Թրամփի նախընտրական հանդիպմանը կրակոցներ են հնչել

«ԱԼԻՔ» – Այսօր՝ վաղ առաւօտեան (ԱՄՆ ժամանակով՝ յուլիսի 13-ի միջօրէին), Փենսիլւանիայում՝ Բաթլեր աւանում ԱՄՆ նախկին նախագահ եւ 2024 թւականի նախագահութեան հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական հանդիպման ընթացքում կրակոցներ են հնչել: Հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
Անվտանգութեան աշխատակիցներն անմիջապէս Դոնալդ Թրամփին դուրս են հանել բեմից, սակայն տեսագրութիւններում երեւում է, որ Թրամփի աջ ականջի եւ այտի շրջանում արիւն է:
Թիկնապահները Թրամփին հասցրել են բեմի մօտ կայանւած աւտոմեքենայ: Այդ ընթացքում նա մի քանի անգամ բարձրացրել է աջ ձեռքը եւ թափահարել է բռունցքը, ցոյց տալով, որ ահաբեկւած չէ եւ մարտական է տրամադրւած, նա նաեւ ինչ-որ բան է վանկարկել:
Թրամփին փոխադրել են տեղական հիւանդանոց, որտեղ նա բուժօգնութիւն է ստացել: Ըստ անվտանգութեան ծառայութեան՝ նա լաւ վիճակում է:
Թրամփն աւելի ուշ շնորհակալութիւն է յայտնել իր թիկնապահներին եւ աջակիցներին:
Հաղորդւում է, որ ենթադրեալ յանցագործը տեղում ձերբակալւել է: Նրա անունը Թովմաս Մետիւ Կրուկս է: Կրակոցից առաջ նա Youtube-ում տեսանիւթ է հրապարկել, որտեղ յայտարարել է. «Վրայ է հասել արդարութեան ժամանակը»:
Նշենք, որ յուլիսի 15-ից 18-ը Միլուոքիում (Վիսքոնսինի նահանգ) գումարւելու է հանրապետականների ազգային համագումարը, որը Թրամփին ի պաշտօնէ պէտք է հաստատի ԱՄՆ նախագահութեան թեկնածու: Թրամփը յայտարարել է, որ մասնակցելու է համագումարին: