Ռուս ամերիկագէտ. «ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի յարաբերութիւնները Թրամփի օրոք «թթու» կը լինեն»
«ԱԼԻՔ» – Ռուս քաղաքագէտ եւ ամերիկագէտ Բորիս Մեժուեւը Alpha News-ի հետ զրոյցում անդրադարձել է ԱՄՆ նախագահական վերջին ընտրութիւններին եւ Դոնալդ Թրամփի յաղթանակի ազդեցութեանը Վաշինգտոնի քաղաքականութեան վրայ Ռուսաստանի եւ Հարաւային Կովկասի նկատմամբ։
«Ես արմատական փոփոխութիւններ չեմ սպասում։ Գլխաւոր փոփոխութիւնները կադրային են լինելու: Կայ որոշակի «2025» նախագիծ, որը պատրաստւում է իրականացնել Թրամփը, որտեղ հիմնականը քաղաքական բիւրոկրատիայի միջին մակարդակի փոփոխութիւնն է։ Սա հոգեբանական մեծ տրաւմա կը լինի շատ մարդկանց համար, որոնք կը կորցնեն իրենց աշխատանքը, որոնք փորձել են աշխատել կուսակցութիւնից դուրս։ Ձեզ մի ասոցացրէք ո՛չ Դեմոկրատական, ո՛չ Հանրապետական կուսակցութեան հետ։
Կարծում եմ՝ 4 տարի կը մոռանան տրանսգենդերների մասին։ Ամէն դէպքում, խստօրէն կը յայտարարւի, որ վերջ, դադարեցրէք այս երեւոյթի տարածումը բանակում, սպորտում եւ այլն, սեռերը խառնելով եւ, ամէն դէպքում, ինչ-որ իրաւական հիմք տալով դրան»,- կարծում է Մեժուեւը։
Alpha News-ի զրուցակցի խօսքով՝ Ռուսաստանի հետ յարաբերութիւններում Թրամփի ապագայ վարչակազմը հիմնւած է լինելու երկու հիմնական հրամայականի վրայ։
«Ռուսաստանի հետ յարաբերութիւնները բարդ խնդիր են։ Ես սա կը բաժանէի երկու մասի: Մի կողմից՝ վերջ տալով Ուկրաինայում ռազմական հակամարտութեանը, որը Թրամփը խոստացել էր անել 24 ժամում։ Բայց նա դա չի անի 24 ժամւայ ընթացքում, սակայն ես կարծում եմ, որ նա իսկապէս կը փորձի դա անել: Այսինքն՝ անցնել բանակցային գործընթացին եւ հասնել զինադադարի։ Ամէն դէպքում՝ գլոբալ զինադադարի։ Դէ, հասկանում էք, ինչ-որ փոխհրաձգութիւններ, գնդակոծութիւններ, միեւնոյն է, տեղի կունենան, հազիւ թէ յաջողւի հասնել հրադադարի։
Երկրորդ՝ նա կը փորձի Ռուսաստանին պոկել Չինաստանից եւ, կարծես, նրան ինչ-որ տեսակի բարիքներ առաջարկել, այդ թւում՝ պատժամիջոցների վերացում՝ Արեւմուտքի նկատմամբ ինչ-որ աւելի պարտաւորեցնող պայմանների դիմաց։ Կը լինի համատեղ յայտարարութիւն այն մասին, որ Տայւանը չպէտք է յարձակման ենթարկւի: Բնականաբար, Ռուսաստանը սրան չի համաձայնի։ Կարծում եմ՝ Ռուսաստանը կը հրաժարւի նման գրկախառնութիւններից։ Այստեղ կան ուժեղ մտավախութիւններ, որ Արեւմուտքը կը խաբի։ Եւ ամենակարեւորը՝ բոլորը հասկանում են, որ Թրամփը ընդամէնը 4 տարով է։ 4 տարի յետոյ կը գայ մէկ ուրիշը, դա պարտադիր չէ, որ լինի Վենսը (Թրամփ Ջ. Դ. Վենսի օրօք փոխնախագահ- խմբ.): Սա կարող է լինել քիչ թէ շատ պատրաստւած դեմոկրատ: Եւ ամէն ինչ նորից կը վերադառնայ իր բնականոն հունին, եւ կը յաղթի ռուսաֆոբիան։ Ուստի այստեղ այդքան վստահութիւն չկայ, եւ ես այստեղ ռազմավարական շրջադարձ չեմ ակնկալում։
Դա կը հանգեցնի նրան, որ Թրամփն, այնուամենայնիւ, նախկինի պէս հակառուսական դիրքորոշում կը գրաւի, ինչը չի նշանակում, որ նրան չի յաջողւի դադարեցնել այդ հակամարտութիւնը։ Այսինքն, ես կարծում եմ, որ յարաբերութիւնները կը լինեն թթու»,- ընդգծել է քաղաքագէտը։
Բորիս Մեժուեւի կարծիքով՝ Թրամփը գործելու է խաղաղապահի կերպարի շրջանակներում, եւ Անդրկովկասում ընթացող գործընթացներին վերաբերւելու է դրանից ելնելով:
«Թրամփը խոստացել է ամենուր խաղաղութիւն բերել։ Նրան դուր է գալիս խաղաղապահի կերպարը։ Ես չեմ կարծում, որ նա կը հրահրի հակամարտութիւններ, ես կարծում եմ, որ նա աւելի շուտ կը ձեռնարկի Չինաստանի որոշ խաղաղ նախաձեռնութիւններ եւ կը փորձի, ընդհանուր առմամբ, այդ խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով: Հետեւաբար, կարծում եմ, որ, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը նոյնպէս դիւանագիտական ճանապարհով կը լուծւի առանց սրման: Ամէն դէպքում, եթէ ինչ-որ ռազմական լուծման հերթական փորձ լինի, ապա ես կարծում եմ, որ Թրամփը կտրուկ դէմ կը լինի դրան»,- եզրափակել է Մեժուեւը։