Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արեւելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենեակը յայտարարութեամբ է հանդէս եկել՝ ի զօրակցութիւն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

«ԱԼԻՔ» – Արեւելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենեակը յայտարարութեամբ է հանդէս եկել՝ ի զօրակցութիւն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի: Հաղորդում է Yerevan.today-ը:

«Արեւելքի Ասորական Եկեղեցին խորը մտահոգութեամբ է հետեւել վերջին շաբաթների իրադարձութիւններին Հայաստանում, որոնք առնչւում են Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրագոյն եկեղեցական իշխանութիւնների դէմ ուղղւած համակարգւած հակաքարոզչութեանն ու հակազդեցութիւններին՝ Հայաստանի Հանրապետութեան քաղաքական իշխանութիւնների եւ իրաւապահ մարմինների կողմից:

Որպէս քոյր արեւելեան եկեղեցի՝ Ասորական Եկեղեցին կիսում է Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւորականութեան, եպիսկոպոսութեան եւ հաւատացեալ ժողովրդի տառապանքն՝ այս վերջին ցաւալի զարգացումների առնչութեամբ:

Այս անյարիր գործողութիւնները ներառել են Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսների եւ հոգեւորականների անհիմն կալանաւորումները, ինչպէս նաեւ զազրելի վիրաւորանքների արշաւը՝ մեր եղբայր, Նորին Սրբութիւն Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի դէմ: Եկեղեցիների սրբազան տարածքների ոտնահարումներն ու Էջմիածնի կաթողիկոսական աթոռի եւ բարձրաստիճան հոգեւորականների բարոյական հեղինակութեան ու վարկանիշի դէմ ուղղւած վարկաբեկիչ արշաւը քաղաքական իշխանութիւնների կողմից անկասկած դատապարտելի արարքներ են, որոնք ոտնահարում են ինչպէս մարդկային, այնպէս էլ բարոյական արժանապատւութիւնը, եւ լիովին անտեսում Եկեղեցու եւ Պետութեան տարանջատման սկզբունքը ու կրօնական հաւատքի ազատ արտայայտումը:

Հետեւաբար, Արեւելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոս–պատրիարք Նորին Սրբութիւն Մար Աւա Երրորդը, Սուրբ Սինոդի անունից, արտայայտում է մեր եղբայրական ու քրիստոնէական զօրակցութիւնը՝ Նորին Սրբութիւն Կաթողիկոս Գարեգին Երկրորդին եւ իր բարոյական աջակցութիւնը յայտնում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

Բացի այդ, մենք ամբողջութեամբ սատարում ենք 2025 թւականի յուլիսի 8-ին, Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի Գլխաւոր քարտուղարի կողմից հրապարակւած յայտարարութեանը, ինչպէս նաեւ բազմաթիւ այլ յայտարարութիւններին, որոնք հնչեցրել են տարբեր Եկեղեցիների Հայրապետներ ու Կաթողիկոսներ՝ իրենց աջակցութիւնն արտայայտելով Հայ Առաքելական Եկեղեցուն այս տխուր հարցում:

Մենք աղօթում ենք, որ այս ցաւալի պահը՝ յատկապէս Սուրբ Էջմիածնում, շուտով լուծում ստանայ իմաստութեամբ ու խաղաղ ճանապարհով Հայաստանի Հանրապետութեան պետական պաշտօնեաների կողմից, որպէսզի Եկեղեցին կարողանայ անխափան շարունակել իր առաքելութիւնը՝ քարոզելու մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի Աւետարանը:

Մենք եւս աղօթում ենք, որպէսզի եղբայրութեան եւ յարգանքի ոգին կրկին տիրի Հայաստանի հասարակութեան բոլոր ոլորտներում»,- ասւած է յայտարարութեան մէջ:

Related Articles

Back to top button