ՄիջազգայինՔաղաքական

«Կաւկազար». «Չնայած Ղարաբաղի գրաւմանը՝ Ադրբեջանի ռազմականացումը տեմպերը չի նւազեցնում»

«ԱԼԻՔ» – Ստամբուլի պաշտպանական ցուցահանդէսում ադրբեջանցի ինժեներներն ու արտադրողները ներկայացրել են զէնքի եւ տեխնիկայի մի ամբողջ շարք, որը մշակել են թուրքական ընկերութիւնների հետ սերտ համագործակցութեամբ: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է ռուսական «կաւկազար» տելեգրամեան ալիքը։

«Ի՞նչ են ցուցադրել.

– Turan-1 7.62×39 տրամաչափի գրոհային հրացան, որը ստեղծւել է յատուկ ջոկատայինների մասնակցութեամբ եւ խորհրդատվութեամբ։ Դա դիրքաւորւում է որպէս հեռանկարում ողջ տարածաշրջանի համար հիմնական հրաձգային զէնք։ Բացի այդ, ներկայացւել է 5.56 տրամաչափի նոր շարք։

– ITX-Motors-ի մարտական զրահամեքենաներ՝ սեփական մշակման երրորդ մոդելը։ Այն փորձարկումներ է անցել լեռներում եւ անապատներում, եւ շուտով սպասւում է արդիւնաբերական արտադրութիւն՝ հետագայում սպառազինութեան մէջ ընդգրկելով։

– Արհեստական բանականութեամբ դրոններ. Synapline-ը ներկայացրել է RD Smart կամիկաձէ դրոնների շարք, որոնք, ըստ մշակողների յայտարարութիւնների, աշխատում են առանց GPS-ի կապի՝ յենւելով ԱԲ-ի վրայ», – նշում է ալիքը։

«Կաւկազար»-ն ընդգծում է, որ ցուցադրւած նմուշների մի մասը շատ նման է թուրքական եւ իսրայէլական մշակումներին, սակայն Բաքւում վստահեցնում են, որ խաղադրոյքը կատարւում է սեփական գիտահետազօտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների վրայ։

«Ինչպէս ասում են՝ «սեփական ուժերով, բայց եղբայրական զգօն ղեկավարութեան ներքոյ»։

Ադրբեջանում ոգեւորութեամբ արդիականացնում են իրենց ռազմարդիւնաբերական համալիրը թուրքական կաղապարներով, ընդ որում՝ արդէն որպէս կրտսեր գործընկեր։ Բարաժող զինամթերքը, որն ըստ էութեան որոշեց ղարաբաղեան արշաւի ելքը, այժմ ամբողջութեամբ տեղայնացւած է։

Չնայած Ալիեւի վաղեմի երազանքի փաստացի իրականացմանը եւ Ղարաբաղի նկատմամբ վերահսկողութեան հաստատմանը, Ադրբեջանի ռազմականացումը տեմպերը չի կորցնում։ Հաշւի առնելով, որ ներկայումս աճում է լարւածութիւնը ՌԴ-ի հետ յարաբերութիւններում, ինչպէս նաեւ չի վերացել ադրբեջանցիների ախորժակն իրանական նահանգների նկատմամբ, տարածաշրջանում հետագայ լարւածութիւնը միայն կաճի»,- ընդգծում է ռեսուրսը։

Related Articles

Back to top button