Հայաստան - Արցախ

Որպէսզի իշխանական գործիքը փոխարինւի ժողովրդապետական գործօնով…

Դերենիկ Մելիքեանի ոսպնեակից

2023 թւականի աւարտին հաշւած ժամեր են մնացել։ Սովորաբար անցնող տարին ամփոփելու համար ընդունւած է յետադարձ հայեացք նետել, ասենք, անհատական, ընտանեկան, համայնքային (առաւել եւս Սփիւռքեան մասշտաբում) եւ ամենագլխաւորը՝ ազգային ու եթէ կուզէք՝ համազգային մակարդակներում, ինչպէս ձեռքբերումների, յաղթանակների, քանակական ու որակական առաջընթացների, այնպէս էլ՝ նոյն մակարդակներում բացթողումների, պարտութիւնների ու յետընթացների վրայ։

Անհատական, ընտանեկան, համայնքային եւ յատկապէս Սփիւռքեան տարւայ դրական թէ բացասական իրավիճակների գնահատականն ու ամփոփումը կը դառնայ ինքնանպատակ, եթէ դրանք չեն կատարւում ազգային, համազգային ու կարեւորը՝ հայրենական մակարդակի իրավիճակների ամփոփմանը զուգահեռ։

Այս սիւնակով փորձ է արւել տարւայ համընդհանուր՝ ազգային, համազգային եւ հայրենական ամփոփումը կատարել, անշուշտ հիմք ունենալով փաստարկւած եւ ապացուցւած իրողութիւնները։

Ահաւասիկ.-

1. Անցնող տարում եւս ազգովի ոչ միայն չունեցանք դոյզն իսկ ձեռքբերում, այլ եւ մանաւանդ նոյն ազգային, համազգային ու հայրենական մակարդակով կրեցինք վերջին հարիւրամեակում աննախադէպ երկրորդ ծանրագոյն պարտութիւնը (նախորդիւ՝ 2020-ի կապիտուլիացիան էր՝ արցախեան պատերազմում բոլոր առումներով շինծու պարտութեամբ), երբ հազարամեակներով հայաբնակ ԱՐՑԱԽԸ հայաթափւեց…։

2. Անցնող տարում եւս ազգային, համազգային, հայրենական եւ յատկապէս պետական ոչ մի ձեռքբերում չունեցանք Հայոց արդար պահանջատիրութեան հարցում։ Աւելին՝ պետական մակարդակով Հայոց Ցեղասպանութիւնն միջազգային բեմերում արծարծել-փոխհատուցելու ռազմավարական-անվտանգային հիմնահարցը արտաքին քաղաքականութեան օրակարգից դուրս հանեցին «թաւշեայ» իշխանութիւնները, «հարեւան Թուրքիայի հետ մօտալուտ հաշտութիւնը եւ մշակւող դիւանագիտակա՜ն յարաբերութիւննե՜րը չխաթարելու նպատակով»։

3. Եւ ահա հարց է առաջանում՝ վերոգրեալ «ձեռքբերումների՞» համար է որոշում կայացւել ալէնսիմոնեանական ԱԺ-ի անդամներին պարգեւավճարներ շնորհել, կամ՝ սուրէնպապիկեանական հրամանագրի համաձայն՝ բանակային կադրերին պարգեւատրել…։ Ոստիկանութեան (յատկապէս կարմիր ու սեւ բերետաւոր կոչւողներն ու երեւի վարչապետի սնայպերները) ոչ միայն տարեվերջեան, այլ գրեթէ ամսէ-ամիս են «ազգապահպան առաքելութիւնը» լաւագոյնս կատարելու համար եռակի-բազմակի պարգեւավճարների արժանանում։

4. Թաւշեայ իշխանականները, այո, իրենց բոլոր ժամանակների ու տարիների մեծագոյն «ձեռքբերումը» համարում են ասֆալտապատումները, չնայած՝ մասնագէտները այդ ասֆալտի որակը համարում են ոչ պիտանի։

Համազգային մակարդակի պարտութիւնների, բացթողումների ու հողային-տարածքային կորուստների համար, սակայն, ոչ թէ իրենք, այլ նախկինները, ռուսները, Մինսկի եռանախագահներն ու Մադրիդեան պայմանաւորւածութիւններն են մեղաւոր եղել։ Իսկ շատ հետաքրքիր է, որ իրենց հետ միասին, մեղադրական ոչ մի խօսք՝ թուրք-ադրբեջանական հայատեացութեան, կամ հրէա-անգլոսաքսոնական եւ արեւմտեան ուժային կենտրոնների նկատմամբ։ Սա կարելի է համոզւածութեամբ պայմանաւորել նրանով, որ հէնց սրանց ուղղակի եւ անուղղակի հովանաւորութեամբ են իշխանութեան եկել «թաւշականները»։

