Ազգային փոքրամասնութիւնների հալածանքները Թուրքիայում 1915 թւականին չեն աւարտւել. դրանք շարունակւում են մինչ օրս

Թուրքիայի կողմից հայերի, ասորիների, յոյների եւ հրեաների նկատմամբ իրականացւած հալածանքներն ու մարդու իրաւունքների համակարգւած խախտումները 1915 թւականին չեն աւարտւել։ Ցեղասպանութիւնից մէկ դար անց էլ թուրքական իշխանութիւնները շարունակում են ռասիստական, մերժողական եւ խտրական քաղաքականութիւնն ազգային փոքրամասնութիւնների նկատմամբ։
Վերջին ամիսներին Փաշինեանին աջակցող որոշ հայեր սխալմամբ պնդում են, թէ Թուրքիան հետաքրքրւած չէ Հայաստանի վրայ յարձակմամբ: Այս պնդումներն անտեսում են ոչ միայն Հայոց Ցեղասպանութեան պատմական փաստերը, այլեւ Թուրքիայի անմիջական ռազմական մասնակցութիւնը 2020 թւականի Արցախեան պատերազմին, որի հետեւանքով մօտ 4000 հայ զինւոր զոհւեց եւ հազարաւոր ուրիշներ վիրաւորւեցին։ Բացի այդ, 1993 թւականին Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառւած շրջափակումը շարունակւում է մինչ օրս:
Քչերը գիտեն, որ 1993 թւականին Թուրքիան նոյնիսկ քննարկել էր Հայաստանի դէմ ուղիղ ռազմական միջամտութեան հնարաւորութիւնը։ Այդ ժամանակ Հայաստանում Յունաստանի դեսպան Լեոնիդաս Քրիզանթոպուլոսն աւելի ուշ իր յուշագրութիւններում նկարագրել է այդ կասեցւած ծրագրի հանգամանքները:
Թուրք պատմաբան Այշէ Հիւրը կազմել է թուրքական իշխանութիւնների հակահայկական, հակաասորական, հակայունական եւ հակահրէական քաղաքականութեան ընդարձակ ժամանակագրութիւն։ Նրա ցանկն սկսւում է 1923 թւականից եւ աւարտւում 2007 թւականին, երբ հայ լրագրող Հրանտ Դինքը սպանւեց Ստամբուլում՝ թուրք ծայրայեղականի կողմից: 2018 թւականին Հիւրը ինքն էլ դատապարտւեց 15 ամսւայ ազատազրկման՝ սոցիալական ցանցերում իր գրառումների համար, թէեւ դատավճիռը պայմանականօրէն կասեցւեց՝ այն պայմանով, որ նա հինգ տարի շարունակ զերծ մնայ նմանատիպ իրաւախախտումներից։
Ահա նրա փաստագրւած գրառման առաջին մասը.
– 1923 թւականի մարտի 16. Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն Ադանայում ունեցած իր ելոյթում յայտարարեց. «Երկիրը վերջապէս հաստատւել է իր իսկական տէրերի ձեռքում: Հայերը եւ միւսներն այստեղ իրաւունքներ չունեն: Այս բերրի հողերը բացառապէս եւ իրաւամբ թուրքական հողեր են»:
– 1923 թւականի յունիս. հրեայ, յոյն եւ հայ պաշտօնեաներին ազատեցին պետական պաշտօններից եւ նրանց փոխարինեցին մահմեդականներով: Անատոլիայում ոչ մահմեդական փոքրամասնութիւնների տեղաշարժի վրայ սահմանափակումներ դրւեցին: Շատերը, որոնք ժամանակաւորապէս լքել էին իրենց տները, այլեւս չկարողացան վերադառնալ: Միեւնոյն ժամանակ, խոչընդոտներ ստեղծւեցին Պաղեստին արտագաղթել փորձող հրեաների ճանապարհին:
– 1923 թւականի սեպտեմբեր. հրամանագիր ընդունւեց, որով արգելւեց հայերի վերադարձը, որոնք պատերազմի ընթացքում փախել էին Կիլիկիայից եւ Արեւելեան Անատոլիայից։
– 1923 թւականի դեկտեմբեր. Չորլուի փոքրիկ հրէական համայնքին հրամայւեց 48 ժամւայ ընթացքում լքել քաղաքը: Թէեւ որոշումը յետաձգւեց Գլխաւոր ռաբբինատի բողոքից յետոյ, սակայն Չաթալջայի հրեաների նկատմամբ նմանատիպ հրամանն անմիջապէս ուժի մէջ մտաւ:
– 1924 թւականի յունւարի 24․ նոր օրէնքով սահմանւեց, որ միայն «թուրքերը» պէտք է լինեն դեղագործներ, ինչը փաստօրէն արգելում էր ոչ մահմեդականներին զբաղւել այս մասնագիտութեամբ։
– 1924 թւականի մարտի 3. Կրթութեան միաւորման մասին օրէնքի համաձայն՝ փակւեցին քառասուն ֆրանսիական եւ իտալական դպրոցներ: Ազգային փոքրամասնութիւնների դպրոցները բախւեցին խիստ սահմանափակումների՝ վերանորոգման, ընդլայնման եւ նոր շինարարութեան հարցերում: Նրանց ուսումնական ծրագրերն ու քննութիւններն անցան Ազգային կրթութեան նախարարութեան վերահսկողութեան տակ:
