Հայաստան - ԱրցախՔաղաքական

Նարեկ Կարապետեան. «Մեր թիմի ու քաղաքական ուղղութեան ղեկավարը կը լինի Սամուէլ Կարապետեանը»

«ԱԼԻՔ» – «Ըստ մեր Սահմանադրութեան, իշխող կուսակցութիւնը ընտրւում է եւ նա առաջարկում է կառավարութեան ղեկավարի թեկնածու. շատ կարեւոր է պառլամենտական համակարգում, որ իշխող կուսակցութիւնը, որն ընտրւել է ժողովրդի քւէով, առաջարկի երկրի վարչապետի թեկնածու եւ նաեւ հնարաւորութիւն ունենայ, եթէ վարչապետը լաւ չի աշխատում, փոխել այդ վարչապետին»։ Այս մասին ըստ News.am-ի՝ երէկ՝ յուլիսի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում լրագրողների հետ զրոյցում նշել է կալանաւորւած գործարար եւ բարերար Սամուէլ Կարապետեանի եղբօրորդին՝ Նարեկ Կարապետեան՝ անդրադառնալով հարցին, թէ իրենց կողմից ձեւաւորւող ուժի առաջնորդը Սամուէլ Կարապետեա՞նն է լինելու, թէ այլ անձ, օրինակ, նախկին վարչապետ Կարէն Կարապետեանը, ինչի մասին եղել են հրապարակումներ։

«Մեր թիմի ղեկավարը, մեր քաղաքական ուղղութեան ղեկավարը կը լինի Սամուէլ Կարապետեանը եւ նրա աշխատանքային հովանու ներքոյ մենք կը գնանք առաջ։  Այսինքն, բոլոր թէ՛ տնտեսական, թէ՛ սոցիալական, թէ՛ արտաքին քաղաքականութեան հարցերում մենք կը հետեւենք նրա նախանշած ուղուն։ Իսկ թիմը կը ձեւաւորւի պրոֆեսիոնալութեան հիմքով։ Այսինքն շատ կարեւոր է, որ այն ուժը, որը յաղթել է, այդ ուժը առաջարկի պրոֆեսիոնալ ղեկավարներ, եւ ոչ թէ մի մարդու, ով պէտք է նստի աթոռին, կառչի աթոռից, անգամ սխալներ գործելու դէպքում չցանկանայ հեռանալ այդ աթոռից։ Դա է բերում բոլոր այս ցնցումներին»,- ասել է նա։

Անդրադառնալով նրան, որ Սամուէլ Կարապետեանը սերտ առնչութիւններ է ունեցել նախկին իշխանութիւնների հետ, իսկ նրա եղբայր Կարէն Կարապետեանը եղել է Սերժ Սարգսեանի աշխատակազմի ղեկավարը, Նարեկ Կարապետեանն ասել է. «Ոչ ոք չի կարող ժխտել, որ Սամուէլ Կարապետեանի անցած ճանապարհը լրիւ տարբերւում է մեր նախկին ղեկավարների, մեր երկրի երեք նախագահների անցած ճանապարհից։ Այսինքն դա տնտեսական ճանապարհ է։

Իմ ուղերձի ժամանակ ես նախանշեցի, որ այդ ճանապարհը ու ընդհանուր մարդու աշխատանքային տրամաբանութիւնը լրիւ այլ է, այսինքն հատման կէտ 35-ամեայ աշխատանքի մէջ կարող են լինել այն կէտերը, որտեղ ընդհանուր հետաքրքրութիւն կայ երկրի տնտեսութեան եւ երկրի հետաքրքրութիւնների, բայց ոչ ոք չի կարող ասել, որ անցած ուղիները մէկ են։ Անցած ուղիները տարբեր են, մարդիկ տարբեր են, մօտեցումները տարբեր են։ Ժամանակի ընթացքում բոլոր իշխանութիւնների հետ եղել է աշխատանք եւ կը լինի աշխատանք նաեւ հետագայում միշտ բոլոր գործարարների եւ իշխանութիւնների մէջ, բայց դա չի նշանակում, որ ուղիները մէկ են։ Դա է եղել իմ մեսիջը ու այդ մեսիջը ինձ թւում է բոլորը հասկացել են»։

Related Articles

Back to top button