5. Կոռուպցիայի ու թալանի մասին բարձրաձայնելու ծանօթ ձեռագրի պատրւակով ու հրէա-սորոսական պատւէրով «թաւշեայ յեղափոխութիւն» էք արել, բայց ձեր հինգ տարիների անխտիր բոլոր բերած չարիքները վերագրում էք այլոց։

Այս հասարակա-քաղաքական գերազանցապէս աննորմալ իրավիճակի հնգամեայ տեւողութեան մեղաւորը նախեւառաջ հայաստանեան հասարակարգն է եղել, որտեղ բացակայել են քաղաքական փոփոխութիւնների գնալու այսպէս ասած՝ էւոլիւցիոն (բարեշրջական) պայքարի աւանդոյթները։ Այլապէս՝ թալանի ու կոռուպցիայի դէմ պոպուլիստական ու ժողովրդախաբ պայքարի կրկնօրինակներին տրւելով (Սահակաշւիլիական Վրաստանն ու Զելենսկիական Ուկրաինան), ունեցանք այն, ինչ ունենք այսօր՝ ազգովի։ Իսկ ո՞ւր են հիմա այդ «Անդրկովկասի ժողովրդավարութեան առաջնեկ» Սահակաշւիլիներն ու Արեւմուտքի «բոլորանւէր աջակցութիւնն վայելող» ու հիմնայատակ քարուքանդ եղած Ուկրաինայի Զելենսկիները…։

6. Հիմա, յարգելի ընթերցող, խնդրեմ ասէք՝ ես՝ Սփիւռքահայս տարին ո՞նց կամ ո՞ր ձեռքբերումներով գնահատեմ-ամփոփեմ… ԱՐԾՒԱԲՈՅՆ ԱՐՑԱԽԻՍ կորուստո՞վ…։ Իսկ մտավախութիւն չունենա՞մ, որ յաջորդ տարւայ ամփոփիչ չարիքը լինի ՍԻՒՆԻՔԻ կորուստը կամ «ադրբեջանցիների անկլաւներ» վերադարձը ամրագրող՝ փաշինեան-ալիեւ «խաղաղութեան պայմանագիրը»։

7. Այսօր, ահա, հայրենական ժողովրդի գերակշիռ տոկոսը հակառակ նրան, որ մոլորւած՝ երբեմնի լեգենդներ էր հիւսում սահակաշւիլիի ու զելենսկիի հայկական տարբերակի (ն.փ.) համար, այժմ խիստ հիասթափւած է նրանից ու առաւել եւս նրա չարաբաստիկ «ապագայից»։ Սակայն, ցաւ ի սիրտ, նոյն ժողովուրդը հասարակա-քաղաքական չկայացած ստանդարտի բերումով, դեռեւս «նոր լիդերներ»-ի յայտնւելու հետ է պայմանաւորում իր համընդհանուր ու որոշիչ ընդվզում-պոռթկումը։

ԱՄՓՈՓՈՒՄ

Յարգելի ընթերցող, թող որ տարին ամփոփենք այն յոյսով ու հեռանկարով, որ հայրենական ժողովրդի անջատ ու առանձին հատւածների օրէօր ծաւալւող շարժումները համախումբ ձեւաչափ ու բնոյթ ընդունելով՝ հուժկու կերպով շրջանցել-չէզոքացնելու հնարաւորութիւն ունենան ինչպէս ադրբեջանի, այնպէս էլ նիկոլական իշխանախմբի համատեղ քարոզչութիւնը, որով իրենց ընդդիմացող ազգային ուժերին համարում են ռեւանշիստներ…։ Նաեւ նոյն այդ համախումբ պայքարի ու ընդվզման ընդմիջից էլ տրամաբանօրէն ի յայտ կը գան իրական ու արժանի լիդերները, որոնց խելամիտ առաջնորդութեամբ էլ ազգի արտաքին թշնամիների գործիքը դարձած իշխանատենչներին կը փոխարինի ժողովրդապետական հզօր գործօնը՝ Ազգային գաղափարախօսութիւն կրող կառավարութիւնը…։

Դ. Մ.
Պատմական գիտութիւնների թեկնածու

Related Articles

Back to top button