Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ. «Բազում յարձակումների միջով անցած Եկեղեցին մնացել է անսասան»

«ԱԼԻՔ» – Յունւարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսաւորութեամբ նշւել է մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան եւ Աստւածյայտնութեան տօնը։ Տօնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մատուցեց Սուրբ եւ Անմահ Պատարագ։ Այս մասին յայտնում է Մայր Աթոռի տեղեկատւական ծառայութիւնը:

Հայրապետական Սուրբ Պատարագին ներկայ են եղել Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, քաղաքական-հասարակական գործիչներ եւ ուխտաւոր հայորդիներ:

Հայրապետական խաչվառազարդ թափօրը զանգերի աւետաբեր ղօղանջների ներքոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վեհարանից ամպհովանիով ուղեկցել է դէպի Մայր Տաճար:

Հայրապետական ամպհովանին կրել են Արագածոտնի թեմի թեմական խորհրդի ատենապետ Գրիգոր Մովսիսեանը, գեղանկարիչներ՝ Տիգրան Բարխանաջեանը, Միքայէլ Յարութիւնեանը եւ Մայիս Մխիթարեանը։

Սրբազան արարողութեանը Հայոց Հովւապետին որպէս առընթերականներ սպասաւորել են Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը եւ Գերաշնորհ Տ. Դանիէլ եպիսկոպոս Ֆընտըգեանը։

Սուրբ Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը աշխարհասփիւռ հաւատաւոր հայ ժողովրդին յղել է հայրապետական իր պատգամը՝ փոխանցելով «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» կենարար աւետիսը:

Վեհափառ Հայրապետն իր պատգամում  անդրադարձել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ սանձազերծւած յարձակումներին:

Նա մասնաւորապէս նշել է. «Այսօր մեր կեանքում տկարանում են միմեանց հանդէպ հաւատն ու վստահութիւնը, որպէս քաջութիւն է ընկալւում անյարգալից ու անզուսպ պահւածքը, խօսքի ազատութիւնը հակադարձւում է այլակարծութեան անհանդուրժողութեամբ, բանավէճը՝ վերածւում վիրաւորանքների ու վարկաբեկումների, իսկ հանրային օգուտը, հայրենանպաստ եւ ազգանւէր ծառայութիւնը ստորադասւում անձնական եւ խմբակային նեղ շահերի։ Մեր Սուրբ Եկեղեցին շարունակում է ենթարկւել բռնաճնշումների։ Այս իրավիճակը լուրջ հարւած է մեր ազգի ու պետութեան հեղինակութեանը եւ խորը վէրք՝ հասցւած համայնքներին ու հաւատացեալներին։ Հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողութիւնների՝ մեր Սուրբ Եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր ու անսասան է, հաւատարիմ իր տէրունաշնորհ կոչմանն ու առաքելութեանը։ Հայոց Եկեղեցին սուրբ է ու սրբարար՝ հիմնադրւած մեր Տէր Յիսուս Քրիստոսի Սուրբ Թադէոս եւ Սուրբ Բարդուղիմէոս Առաքեալների քարոզչութեամբ որպէս «մարդկանց քաւարան, հրեշտակաց բնակարան եւ տուն Աստծոյ»։ Առաքելական մեր Մայր Եկեղեցին պատմութեան հոլովոյթներում ենթարկւել է բազում յարձակումների, անցել սոսկալի նեղութիւնների ու տառապանքների միջով, մարտիրոսւել ու նահատակւել, բայց երբեք յուսահատութեան գերի չի դարձել, քանզի գիտակցել է, որ ճշմարիտ ազատութիւնը եւ փրկութիւնը Քրիստոսին հնազանդւելու, Նրան ապաւինելու մէջ է»:

Related Articles

Back to top button