Ժնեւում Իրանի դեսպան․ ԱՄՆ-ի հարւածները քաղաքացիական ենթակառուցւածքներին պէտք է դատապարտւեն

«ԱԼԻՔ»- Ժնեւում ՄԱԿ-ի գրասենեակում Իրանի մշտական ներկայացուցիչ եւ դեսպան Ալի Բահրէյնին ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների հարցերով բարձր յանձնակատարին ուղղւած նամակում նախազգուշացրել է Իրանի դէմ ԱՄՆ-ի շարունակւող յարձակումների հումանիտար եւ մարդու իրաւունքների հետեւանքների մասին՝ կոչ անելով Մարդու իրաւունքների հարցերով բարձր յանձնակատարի գրասենեակին յստակ դիրքորոշում յայտնել եւ դատապարտել այդ յարձակումները։
Pars Today-ի հաղորդմամբ՝ յղում կատարելով IRIB լրատւական գործակալութեանը, Ալի Բահրէյնին նշել է, որ միջազգային իրաւունքի սկզբունքներին եւ նորմերին հակասող այդ անօրինական յարձակումները խլել են բազմաթիւ խաղաղ բնակիչների կեանք, ինչպէս նաեւ լայնածաւալ վնասներ են հասցրել քաղաքացիական ենթակառուցւածքներին եւ կենսական նշանակութեան օբիեկտներին։
Նամակում որպէս ԱՄՆ-ի յանցագործութիւնների հետեւանքով վնասւած քաղաքացիական ենթակառուցւածքներ նշւած են Թեհրան–Մաշհադ երկաթուղու մի շարք հատւածների թիրախաւորումը, Դեհլորան քաղաքում խմելու ջրի արտադրական կայանի վնասումը, Հովէյզէ եւ Դաշտէ Ազադեգան շրջանների ցորենի պահեստարանների թիրախաւորումը, Իրանի հարաւում ձկնորսական նաւերի վրայ իրականացւած յարձակումները, Ահւազի Բաղայի հիւանդանոցի յարակից տարածքում իրականացւած հրթիռային հարւածները, ինչպէս նաեւ Սեմնանի օդանավակայանի թիրախաւորումը։
Նամակի մէկ այլ հատւածում Ժնեւում Իրանի դեսպանը ցաւ է յայտնել, որ ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների հարցերով բարձր յանձնակատարի գրասենեակը չի դատապարտել վերջին յարձակումները։ Նա ընդգծել է, որ այն պայմաններում, երբ խախտւել է ՄԱԿ-ի անդամ պետութիւններից մէկի տարածքային ամբողջականութիւնը, իսկ խաղաղ բնակչութիւնը շարունակում է կրել այդ յարձակումների հետեւանքները, յստակ, ժամանակին եւ վճռական արձագանգի բացակայութիւնը կարող է տպաւորութիւն ստեղծել, թէ մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ միջազգային իրաւունքի կիրառման հարցում առկայ է ընտրական մօտեցում։



