«Նողկալի է այդքան իջնելը». Միքայէլ Սրբազանի պատասխանը՝ Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանը, ով դեռ բուժում է ստանում Իզմիրլեան բժշկական կենտրոնու, կարդացել է ՀԱԵ ԱՄՆ արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արքեպիսկոպոսի յայտարարութիւնը, որով նա փորձել է բացատրել, թէ ինչու է միացել տիրադաւ եպիսկոպոսների խմբին եւ ինչու է Նիկոլ Փաշինեանին աջակցում Հայ Առաքելական Եկեղեցին քանդելու գործում: Միքայէլ արքեպիսկոպոսը մի ծաւալուն պատասխան է գրել Յովնան Սրբազանի յայտարարութեանը։
«Ի խորոց» թուղթ առ ումեմն ի տիրադաւ հերձւածողաց…
Այսօր իմ հիւանդասենեակ-մեկուսարանում ձեռքս անցաւ անստորագիր մի գրութիւն, որի «Տիրոջ տան հանդէպ նախանձախնդրութեամբ կլանւած» հեղինակը Եկեղեցւոյ բարեկարգութիւնը տեսնում է որպէս անհետաձգելի հրամայական: Կարող ենք հանգիստ շունչ քաշել… վերջապէս…
Գրութեան ընթերցումից պարզ է դառնում, որ «կլանւած» հեղինակը տիրադաւ հերձւածողներից աւագագոյնն է, որն այսօր դեռ զբաղեցնում է ՀԱԵ ԱՄՆ Արեւմտեան թեմի առաջնորդի պաշտօնը՝ առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օժանդակութեան եւ սատարումի:
Քանի որ իմ հնարաւորութիւնները սահմանափակւած են, չեմ կարող համակարգիչ օգտագործել, իսկ սովորութիւն ունեմ որեւէ բան գրել մէկ շնչով, ուստի անցնեմ բովադակութեանը:
Ասւում է, որ «կարգ մը ազնիւ եւ բարեպաշտ հաւատացողներ» մտահոգւած են Եկեղեցու ներքին կեանքը խաթարող աղմկայարոյց դէպքերով: Սա ընդունենք իբրեւ ինքնախոստովանական ցուցմունք, քանի որ հէնց իրենք եւ միայն իրենք են խաթարել Եկեղեցու ներքին կեանքը՝ իրենց դաւադիր եւ գաղտագողի խարդաւանքը հրապարակելով նոյեմբերի 28-ին, եւ յաջորդող հերձւածողական արարքներով՝ Հայաստանի տարբեր թեմերում՝ իրենց «մենտորի» զինւած բանդայի բացայայտ եւ լկտի հակասահմանադրական միջամտութեամբ, որոնցից ամենավերջինը տեղի ունեցաւ Մասիսում:
Իր «քանիցս» հնչեցրած կոչերին ծանօթ չենք, քանզի զրկւած ենք համացանցային հասանելիութիւնից, ուստի զանց կառնենք այդ կոչերին անդրադառնալը:
Ապա պարզւում է, որ բարեկարգութիւնը օրակարգ է Ե դարից սկսած, որի համար զանազան ժողովներ են գումարւած, սակայն ժողովների որոշումներին յղում անելու փոխարէն հեղինակը յղում է ԺԲ-Ի դարերի միջակայքում գործած 4 Հայրապետների յորդորական կոնդակներին եւ քարոզներին, ինչպէս եւ եռամեծ Ս. Գրիգոր Տաթեւացուն, որտեղ Հայրապետներն ու Վարդապետը ճշգրիտ ախտորոշումներ են արել, սակայն ոչ մի ակնարկ՝ բարեկարգութեան:
Եւ յանկարծ հսկայական ցատկ՝ Ե դարից միանգամից դէպի «նախորդ տարի՝ ի լրումն ժամանակի» բարեկարգութեան անհրաժեշտութեան՝ արտայայտւած յայտնի ամօթալի դէպքերով: Բարեկարգութեան մասին խօսողները երեւի ծանօթ էլ չեն Բաբկէն Կիւլեսերեան կաթողիկոսի դեղամիջոցին՝ «Եկեղեցու բարեկարգութիւնը եկեղեցականի բարեկարգութիւն է»: Գոնէ բարեկարգւէիք բարեկարգելուց առաջ…
Անցնենք տիրադաւ հերձւածողութեան 11 «գլխաւոր» պատճառներին, ինչից հասկացւում է, որ դեռ կան երկրորդական պատճառներ եւս, որոնք մեզ խնայւել են․
ա/ Իբրեւ Վեհափառ Հայրապետը «պարտակել է» Արշակ Սրբազանին վերագրւող «անպարկեշտ» արարքը: Աւելորդ է այս ծիծաղելի մեղադրանքին անդրադառնալը, որովհետեւ գոնէ իրար հետ համաձայնեցրէք ձեր յայտարարութիւնները: Մի տիրադաւ յայտարարում է, թէ Վեհափառը պատւիրել է այդ տեսանիւթը, իսկ սա ասում է, թէ՝ «պարտակել է»: Առաջին հերթին կողմնորոշւէք, իսկ յետոյ սկսէք կամաց-կամաց «առիթը» զանազանել «պատճառից»: Թէեւ երեւի դժւար կը լինի, ինչպէս երեւում է ձեր «գործունէութիւնից»:
բ/ Ցաւալիօրէն կրկնւում է գլխաւոր մոլագրի կողմից շրջանառութեան մէջ դրւած այն թէզը, թէ Վեհափառը «պարտադրած է» Աղան աբեղային: Սա նոյնպէս պատճառ չի կարող լինել, այլ սոսկ առիթ, իսկ իրականութիւնն է, որ նախկին աբեղայի կողմից իշխանութիւնների հասցէին արւած դժգոհութեանն ի պատասխան Վեհափառը պարզապէս հարցրել է․ «Իսկ այդ դէպքում ինչո՞ւ դու եւ մայրդ ցուցարարների շարքում չէք»: Սա է հէնց նախկին աբեղայից ինձ պատմւածը ժամանակին: Այ քեզ բարեկարգութեան պատճառ…
գ/ Կուսակրօնութեան ուխտի խախտման հնարաւոր լինելու մասին․․․ Եւս մէկ ցնցող պատճառ: Աշխարհում չկայ մի կուսակրօն, որին նման մեղադրանք ներկայացւած չլինի, ինչպէս անցեալում, այնպէս էլ այսօր: Այդ նոյն «պնդումը» բազմիցս նետւել է ասպարէզ՝ յատուկ շրջանակների կողմից յատուկ նպատակներով: 1999-ի ընտրութիւններից առաջ էլ էր նետւած, սակայն այն ժամանակ հեղինակը նման պահանջ չունէր: Փաստօրէն 27 տարի էր պէտք պահանջ ձեւաւորելու համար…
դ/ Փաստօրէն հեղինակը անվերապահ հնազանդութիւն Վեհափառին յայտնելու փոխարէն նոյնը սկսել է յայտնել երկրի գլխաւոր յանցագործին, որի կիսատ֊պռատ ինչ որ «թղթի» կտորը դառնում է «փաստեր»: Նողկալի է այդքան իջնելը…
ե/ Հեղինակը ծառայել է ինչպէս Գարեգին Բ, այնպէս էլ երջանկայիշատակ Վազգէն Ա եւ Գարեգին Ա Հայրապետների օրօք: Թող իր խղճի առաջ պատասխան տայ, թէ երեք Հայրապետներից ո՞րն է աւելի թափանցիկ եւ հաշւետւողական գործել՝ դրա պարտաւորութիւնը ունենալով սոսկ նւիրատուների առաջ, այլ ոչ թէ ձեր: Իսկ Մայր Տաճարի նորոգութեան մասին խօսելը անբարոյականութիւն է, քանզի գործող 57 եպիսկոպոսների մէջ չկայ որեւէ մէկը, որ կը կարողանար այդ գործը ի գլուխ բերել: Տաճարի օծմանը չմասնակցէիք, եթէ դժգոհ էիք հաշւետւողականութիւնից:
զ/ Ամենաանամօթ պատճառաբանութիւնն է… Ինքը որպէս յանձնախմբի ատենապետ նախագիծ է պատրաստել, սակայն դա թղթի վրայ է մնացել, քանի որ Ազգային Եկեղեցական ժողով չի հրաւիրւել: Գերագոյն Հոգեւոր Խորհրդի վերջին երկու նիստերին (իմ ապօրինի կալանաւորումից առաջ) միայն ես եմ ոչ միայն խնդրել, այլեւ պահանջել, որպէսզի ԱԵԺ հրաւիրւի, սակայն ներկայ հինգ տիրադաւները (Յովնան, Նաւասարդ, Աբրահամ, Վազգէն, Վրթանէս) ոչ միայն ինձ չեն սատարել, այլ դէմ են արտայայտւել, քանի որ քննարկման ենթակայ փաստաթղթերը պատրաստ չեն: Չի կարելի այդքան անպատկառ լինել․․․
