ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Քաղաքագէտ. «Ի՞նչ պէտք է հասկանայ Հայաստանը իրանական այս մեդիա «ջերմաչափից»»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Արա Պօղոսեանի ֆէյսբուքեան գրառումը.

«Տարածւեց տեղեկատւութիւն այն մասին, թէ իբր Իրանի Իսլամական Հանրապետութեան Արտաքին գործերի նախարարութիւնը պատւիրակութիւն է ուղարկելու Թուրքիա՝ այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի հարցով։ Տեղեկատւութիւնն յատկապէս ադրբեջանական լրատւամիջոցներն էին ակտիւօրէն տարածում, եւ ստեղծւում էր տպավորութիւն, թէ Իրանն ու Թուրքիան համաձայնութեան կարող են գալ այս հարցում։ Ընդորում հետաքրքիրն այն էր, որ տարածւող տեղեկատւութեան մէջ իբրեւ թէ Իրանի ԱԳ ներկայացուցիչը` Բաղային, նշել է, թէ իբր միջանցքի հարցը երկու երկրների միջեւ «ո՛չ թէ քաղաքական հարց է, այլեւ՝ տեխնիկական»։ Ահա այս ձեւակերպումն ինքնին հարցեր էր առաջացնում, որովհետեւ Իրանի համար այս հարցը ո՛չ թէ անգամ քաղաքական ենթատեքստ ունէր, այլեւ աշխարհաքաղաքական, ինչը շեշտակիօրէն բարձրացնում էր հարցի կարեւորութիւնը։

Եւ ահա, քիչ անց իրանական լրատւամիջոցները տարածում են պարզաբանում. տարածւած նորութիւնը «Իրանի ԱԳՆ յայտարարութիւնը «Զանգեզուրի միջանցք»-ի մասին» վերտառութեամբ, եղել է Դանեշջու լրատւամիջոցի լրատւական քայլը, եւ Արտաքին գործերի նախարարութիւնը Զանգեզուրի մասով նոր դիրքորոշում չունի»:

Իհարկէ, սա կարեւոր պարզաբանում է, յատկապէս որ յայտարարութեան մէջ իրականում անգամ չի շօշափւել Զանգեզուրի միջանցքի հարց, այլ խօսքը եղել է թուրքական բեռնատարների վառելիքի մասին, որը ըստ իրանական կողմի ո՛չ թէ քաղաքական, այլ տեխնիկական հարց է։ Սա լիովին տրամաբանական է, բայց մենք գիտենք, որ քաղաքականութիւնը յաճախ անուղղակի գործողութիւնների ռազմավարութեան վրայ է հիմնւած, յատկապէս Իրանի պարագայում։

Ի՞նչ պէտք է հասկանայ Հայաստանը իրանական այս մեդիա «ջերմաչափից»:

Ես կարծում եմ, որ սա տեղեկատւական տեխնիկա էր, որը ուղղւած էր յատկապէս Հայաստանին։ Հայաստանը Իրանի հետ պէտք է յստակեցնի Ադրբեջանի պահանջների փաթեթի նկատմամբ իր դիրքորոշումը եւ կարմիր գծերը։ Յատկապէս Սիւնիքի հարցում Հայաստանը պէտք է նաեւ Իրանի հետ համատեղ գործողութիւնների ծրագրի մշակի այն դէպքերի համար, երբ Ադրբեջանը եւ Թուրքիան մեզ կանգնեցնեն ֆորս-մաժորի առաջ։

Հակառակ պարագայում, Իրանը յանուն իր սեփական շահերի կարող է պայմանաւորւել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որի դէպքում այսպէս կոչւած միջանցքի հարցը իսկապէս կը դառնայ ի դժբախտութիւն մեզ՝ ընդամէնը տեխնիկական խնդիր։

Ես միանշանակ վստահ եմ, որ այդ սցենարի պարագայում մեզ չեն օգնելու ո՛չ ԵՄ-ն եւ ո՛չ էլ ԱՄՆ-ն, իսկ ՀԱՊԿ-ն արդէն վաղուց Հայաստանի համար գոյութիւն չունի։ Հայաստանը մնալու է միայնակ, ուստի այսօր պարտաւոր ենք ձեւակերպել եւ ստեղծել Սիւնիքի պաշտպանութեան հարցում դաշնակիցների կոալիցիա։

Վաղը ուշ կը լինի, յատկապէս երբ Թուրքիան հասցնի լուծել իր խնդիրները»:

Related Articles

Back to top button