւ աշխատել է Նոբելեան մրցանակի դափնեկիր Մարի Կիւրիի մօտ՝ որպէս վերջինիս օգնական։ Մասնակցել է բազմաթիւ կոնֆերանսների ԱՄՆ-ում։ Այնուհետեւ վերադարձել է Թուրքիա եւ արժէքաւոր ներդրում ունեցել բժշկական գիտութեան զարգացման գործում։ Նա է Ստամբուլ բերել առաջին ռենտգենի սարքը։ Յայտնի է, որ Սիրաւուշ Հեգնիայի հետ ամուսնացած Թարվերը ունեցել է Գրիգոր Օհան անունով զաւակ։ Երկար տարիներ աշխատել է Եդիքուլէի Սուրբ Փիրկիչ հիւանդանոցում։ 1948-1955 թթ. նշանակւել է գլխաւոր բժիշկ։ Բազմաթիւ նորարարութիւններ է մտցրել հիւանդանոցում, հրատարակել է ամսագիր եւ գրել յօդւածներ։

 

ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՆԱ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ՄԵՆԴԵՐԵՍԻՆ

Զաքար Թանվերը գիտէր թուրքերէն, հայերէն, ֆրանսերէն, գերմաներէն եւ ռուսերէն։ Նա ունէր մեծ գրադարան եւ անընդհատ կատարելագործւում էր։ (Նրա գրքերի մի մասը, որոնք նրա մահից յետոյ ընկան օգտագործւած գրքեր վաճառող մէկի ձեռքը, վաճառւեցին, մի մասն էլ նւիրաբերւեցին Հայոց պատրիարքարանին։) Նա 48 տարեկանում կրկին զօրակոչւեց բանակ։

Իր զինւորական ծառայութիւնը կատարեց որպէս պահեստազօրային սպա Սւասում՝ 1942-43 թթ.։ Այդ տարիներն այն շրջանն էին, երբ ԺՀԿ-ն դժւարութիւններ ունեցաւ Ունեցւածքի հարկի պատճառով։ Նրանցից, ովքեր չէին կարողանում վճարել հարկը, գանձւում էին բարձր տուգանքներ, եւ այդպիսիք աքսորւում էին Աշկալէ։

Խօսակցութիւններ էին պտտւում Սիրքեջիում փոքրամասնութիւնների համար ստեղծւած աշխատանքային ճամբարների մասին։ Զաքար Թանվերը մինչեւ հոգու խորքը զգում էր ԺՀԿ-ի ճնշումը։ Ահա թէ ինչու էր նա ցանկանում մտնել քաղաքականութիւն եւ խորհրդարանի ամբիոնից բարձրաձայնել նրանց կրած դժւարութիւնների մասին։ Ահա թէ ինչու էր նա նախընտրում Դեմոկրատական կուսակցութիւնը։ Սկզբում նա դարձաւ Ստամբուլի քաղաքապետարանի խորհրդի անդամ։ 1954 թ. նա ընտրւեց Դեմոկրատական ​​կուսակցութեան պատգամաւոր։ Հայ համայնքի աջակցութիւնը վայելող Թարվերը ստացաւ 331 հազար ձայն։ Նա բաւականին ակտիւ էր խորհրդարանում եւ պաշտօնավարել է Առողջապահութեան յանձնաժողովներում։ Իր խորհրդարանական ելոյթներում նա ուշադրութիւն էր գրաւում իր միաւորող կողմով՝ պաշտպանելով Թուրքիան։ Այսօրւայ լեզւով ասած՝ նա Թուրքիայից էր, նա ազգային էր, նա տեղացի էր։ Նա նրանցից մէկն էր, ովքեր 1955 թ. վերապրեցին սեպտեմբերի 6-7-ի սադրանքը։ Նա Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից արտասանել է հետեւեալ պատմական ելոյթը.

«Ես անձամբ ականատես եմ մեր վարչապետի համակրանքին այս աղէտի ենթարկւած փոքրամասնութեան նկատմամբ։ Նոյնիսկ կարող եմ ապացոյցներ բերել։ Դարեր շարունակ Թուրքիայում ապրող հայ փոքրամասնութեան կողմից մատուցւած ծառայութիւնները հանրայայտ են։ Ես կարծում եմ, որ երկրի շահերից է բխում այս հարթակից արտայայտել փոքրամասնութիւնների այս անկեղծ զգացմունքները՝ կապւած վերջին վանդալիզմի ցոյցերի հետ, որոնք մեզ կամաչեցնեն ընկերների եւ թշնամիների առաջ։ Թող Աստւած պահպանի այս երկիրը»։

 

ՍՊԱՆՒԵԼ Է ԾԵԾԻ ԵՒ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Դեմոկրատական ​​կուսակցութեան Ստամբուլի պատգամաւոր Զաքար Թարվերը ձերբակալւել է 592 հոգու հետ միասին 1960 թ. մայիսի 27-ին՝ վաղ առաւօտեան։ Նրան տարել են Եասսը կղզի մի նաւով, որի պատուհանները ծածկւած էին թերթերով։ Ծեծերը սկսւել են, երբ նա իջել է նաւից։ Նրա թոյլ մարմինը այլեւս չէր կարողանում դիմանալ կտտանքների, ծեծի, խոշտանգումների եւ հոգեբանական ճնշման օրերին։ Նա մահացել է յեղաշրջումից մօտ 3.5 ամիս անց։ Զաքար Թարվերի ազգականը նկարագրում է այդ օրերին նրա ապրումները. «Սեպտեմբերի 19-ին նրա ընտանիքը լուր ստացաւ, որ Զաքար Թարվերը մահացել է։ Նրա մարմինը տարան Գիւլհանէի դատաբժշկական կենտրոն։ Զաքար բէյի ամբողջ մարմինը կապտած էր։ Ակնյայտօրէն շատ էին ծեծել նրան։ Մենք մտածեցինք. «Ի՞նչեր են արել ընդհանրապէս Մենդերէսին, ո՞վ գիտի, թէ այս գեաւուրի գլխին ինչեր արած կը լինեն»։ Նա չէր կարող դիմանալ, որովհետեւ ծեր էր… Արդէն զգայուն մարդ էր։ Թերթերը թաքցրեցինք նրա մօրից, որպէսզի չկարդայ որդու մահւան լուրը։ Ասացինք. «Զինւորականները արգելել են թերթերը»։ Երբ նա հետագայում լսեց դա՝ շատ վշտացաւ եւ շատ տառապեց»։

Երրորդ նախագահ Ջելալ Բայարի թոռը՝ Էմինէ Գիւրսոյ Նասքալըն, նկարագրում է Եասսը կղզում տեղի ունեցածը. «Ես 10 տարեկան էի։ Տնային կալանքի տակ էի Իզմիրում՝ մօրս, տատիկիս եւ քոյրերիս հետ։ Յեղաշրջումից յետոյ մենք չէինք կարող կապ հաստատել որեւէ մէկի հետ մինչեւ դատավարութիւնների սկսւելը, ուստի ես չկարողացայ մասնակցել Զաքար բէյի յուղարկաւորութեանը։ Ասում էին, որ Զաքար բէյին Եասսը կղզի տանելիս, երբ նա պատրաստւում էր նաւ նստել կամ իջնել, հրել եւ գետին է տապալել հերթապահ սպան, գլխին հարւածել եւ ծեծի է ենթարկել նրան։ Այս դէպքը նրա մահւան պատճառ է դարձել։ Նա ուղեղի արիւնազեղում է ունեցել եւ տեղափոխւել հիւանդանոց։ Սա լսել եմ մօրիցս։ Հարցրեցի մօրս. «Ինչպէ՞ս կարող ենք ապացուցել դա, ունե՞նք արդեօք վկաներ, որոնք կարող են դա պատմել»։ Զաքար բէյի հետ Եասսը կղզի տարւածները այդ տարիներին այսպէս են պատմել դէպքը։ Այլ կերպ ասած՝ այնտեղ բոլորն են վկայ։ Նոյն խմբի անդամներն են այդ ամէնը տեսել եւ պատմել»։

Ստամբուլի սիրւած պատգամաւոր Զաքար Թարվերի մահւան մասին լուրը մեծ իրարանցում առաջացրեց։ Հազարաւոր մարդիկ մասնակցեցին Բէյօղլուի Երեք Խորան հայկական եկեղեցում տեղի ունեցած յուղարկաւորութեան արարողութեանը։ Յուղարկավորութեանը ներկայ էին ոչ միայն հայերը, այլեւ ամբողջ Ստամբուլը։ Նա լուռ թաղւեց Բալըքլիի յունական գերեզմանատանը։ Յուղարկաւորութեան ժամանակ հրմշտոց էր, եւ ուղարկւած ծաղկեպսակները ընկան մարդկանց վրայ։ Այս շքեղ յուղարկաւորութիւնը, որը համարւում էր յեղաշրջման լուռ արձագանք, յաջորդ օրը նոյնիսկ թերթերում չհրապարակւեց։

 

ԻՆՉՊԷՍ «ՋՈՒՄՀՈՒՐԻԵԹԸ» ՅԱՅՏԱՐԱՐԵՑ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻՑ ՄԱՀՒԱՆ ՄԱՍԻՆ

«Ջումհուրիեթ» թերթը, որը մայիսի 27-ի յեղաշրջմանն աջակցել էր առաջին իսկ օրւանից, իր 1960 թ. սեպտեմբերի 20-ի համարում հաղորդել էր խոշտանգումներից մեռնելու մասին՝ «Նախկին պատգամաւոր Զաքար Թարվերը մահացել է սրտի կաթւածից» վերնագրով։ Թերթը շարունակել է իր սեւ քարոզչութիւնը հետեւեալ նախադասութիւններով. մամուլի խօսնակը յայտնել է, որ Եասսը կղզում գտնւող միւս նախկին պատգամաւորների առողջական վիճակը շատ լաւ է։

 

«15 ՏԱՐՒԱՅ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԻՒՐ ՉԻ ԵՂԵԼ»

Ինձ համար դիւրին չեղաւ մայիսի 27-ի առաջին զոհի՝ Զաքար Թարվերի մասին նիւթ պատրաստելը։ Նա Թուրքիայում ապրող ազգականներ չունէր։ Ես զանգահարեցի «Ակօս» թերթի խմբագրատուն, Հայկական պատրիարքարան, Սուրբ Փրկիչ հայկական հիւանդանոց եւ «Ժամանակ» օրաթերթի խմբագրութիւն։ Նրանք եւս ասացին, որ Զաքար Թարվերը ազգականներ չունի։ Ես իմացայ, որ նրա քոյրը՝ Անահիտ Դիլսիզեանը, մահացել է Սուրբ Փիրկիչ հիւանդանոցում՝ 2012 թ.։ Գնացի Բալըքլըի հայկական գերեզմանատուն, որտեղ 1960 թ. թաղւել է Թարվերը։ Պաշտօնեաները օգնեցին ինձ գտնել գերեզմանը։ Այն գտնւում է Հրանտ Դինքի գերեզմանի անմիջապէս հետեւում։ Գերեզմանաքարի վրայ կայ նաեւ Զաքար Թարվերի կիսանդրին։ Մաքրեցինք խոտածածկոյթը եւ լուսանկարւեցինք։ Որոշ ժամանակ զրուցեցինք հայկական գերեզմանատան պաշտօնեաների հետ։ Նա 15 տարի ոչ մի այցելու չի ունեցել։ Պաշտօնեան զանգահարեց հայկական համայնքի մի քանի մարդկանց, բայց մենք չկարողացանք կապ հաստատել նրա հարազատների կամ հին ընկերների հետ։

 

«ՄԻԱՅՆ ԷՐԴՈՂԱՆԸ ՅԻՇԵՑ ԻՄ ԵՂԲՕՐԸ»

Այդ ժամանակւայ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2011 թ. փոքրամասնութիւնների հիմնադրամների ներկայացուցիչներին տւած իֆթարի ժամանակ յիշատակել էր Եասսը կղզու զոհ Զաքար Թարվերին։ Վերջինիս միակ ազգականը, որը ապրում էր Թուրքիայում՝ քոյրը, Անահիտ Դիլսիզեանը, իր վերջին օրերն անցկացնում էր հիւանդանոցում, որտեղ նրա եղբայրը գլխաւոր բժիշկ էր։ Դիլսիզեանը, ով մօտենում է 90 տարեկանին, միշտ լռել է իր եղբօր մասի, ինչպէս նաեւ իր ազգանւան մասին։ Դիլսիզեանը, ով չկարողացաւ զսպել արցունքները, երբ Էրդողանը յիշեց Զաքար Թարվերին, «Վաթան» թերթի լրագրողին պատմեց հետեւեալը. «Մի օր նրանք յանկարծակի ներխուժեցին մեր տուն եւ տարան եղբօրս։ Ամբողջ ընտանիքը եւ հայ համայնքը ցնցւած էր։ Օրեր անցան, եւ մենք նրանից լուր չստացանք։ Իրականում վարչապետ Մենդերէսը, նախարարները, Դեմոկրատական ​​կուսակցութեան բոլոր անդամները տարւեցին Եասսը կղզի, եւ ամէն ինչ գլխիվայր շրջւեց։ Եղբօրս մահւան լուրը եկաւ սեպտեմբերի 19-ին։ Մենք ամիսներ շարունակ չէինք կարողանում մօրս պատմել դրա մասին։ Աճիւնն ուղարկեցին Եասսը կղզուց, ես գնացի Գիւլհանէի դատաբժշկական դիահերձարան։ Ես երբեք չեմ մոռանայ այդ տեսարանը. եղբօրս ակնոցները կոտրւած էին, նրա մարմինը մանուշակագոյն էր։ Ակնյայտօրէն շատ էին ծեծել նրան։ Նա արդէն նուրբ մարդ էր, նրա մարմինը չէր կարող դիմանալ դաժանութեանը։ Նրանք նոյն բանն արեցին եղբօրս հետ, ինչ՝ Մենդերէսի։ Վարչապետը երէկւայ իր ելոյթում յիշեց եղբօրս մասին։ Անցել է 51 տարի։ Կարդացի ելոյթը թերթում։ Վարչապետի կողմից եղբօրս յիշատակումն ինձ ուրախացրեց։ Վարչապետը նորարարութիւններ է բերում։ Փոքրամասնութիւնների համար նրա ձեռնարկած քայլերը մեզ ուրախացնում են։ Մենք լաւ ենք զգում։ Սկսւում է յուսատու ժամանակաշրջան»։

Թարգմանեց ՏԻԳՐԱՆ ՉԱՆԴՈՅԵԱՆԸ

www.akunq.net

Related Articles

Back to top button