Թուրքիան աջակցում է արտերկրի իր քաղաքացիներին, մինչդեռ Հայաստանը վանում է իր Սփիւռքը
Հայաստանը շատ մեծ Սփիւռք ունի, որը գնահատւում է 7 միլիոն՝ Հայաստանի բնակչութեան աւելի քան կրկնակին։ Հայաստանի իրար յաջորդող իշխանութիւններն այս վիթխարի հարստութեան միայն չնչին մասն են ներգրաւել ի շահ հայրենիքի: Սփիւռքը Հայաստանի ամենակարեւոր աջակիցն է, սակայն այն անտեսւում է: Սա նման է մի սոված մարդու, որն անտեսում է իր մօտ եղած ադամանդներով լի պայուսակը։
Ցաւօք, Հայաստանի Հանրապետութիւնը Սփիւռքի աջակցութիւնը ներգրաւելու փոխարէն, ճիշտ հակառակն է արել՝ խոչընդոտներ ստեղծելով Սփիւռքի մասնակցութեան համար Հայաստանի զարգացման գործում: Սփիւռքահայերը զրկւած են ընտրութիւններում քւէարկելու իրաւունքից եւ արգելւած է նրանց կողմից բարձր պաշտօններ զբաղեցնելը: Նոյնիսկ Հայաստանի քաղաքացիութիւն ունեցող, բայց արտերկրում ապրողներին չի թոյլատրւում քւէարկել Հայաստանի դեսպանատներում կամ հիւպատոսութիւններում։
Հայաստանի ներկայիս իշխանութիւնն ամէն ինչ արել է, որպէսզի քանդի միակ կամուրջը, որ կար հայրենիքի եւ իր մեծ Սփիւռքի միջեւ՝ փակելով Սփիւռքի նախարարութիւնը: Փոխարէնը, վարչապետ Նիկոլ Փաշինեանն անխոհեմաբար «Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար» նշանակեց ոչ պիտանի մի սփիւռքահայի՝ Զարեհ Սինանեանին։ Սինանեանը շրջում է ամբողջ աշխարհում Հայաստանի հարկատուների հաշւին՝ Փաշինեանի վարչակարգի համար քարոզչութիւն իրականացնելու նպատակով:
Մինչդեռ, թուրքական հզօր կառավարութիւնը, գիտակցելով իր Սփիւռքի հետ սերտ յարաբերութիւններ ունենալու օգուտները, մեծ արշաւ է սկսել՝ ամրապնդելու իր կապերը աշխարհի տարբեր երկրների թուրքերի հետ:
Թուրք հետաքննող լրագրող Աբդուլլահ Բոզքուրտը Nordic Monitor կայքում հրապարակել է յօդւած՝ «Թուրքիան ընդլայնում է իր սփիւռքի ներգրաււածութիւնը՝ արտերկրում քաղաքական նպատակների հասնելու համար» վերնագրով։ Նա կարեւոր մանրամասներ է յայտնում իր սփիւռքի հետ Թուրքիայի մօտեցման մասին:
«Թուրքիայի կառավարութիւնը նախատեսում է ընդլայնել իր աջակցութիւնը սփիւռքի խմբերին արտերկրում, ինչպէս ֆինանսական, այնպէս էլ այլ միջոցներով, նպատակ ունենալով խթանել աւելի ամուր նւիրւածութիւն Թուրքիայի նկատմամբ, յաղթահարել իրաւական եւ վարչական մարտահրաւէրները հիւրընկալող երկրներում, խրախուսել ակտիւ քաղաքական ներգրաււածութիւն եւ կապեր հաստատել ոչ թուրքական կրօնական համայնքների հետ», գրել է Բոզքուրտը։
Թուրքական կառավարութեան սփիւռքի գործակալութիւնը՝ «Արտասահմանեան թուրքերի եւ յարակից համայնքների նախագահութիւնը» (թուրքերէն՝ YTB), պատրաստել է 71 էջանոց պաշտօնական զեկոյց՝ «Ռազմավարական ծրագիր 2024-2028 թւականների համար», որը մանրամասնօրէն ներկայացնում է գործակալութեան յատուկ նպատակները, նրա տեսլականը, առաքելութիւնը եւ «Սփիւռքի համայնքի մօտ 7 միլիոն անդամների զօրաշարժման ռազմավարութիւնը՝ թուրքական կառավարութեան քաղաքականութիւնն առաջ մղելու համար»:
YTB-ի նպատակն է «աջակցել Թուրքիայի յաւակնութիւններին՝ դառնալու աշխարհի առաջատար տերութիւններից մէկը, մի տեսլական, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ձեւակերպւել է որպէս «Թուրքիայի դար»։
YTB-ն «քաղաքականութեան մի քանի գործողութիւններ է առաջարկել Էրդողանի կառավարութեանը։ Այն կոչ է արել օգտագործել իր դիւանագիտական ազդեցութիւնը եւ հանրային դիւանագիտութեան գործիքները՝ ճնշում գործադրելու օտար երկրների վրայ՝ վերացնելու սահմանափակումները թուրքական սփիւռքի խմբերի նկատմամբ։ Օտար երկրներում այլ մահմեդական կրօնական խմբերի հետ համագործակցութիւնը YTB-ի կողմից ներկայացւել է որպէս եւս մէկ առաջարկ՝ թուրքական սփիւռքի նկատմամբ սահմանափակումները յաղթահարելու համար»:
YTB-ն տրամադրում է ֆինանսաւորում, լոգիստիկ եւ տեխնիկական աջակցութիւն թուրքական սփիւռքի խմբերի գործունէութեան համար ամբողջ աշխարհում: YTB-ն վերջերս Անկարայում մասնակցել է Միջազգային դեմոկրատների միութեան (UID) կողմից կազմակերպւած ծրագրին, կազմակերպութիւն, որը գործում է որպէս արտաքին շահերի խումբ եւ ներկայացնում է Էրդողանի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնն (AKP) արտասահմանում։
YTB-ի զեկոյցում նշւում են այն խմբերը, որոնք դէմ են թուրքական կառավարութեան քաղաքականութեանը՝ նրանց անւանելով «ահաբեկիչներ»: «YTB-ն ասել է, որ այս ընդդիմադիր խմբերը խաթարում են թուրքական կառավարութեան հանրային դիւանագիտութեան ջանքերը, պառակտում են սերմանում սփիւռքում եւ քաղաքական ու անվտանգային ռիսկեր են ներկայացնում Էրդողանի կառավարութեան հետ համագործակցող խմբերի համար»:
YTB-ն յայտարարել է, որ թուրքական սփիւռքի ուսանողները, որոնք թուրքական կառավարութիւնից կրթաթոշակներ են ստանում Թուրքիայում սովորելու համար, «կը դառնան կամաւոր թուրք դեսպաններ»: YTB-ն նաեւ առաջարկել է, որ այս ուսանողները կապւած լինեն «արտաքին առեւտրով զբաղւող թուրքական ընկերութիւնների հետ», որպէսզի նրանք կարողանան «դառնալ տնտեսական դերակատարներ» իրենց բնակութեան երկրներում։
Առաւել վտանգաւոր է, որ «YTB-ն ակտիւօրէն համագործակցում է թուրքական կառավարական այլ կառոյցների, մասնաւորապէս թուրքական հետախուզական գործակալութեան՝ MIT-ի (Milli İstihbarat Teşkilatı) հետ եւ նաեւ ծառայում է որպէս լրտեսական գործակալութեան հաւաքագրման աղբիւր արտասահմանեան սփիւռքի համայնքներում: Սա ներառում է փոխանակման ուսանողներին, որոնք պետական կրթաթոշակներով սովորել են Թուրքիայում: Թուրքական դեսպանատներին յանձնարարւած է բոլոր միջոցներով օգնել օտարերկրեայ երկրներում YTB-ի աշխատանքին»։
YTB-ն նաեւ համագործակցում է «ոչ թուրքական խմբերի հետ, որոնք կոչւում են «յարակից համայնքներ», որոնք ներառում են համաշխարհային իսլամիստական ցանցերը, ինչպիսիք են «Մուսուլման եղբայրները» եւ «Հիզբ ութ-Թահրիր» ցանցերը, ի թիւս այլոց»:
Թուրքիայի կառավարութիւնը YTB-ին տրամադրել է 544.2 միլիոն դոլար ընդհանուր բիւջէ 2024-28 թւականների համար՝ սկսած 61.5 միլիոն դոլարից 2024 թւականին, աճելով մինչեւ 83.5 միլիոն դոլար 2025 թւականին, 103.3 միլիոն դոլար 2026 թւականին, 133.5 միլիոն դոլար 2027 թւականին եւ 162.4 միլիոն դոլար 2028 թւականին:
YTB-ն ուշադիր հետեւում է 170 երկրների պետական կրթաթոշակ ստացած 15 հազար օտարերկրեայ ուսանողների գործունէութեանը: Մայիսի 6-ի իր ելոյթում նախագահ Էրդողանը բացայայտեց, որ կան նաեւ 340 հազար օտարերկրայ ուսանողներ 198 երկրներից։ «Բացի այդ, գործակալութիւնը [YTB] համակարգում է շփման/համագործակցութեան ջանքերն աւելի քան 150 հազար շրջանաւարտների հետ, որոնք իրենց կրթութիւնը ստացել են Թուրքիայում: Էրդողանի կառավարութիւնը նաեւ ֆինանսաւորում ու աջակցում է ոչ կառավարական կազմակերպութիւններին, որպէսզի լրացնեն YTB-ի գործունէութիւնը՝ 92.5 միլիոն դոլար բիւջէով: Այս ծրագրի հիմնական շահառուներից մէկը UID-ն է՝ նախագահ Էրդողանի երկար ձեռքն արտերկրում»։
Հայաստանի ղեկավարները կարող են արժէքաւոր դասեր քաղել թուրքական կառավարութեան կողմից իր սփիւռքի հետ համագործակցութիւնից: Բայց, արդեօք Հայաստանում որեւէ մէկը լսո՞ւմ է կամ մտահոգւո՞ւմ:
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