– 1924 թւականի ապրիլի 3. «Փաստաբանների մասին» օրէնքի համաձայն՝ 960 փաստաբան անցել է «բարոյական նկարագրի» գնահատում, ինչի հետեւանքով 460 փաստաբան զրկւել է արտօնագրից։ Հրէական ծագում ունեցող փաստաբանների 57 տոկոսը եւ յունական ու հայկական ծագում ունեցող փաստաբանների երեք քառորդը ստիպւած է եղել թողնել մասնագիտութիւնը։
– 1925 թւականի յունւարի 29. յոյն պատրիարք Կոնստանտինոս Արաբօղլուն բռնի ուժով գնացք նստեցրեցին եւ արտաքսեցին Յունաստանի Սալոնիկ քաղաք, պարզապէս այն պատճառով, որ թուրքական կառավարութիւնը նրան չէր սիրում։ Յունաստանը դիմեց Ազգերի լիգային՝ վկայակոչելով Լօզանի պայմանագրի խախտումները, սակայն յետ վերցրեց բողոքը, երբ Թուրքիան սպառնաց վտարել հէնց Պատրիարքարանը։ Միջադէպը հետագայում ներկայացւեց որպէս կամաւոր հրաժարում։
– 1926 թւականի փետրւարի 17. Քաղաքացիական օրէնսգրքի ընդունումից յետոյ հայկական, հրէական եւ յունական համայնքների վրայ ճնշում գործադրւեց հրաժարւելու Լօզանի պայմանագրով իրենց երաշխաւորւած փոքրամասնութիւնների իրաւունքներից։
– 1926 թւականի ապրիլի 22. Օրէնքով սահմանւեց, որ բոլոր առեւտրային նամակագրութիւնը կատարւի թուրքերէն, ինչի հետեւանքով հազարաւոր ոչ մահմեդականներ, որոնք չէին տիրապետում գրաւոր թուրքերէնին, զրկւեցին աշխատանքից: Այս կարգաւորման հետեւանքով հինգ հազար յոյներ կորցրեցին իրենց աշխատանքը:
– 1926 թւականի օգոստոսի 1. Թուրքիայի կառավարութիւնը յայտարարեց իր իրաւունքի մասին՝ բռնագրաւելու այն ամբողջ գոյքը, որը ոչ մահմեդականները ձեռք էին բերել մինչեւ 1924 թւականի օգոստոսի 23-ը՝ Լօզանի պայմանագրի ուժի մէջ մտնելու օրը։
– 1927 թւականի օգոստոսի 17. Էլզա Նիէգօն՝ 22-ամեայ հրեայ կինը, սպանւեց Օսման Ռաթիփ բէյի ՝ ամուսնացած եւ թոռներ ունեցող մի տղամարդու կողմից, որը երկար ժամանակ հետապնդում էր այդ կնոջը։ Երբ հրէական համայնքը համարձակւեց բողոքել պետութեան կողմից յանցագործութիւնը թաքցնելու փորձերի դէմ, հակասեմական յարձակումների ալիք բարձրացաւ մամուլում։ Մի քանի հրեաներ հետապնդւեցին «թուրքական ինքնութիւնը վիրաւորելու» համար։
– 1928 թւականի յունւարի 13. Ստամբուլի համալսարանի իրաւաբանական ֆակուլտետի ուսանողները, ձգտելով հաճոյանալ վարչակազմին, լաստանաւերի եւ տրամւայների վրայ պաստառներ էին կախել՝ «Քաղաքացիներ, խօսէ՛ք թուրքերէն» գրութեամբ։ Թերթերը լայնօրէն լուսաբանում էին քարոզարշաւը, եւ շատ ոչ մահմեդականներ հետապնդւեցին «թուրքական ինքնութիւնը վիրաւորելու» համար՝ պարզապէս իրենց մայրենի լեզւով խօսելու համար։
– 1928 թւականի ապրիլի 11. «Բժշկութեան եւ յարակից մասնագիտութիւնների գործնական իրականացման կարգի մասին» նոր օրէնքը սահմանափակեց բժշկական գործունէութիւնը միայն «թուրք» համարւող անձանց համար՝ այդ մասնագիտութիւնից գործնականում զրկելով ոչ մահմեդականներին։
– 1929 թ․ սեպտեմբեր. Գանձապետարանը որոշեց հարկել նւիրատւութիւնները եւ փոխանցումները, որոնք կատարւում էին հրէական դպրոցներին, «Օր Ահայիմ» հիւանդանոցին, Օրթաքիոյի որբանոցին եւ սինագոգներին՝ դրանք համարելով առեւտրային հաստատութիւններ։ Այս միջոցառումները կիրառւեցին յետադարձ ուժով՝ 1925 թւականից։ Գլխաւոր ռաբբինատը, չկարողանալով վճարել այդ բարձր հարկերը, կանգնեց բռնագանձման վտանգի առաջ։ Կառավարութեան ճնշումը շարունակւեց, եւ նւիրատւութիւնները խստօրէն վերահսկւեցին։
– 1929 եւ 1930 թւականներ. 18 ամսւայ ընթացքում, Թուրքիայից 6373 հայեր ստիպւած եղան արտագաղթել Սիրիա»։
Շարունակելի…
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ



