«Հինգ իրաւապաշտպանների նախաձեռնութիւն». «Փաշինեանի գրառումն հանդիսանում է Սահմանադրական կարգի տապալման նախապատրաստութիւն»

«ԱԼԻՔ» – Արձագանքելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ Նիկոլ Փաշինեանի հայհոյախառն գրառմանը, «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնութիւն» -ը յայտարարութիւն է տարածել, որում ասւում է.
«Սահմանադրական կարգի տապալման վերաբերեալ
Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Եկեղեցու նւիրապետների նկատմամբ՝ բացառիկ ցինիզմով համեմւած երկօրեայ յարձակման գագաթնակէտը եղաւ Եկեղեցին փաստացի բռնազաւթելու մտադրութեան մասին Ն.Փ.-ի գրառումը։
Յայտարարում ենք, որ այդ գրառումն ինքնին հանդիսանում է Սահմանադրական կարգի տապալման նախապատրաստութիւն, քանի որ պետութիւնից Եկեղեցու անջատ կարգավիճակը ՀՀ Սահմանադրական կարգի հիմունքներից մէկն է։ Այսպիսով, նշւած անձը թոյլ է տւել քրէօրէն հետապնդելի ծանրագոյն յանցանք։
Այնուհանդերձ, անիմաստ ենք համարում այդ հարցով յանցագործութեան մասին հաղորդում ներկայացնելը, քանի որ բազմիցս համոզւել ենք իրաւասու կառոյցների քաղաքական սպասաւորութեան մէջ։
Միաժամանակ, կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին, յատկապէս՝ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զաւակներին, բոլոր միջոցներով հանդէս գալ ՀՀ Սահմանադրական կարգի եւ Ազգային Եկեղեցու պաշտպանութեամբ»։