է/ 27 տարի շարունակ Վեհափառին քծնող եւ շողոքորթող խմբակը գոհ չէ Վեհափառի գործելաոճից: «Իյա, իրօ՞ք»,- կասէր դասականը, ում հանդէպ այսօրւայ տիրադաւերից ոմանք նոյն հնազանդ կեցւածքն ունէին, ինչն ունեն այսօր գլխաւոր մոլագարի նկատմամբ: Այո, ես էլ եմ դժգոհ եղել քահանայ ձեռնադրելու արգելքից, սակայն դրա մասին բարձրաձայնել եմ նախքան իմ եպիսկոպոսացումը եւ առաւել եւս դրանից յետոյ, սակայն դա առիթ չէ (էլ ուր մնաց պատճառ) տիրադաւութեան, այլ պէտք է մղի համբերութեան, որն ամոթով չի թողնում:
ը/ Սա պարզապէս զրպարտութիւն է: Վեհափառը խօսքով եւ գործով միշտ (բացառապէս՝ միշտ) եղել է «քաղաքականացման» դէմ. սա ասում եմ ես՝ իբրեւ թէ «ամենաքաղաքականացւած» հոգեւորականը, ով միշտ (կրկնում եմ՝ միշտ) հանդիմանւել է «քաղաքական» խօսոյթի համար: «Հակադրւել է խաղաղութեան օրակարգին»… Չեղած բանին հնարաւո՞ր է հակադրւել, այ իմաստուններ…
թ/ Մէկ այլ անհիմն եւ անհեթեթ մեղադրանք՝ «շատերը կը պնդեն»: Էդ ո՞ր «հեղինակութիւնն» է «վարքաբեկւել»: Գոնէ մի գրագէտի ցոյց տայիր, որ «վարկաբեկել» բառը սխալ չգրէիր, ով բարեկարգիչ…
ժ/ Թէ ինչով էին զբաղւած տիրադաւ հերձւածողները 27 տարի շարունակ, արդէն ասել եմ: Իսկ եթէ «եկեղեցին հեռացած է ժողովրդէն՝ մատնելով զանոնք աղանդներու ճիրաններուն», «ի բերանէ քումմէ դատեցայց ծառայ չար եւ անիրաւ», քանզի ամենահեռացածը ձեր թեմերի ժողովուրդներն են՝ առաջին հերթին Լոս Անջելէս եւ Երեւան, որտեղ ամէն քայլափոխին կարող ես աղանդաւորական «եկեղեցու» հանդիպել: Հեղինակազրկումից խօսում են երբեւէ հեղինակութիւն չունեցածները եւ մեղադրում են Վեհափառին: Այո, Վեհափառը թերեւս մեղաւոր է, սակայն ձեզ պատասխանատու պաշտօններ վստահելու մէջ միայն ու միայն:
ժա/ Քամին մրսեց… Իրենց համար անընդունելի է մի բան, որն ընդ որում չկայ… Բժշկի դիմէք, թող լուծողական տայ, որպէսզի ընդունէք անընդունելին…
«Գլխաւոր պատճառների» մէջ պատճառ տեսա՞ք… Չկայ, չի էլ կարող լինել: Տիրադաւ հերձւած յանուն եկեղեցու բարեկարգութեա՞ն: Չէ, չէինք տեսել, այդ էլ տեսանք: 1924-ին Աշոտ եպս․ Շախեանն ու Բենիկ վարդապետն էլ ձեռք զարկեցին «բարեկարգութեան» նոյն ձեռագրով՝ նմանատիպ աստւածուրաց եւ եկեղեցաքանդ իշխանութիւնների դրդմամբ: Բարեկարգեցի՞ն, ծանո՞ք էք իրենց վախճանին… Նոյնը ձեզ է սպասում եւ ձեր «բարեկարգութեանը»: Գնացել 10 եպիսկոպոսներով հնազանդութիւն էք յայտնել «ազգակործան պատուհասին», ասում են՝ «քաղաքական զանազան կենտրոններ» «քաղաքական աստառ կու տան» իրենց շարժումին: Աստառը ոչ ոք չի տալիս, աստառը պարզ ու յստակ երեւում է…
Այժմ խօսքիս աւարտն անեմ…
Այո, Եկեղեցին կենդանի օրգանիզմ է, բարեկարգութեան կարիք ունի միշտ: Սակայն ովկիանոսը դրսից մաքրել անհնար է, մանաւանդ որ այն ինքն իրեն մաքրելու անբացատրելի յատկութիւն ունի: Նոյնը վերաբերում է մանաւանդ Հայ Եկեղեցուն: Ասում են՝ «մենք Տիրոջը չենք դաւել, քանզի Տէրը Քրիստոսն է»: Բողոքականութիւն բուրող այս հաստատումը ձեր դէմ է աշխատում: Ուրեմն Տէրն անկարո՞ղ է Իր Եկեղեցին բարեկարգել եւ օգնութեան է կանչել ձեզ եւ ինչ որ «մոլագարի», որ իրեն Լիւթերի տեղ է դրե՞լ… Վեհափառի հետ կարելի է եւ պէտք է լինել գուցէ յաճախ անհամաձայն, սակայն անհնազանդ՝ երբեք: Այս տարրական ճշմարտութիւնն էլ չգիտէք, սակայն բարեկարգութեան մասին էք խօսում:
16․01․26
204-րդ օր ապօրինի բանտարկութեան»։
News.am



