Քաղաքական

Չոր փաստեր՝ խաւիարային/խիարային դիւանագիտութեան հայ շահառուների մասին

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Փաստաբանութիւնը վճարովի ծառայութիւն է։ Ինչպէս որ վճարովի զբաղմունք է լաբբիզմը՝ այլոց շահերի առաջմղումը։ Միջազգային փաստաբանութիւնն ու լաբբիզմը վճարովի են առաւել եւս ու արժեն աստղաբաշխական գումարներ։ Այդ ծառայութիւններից օգտւում են կա՛մ համաշխարհային մասշտաբի մեծահարուստներն ու խոշոր կորպորացիաները, կա՛մ պետութիւնները՝ իրենց քաղաքական ու տնտեսական շահերը պաշտպանելու, առաջ մղելու համար։ Սրանք չոր փաստեր են։

1994 թւականից ի վեր Ադրբեջանը միջազգային բոլոր կառոյցներում, աշխարհի առաջատար ու ոչ այնքան առաջատար երկրների խորհրդարաններում, քաղաքական, տնտեսական, մշակութային շրջանակներում իր շահերն առաջ մղելու, Արցախի հարցի վերաբերեալ իր դիրքորոշումները պաշտպանելու համար ծախսել է, ամենահամեստ գնահատականներով՝ մի քանի միլիարդ դոլար։ Եւրոպական մի քանի երկրներում «խաւիարային դիւանագիտութեան» շրջանակներում բազմաթիւ քրէական գործեր կան յարուցւած՝ ամենատարբեր պաշտօնեաների, քաղաքական ու մեդիա գործիչների մասնակցութեամբ։
Սրանք չոր փաստեր են։

1915 թւականին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ, յատկապէս անցեալ դարի կէսերից, Թուրքիայի արտաքին քաղաքականութեան գերակայութիւններից մէկը եղել եւ մնում է Հայոց Ցեղասպանութեան ժխտումը։ Ինչպէս Ադրբեջանը՝ Արցախի հարցի առնչութեամբ, այնպէս էլ Թուրքիան՝ Հայոց Ցեղասպանութեան ժխտողականութեան նպատակով, տասնամեակներ շարունակ միջազգային բոլոր կառոյցներում, աշխարհի բոլոր երկրների քաղաքական, գիտական, իրաւաբանական, տնտեսական, մշակութային եւ այլ շրջանակներում ծախսել է անհաշւելի միջոցներ՝ Հայոց Ցեղասպանութիւնը հերքելու, դրա միջազգային ճանաչումը թոյլ չտալու համար։

Սրանք չոր փաստեր են։

2022 թւականին Պրագայում Նիկոլ Փաշինեանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը՝ Արցախը ներառեալ։ Շուրջ 30 տարի անց Ադրբեջանը հասել է այն նպատակին, ինչի համար ծախսել է միլիարդաւոր դոլարներ։

2024 թւականի Հայաստանի իշխանութեան պաշտօնական ներկայացուցիչը՝ յղում անելով երկրի ղեկավարին, յայտարարել է, որ վերջինս նպատակ ունի Ցեղասպանութեան հետ կապւած իրական հիմքեր կառուցել՝ աւելի առարկայական դարձնել ցեղասպանութեան ենթարկւած մեր հայրենակիցների ամբողջ ցանկը՝ պարզելու համար՝ արդեօք Հայոց Ցեղասպանութեան զոհերի թիւը եղել է 1.5 միլիո՞ն, դրանից պակա՞ս, թէ՞ աւելի։ Աւելի քան կէս դար անց Թուրքիան ընդհուպ մօտեցել է այն նպատակի իրականացմանը, որի համար տասնամեակներ շարունակ ծախսել է ահռելի ֆինանսական, քաղաքական, դիւանագիտական միջոցներ։

Սրանք չոր փաստեր են։

Վերը նշւած մի քանի փաստերի (որոնք օբիեկտիւ իրականութիւն են՝ անկախ դրանց նկատմամբ վերաբերմունքից) համադրումից ստացւում է, որ Հայաստանի իշխանութիւնը՝ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, կատարել եւ շարունակում է կատարել գործողութիւններ, որոնք իրականացնելու համար այլ դերակատարների (միջազգային իրաւունքի մասնագէտներ, փաստաբաններ, քաղաքական գործիչներ, լաբբիստներ, եւ այլք) Ադրբեջանն ու Թուրքիան երկար տարիներ վճարել են միլիարդաւոր դոլարներ։

Ամենապարզ լոգիզմի մեթոդով ստացւում է, որ կա՛մ Ադրբեջանն ու Թուրքիան հիմա էլ նոյն գումարները վճարում են Հայաստանի իշխանութիւններին, կա՛մ Հայաստանի իշխանութիւնները՝ չգիտակցւած կերպով, կատարում են գործողութիւններ, որոնց համար թշնամական պետութիւնները պատրաստ են եղել ու պատրաստ են վճարել միլիարդաւոր դոլարներ։ Այլ կերպ ասած՝ փաստերի համադրումից ստացւում է, որ Հայաստանի իշխանութիւնները կա՛մ օտարերկրեայ վճարւող գործակալներ են, կամ անմեղսունակ ազդեցութեան գործակալներ, որոնք  չգիտակցելով՝ անում են այն, ինչի համար Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ են վճարել։

Այսինքն՝ կամ Հայաստանի իշխանութիւնները եւս ներգրաււած են «խաւիարային դիւանագիտութեան» շահառուների ցուցակներում եւ վճարւում են, կամ նրանց դէպքում կիրառւում է «խիարային դիւանագիտութիւնը», որի շրջանակներում գործում է անմեղսունակութեան կանխավարկածը, եւ ծառայութիւնների դիմաց դրանք կատարողները վճար չեն գանձում։

Բացառւած չէ, իհարկէ, որ տեղի ունի ոչ միայն «կա՛մ-կա՛մ», այլ նաեւ «ե՛ւ-ե՛ւ» պարագան, որովհետեւ անմեղսունակութիւնն ուղղակիօրէն չի բացառում վճարւելու հնարաւորութիւնը։ Հայ ժողովուրդն այսպիսով կանգնած է չափազանց պարզ, բայց միեւնոյն ժամանակ՝ բարդ երկընտրանքի առաջ. ընտրել՝ սեփական ճակատագրի մասին որոշումներ կայացնողները լրտեսնե՞ր են, թէ՞ ապուշներ։

Երկու դէպքում էլ պետութեանը հասցւած եւ հասցւելիք վնասի չափն առանձնապէս չի փոխւելու, այդ ընտրութիւնից առաւելագոյնը կախւած է լինելու՝ հետագայում նրանք միանգամի՞ց են տեղափոխւելու կալանավայրեր, թէ՞ այնտեղ են յայտնւելու համապատասխան առողջապահական հիմնարկում գտնւելուց յետոյ։ Իսկ եթէ հայ հասարակութիւնը հրաժարւի հիմք ընդունել չոր փաստերը եւ դրանց համարժէք գործողութիւններ կատարել, ինքը կարող է յայտնւել համապատասխան կոլեկտիւ բուժհաստատութիւնում։ Ադրբեջանն ու Թուրքիան հաստատ դէմ չեն լինի ֆինանսաւորել դրա կառուցումը։

168.am

Related Articles

Back to top button