Դոկտ. Ահմադ Քազեմի. ««Ալ-Աքսայի փոթորիկ»-ը յստակ ուղերձ էր ուղղւած նրանց, ովքեր սիոնիստների խաղասեղանին են դրել իրենց երկրի ինքնիշխանութեան ճակատագիրը»
Դոկտ. Մովահեդեան. ««ՀԱՄՄԱՍ»-ի գործողութիւնները բերելու է նաեւ Հայաստանի Սիւնիքի մարզի պահպանմանը»
«ԱԼԻՔ»- Պաղեստինա-սիոնիստական հակամարտութիւնը տեղափոխւել է նոր փուլ: Արդէն պատերազմի տեսք ստացած իրավիճակը, փորձագիտական շրջանակների կարծիքով՝ Պաղեստինի ազատագրական պայքարից բացի ունի նաեւ «Կորիդորների» անցկացման, ինչպէս նաեւ Իսրայէլի եւ արաբական երկրների միջեւ յարաբերութիւնների շուտափոյթ կարգաւորման ենթատեքստ:
Այս կապակցութեամբ Կովկասի եւ տարածաշրջանի հարցերով աւագ փորձագէտ դոկտ. Ահմադ Քազեմին իր միկրոբլոգում գրառում տեղադրելով անդրադարձել է սիոնիստների մինչ այդ ունեցած տեխնոլոգիական առաւելութեանը, եւ նշել. ««Երկաթէ գմբէթ» համակարգի կառավարման բունկերի չէզոքացումը (Կիբեր յարձակման արդիւնքում) եւ սիոնիստական ռեժիմի դէմ պաղեստինեան դիմադրութեան «Ալ-Աքսայի փոթորիկ»-ը, որն աւելի տեսանելի դարձրեց Թել Աւիւի ձեռնունայնութիւնը, յստակ ուղերձ էր նրանց համար, ովքեր իրենց երկիրը դարձրել են սիոնիստների կամակատարը եւ խաղասեղանին են դրել իրենց ինքնիշխանութեան ճակատագիրը»:
«Նրանք խաղադրոյք են կատարել պարտւող ձիու վրայ»,- յաւելել է փորձագէտը։
Նոյն կապակցութեամբ չուշացաւ նաեւ դոկտ. Մովահեդեանի գրառումը «X» հարթակում: Փորձագէտը տարածաշրջանի զարգացումները փոխկապակցւած տեսնելով Կովկասում տեղի ունեցածի հետ արձանագրել է. ««ՀԱՄՄԱՍ»-ի գործողութիւնները բերելու է Հայաստանի Սիւնիքի մարզի պահպանմանը, Իրանից՝ Իրաք, ապա Սիրիա երկարող տնտեսական-մշակութային եւ «դիմադրութեան ճակատի» միջանցքի ստեղծմանը, եւ Պաղեստինը օկուպացրած ռեժիմի կործանման գործընթացի արագացմանը»:
Նա շարունակութեան մէջ կարեւորելով Չինաստանի եւ Ռուսաստանի կողմից Իրանի դերակատարութեան հետ հաշւի նստելու պարտադիր էլեմենտը, յաւելել է. «Այդպիսով Կենտրոնական Ասիան միացւելու է Արեւմտեան Ասիային, ինչով էլ մեծանում է Չինաստանից դէպի Եւրոպա միջանցքային երթուղիների ստեղծման հնարաւորութիւնը՝ Իրանի միջոցով, ինչի համար տեղին կը լինէր Անգլիային ցաւակցելը»:
Պարսկալեզու «Կովկասի ձայն» Տելեգրամային ալիքը հակիրճ պատկեր ներկայացնելով պաղեստինցիների գործողութեան արդիւնքների մասին, նշել է. «Այժմ իրադարձութիւններն այլ դիտակէտից նայելով կարելի է արձանագրել, որ Մերձաւոր Արեւելքը ինչպէս միշտ յայտնւելով լրահոսի կիզակէտում, այս անգամ Կովկասի հետ միասին իր լուսաֆորը համադրելու է Իրանի ռազմավարութեան հորիզոնների հետ»:
Աղբիւրը խօսելով սպասւող իրադարձութիւնների եւ առկայ հնարաւորութիւնների մասին, յատկապէս՝ Հարաւային Կովկասում, այդ մասին կանխատեսումներ է կատարել՝ ուրւագծելով հետւեալ հեռանկարով.
«ա-Պատերազմն ու հակամարտութիւնը Իսրայէլի սահմաններից ներս տեղափոխումն ու ստեղծելով ներքին պատերազմական պայմաններ այդ ռեժիմին խաղից դուրս վիճակում թողնելը։
բ- (Իսրայէլի զգուշաւորութեան բերումով) Սիրիայում Թուրքիայի մէջքը կոտրելն ու այդ երկրին արեւելք-արեւմուտք միջանցքից դուրս մղելը:
գ-Թալիշների սփիւռքի հզօրացում՝ որպէս քաղաքական եւ մշակութային կամուրջ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ։
դ-Հարաւային Կովկասը ջախջախելու Իրանի վճռական պատրաստակամութիւնը յստակ ուղերձ է, յատկապէս ուղղւած Ալիֆին:
ե-Բանակցութիւնների ֆոնին՝ գործարք ռուսների հետ՝ Կովկասում աւելի լուրջ ներկայութեան գծով։
զ-Ֆրանսիայի եւ Անգլիայի շահերի բախման ակտիւացում՝ կոմերցիոն եւ տնտեսական գործարքների իրականացմամբ»:
Սոցիալական ցանցերում իրանցի ակտիւիստների գրառումներից առաւել ուշագրաւ էր այս մէկը, որտեղ օգտատէրը յղում անելով պաղեստինական ջոկատների յայտարարութեանը նշել է, որ դիմադրութեան հրթիռները մէկը միւսի յետեւից արձակւում են Գուշդան շրջանի ուղղութեամբ։ Ուժեղ պայթիւններ են լսւել նաեւ Թել Աւիւում, Հաշարոնում եւ յարակից շրջաններում։ Դիմադրութեան հրամանատարները նոր կարմիր գիծ են ճշտել. «Թել Աւիւը կը մնայ անվտանգ, եթէ Գազայի շէնքերն ու բնակիչները լինեն ապահով»:
Դէպքերի եւ հակամարտութիւնների մասին Արեւմտեան մեդիայի լուսաբանումները մի կողմ թողնելով, արժէ մէջբերում անել Սիւզան Սոնթագի «Դիտելով ուրիշների տառապանքը» գրքից. «Կոնֆլիկտների ժամանակ, եթէ մի իսրայէլցի է սպանւում, մամուլով ասւում է, որ նրան սպանել են պաղեստինցիները: Իսկ, երբ պաղեստինցի երեխաներ են սպանւում Իսրայէլի ռմբակոծութիւնների հետեւանքով, նոյն մամուլով գրում են, որ «նրանք» իսրայէլական զէնքերին են զոհ գնացել»: