Վահէ Դաւթեան. «Թուրքիան ցանկանում էր լինել տարանցիկ առանցք, բայց առանց փոխզիջման, իսկ Ռուսաստանը՝ մատակարար՝ վերահսկողութեան իրաւունքով. ստացւեց փակուղի»

«ԱԼԻՔ» – Քաղաքական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգութեան փորձագէտ Վահէ Դաւթեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է Էրդողանի՝ Թուրքիան Եւրասիայի նոր էներգետիկ կենտրոն դարձնելու երազնաքի յօդս ցնդմանը:
«Թուրքական գազային հաբը՝ «Եւրասիայի նոր էներգետիկ կենտրոնը», այդպէս էլ չծնւեց։
«Գազպրոմ»-ը պաշտօնապէս արձանագրեց ակնյայտը՝ նախագիծն այլեւս չկայ։ Գլխաւոր պատճառն է Անկարայի ցանկութիւնը՝ բացառիկ վերահսկողութիւն ունենալ նախագծի նկատմամբ։
Եթէ համառոտ, ապա.
Անձնական մակարդակով Պուտինն ու Էրդողանը հետաքրքրւած էին նախագծի իրականացման մէջ։ Բայց միջպետական յարաբերութիւնները չեն կառուցւում միայն «քաղաքական քիմիայի» վրայ։
Թուրքիան ցանկանում էր լինել տարանցիկ առանցք, բայց առանց որեւէ փոխզիջման։ Իսկ Ռուսաստանը՝ մատակարար՝ վերահսկողութեան իրաւունքով։ Ստացւեց փակուղի։
Ռուսաստանը յոյս ունէր հաբի միջոցով վերադառնալ եւրոպական շուկայ՝ շրջանցելով Ուկրաինան։ Բայց պատժամիջոցերը, եւրոպական արգելքներն ու ժամանակի պակասը փոխեցին խաղի կանոնները:
Ռուսական գազը գնում է Թուրքիա նախկին ռեժիմով։ Բայց դա այլեւս ռազմավարական յաղթաթուղթ չէ։
Իրականում Ռուսաստանն, ի տարբերութիւն նախորդ տարիների, այս անգամ ընդունեց ռացիոնալ որոշում։ Նախագիծը դադարեցւել է մինչեւ դրա մեկնարկը՝ ռիսկերի սթափ հաշւարկից յետոյ։
Իսկ Թուրքիան, որը վերջին տարիներին կառուցում էր իր «էներգետիկ խաչմերուկի» իմիջը, կանգնեց փաստի առաջ. առանց փոխադարձ վերահսկողութեան ոչ մի հաբ չի կայանալու։ Էրդողանի հաւակնութիւնները մնացին ցուցադրական մակարդակում»,- գրել է նա: