Մարկեդոնով. «Հայաստանի իշխանութիւնները ձգտում են անվտանգութեան աղբիւրներ փնտրել ամենուր, նոյնիսկ Ռուսաստանում»

«ԱԼԻՔ» – «Մենք ստեղծում ենք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերութեան յանձնաժողովը։ Դա մեզ հնարաւորութիւն է տալիս ընդլայնելու համագործակցութիւնը տարբեր ոլորտներում՝ տնտեսական հարցեր, անվտանգութիւն եւ պաշտպանութիւն, ժողովրդավարութիւն, արդարադատութիւն։ Մենք էլ աւելի ուժեղ գործընկերներ ենք դառնում»։ Այս խօսքերով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնը մեկնաբանել է մի իրադարձութիւն, որը վերջին ամիսներին ակտիւօրէն քննարկւում է մամուլում եւ սոցիալական ցանցերում։ Այս մասին սոցցանցերում գրել է ռուս քաղաքագէտ Սերգէյ Մարկեդոնովը։
«Վաշինգտոնը եւ Երեւանը ստորագրեցին Ռազմավարական գործընկերութեան փաստաթուղթ։
16 տարի առաջ ԱՄՆ-ը նման փաստաթուղթ ստորագրեց Վրաստանի հետ։ Սակայն անցած նոյեմբերին Պետդեպարտամենտը իր խօսնակ Մեթիւ Միլլէրի միջոցով յայտարարեց այս համաձայնագրի կասեցման մասին։ Ստացւում է, որ Վաշինգտոնը որոշել է Անդրկովկասում «կորցրած աշխարհաքաղաքական եկամուտը» փոխհատուցել հարեւան Հայաստանի հաշւի՞ն։ Որքանո՞վ են նոր համաձայնագրերը փոխում տարածաշրջանային անվտանգութեան նախագիծը։
Արարատ Միրզոյեանի խօսքով՝ փաստաթղթի ստորագրումը երկկողմ համագործակցութիւնը դարձնում է «աւելի յաւակնոտ»։ Բայց եթէ ուշադիր ուսումնասիրէք փաստաթղթի տեքստը, ապա դրանում չկայ որեւէ բան, որն իսկապէս կարող է գնահատւել որպէս յեղափոխական բեկում հայ-ամերիկեան յարաբերութիւններում։ Վաշինգտոնը 1991 թւականից անընդհատ խօսում է Հայաստանում ժողովրդավարութեան ամրապնդման մասին։ Ինչ վերաբերում է պաշտպանական համագործակցութեան խորացմանը, ապա այս բանաձեւը չի ենթադրում (գոնէ առայժմ) անվտանգութեան ոլորտում որեւէ մանրամասն եւ յստակ սահմանւած երաշխիքներ։
Մի շարք մեկնաբաններ նշել են, որ ԱՄՆ կողմից փաստաթուղթը ստորագրւել է հեռացող վարչակազմի կողմից։ Նրանք ասում են, որ Դոնալդ Թրամփի թիմը դա կիրականացնի։ Եւ փաստ չէ, որ ամէն ինչ կընթանա այնպէս, ինչպէս ի սկզբանէ նախատեսւած էր: Այնուամենայնիւ, ամերիկեան վարչակազմերը, չնայած իրենց ողջ հռետորական կոշտութեանը, որպէս կանոն, ձգտում են պահպանել շարունակականութիւնը արտաքին քաղաքականութեան առանցքային ոլորտներում։ Աւելին, Հայաստանը Վաշինգտոնի թիւ մէկ գերակայութիւնը չէ։
Այն բանից յետոյ, երբ Երեւանը կորցրեց վերահսկողութիւնը Ղարաբաղի նկատմամբ, եւ Նիկոլ Փաշինեանի թիմը եզրակացրեց, որ անհրաժեշտ է դիւերսիֆիկացնել արտաքին եւ պաշտպանական քաղաքականութիւնը, Հայաստանի իշխանութիւնները հնարաւորինս փորձում են անվտանգութեան աղբիւրներ գտնել։ Հնդկաստանում, Իրանում, Ֆրանսիայում, ընդհանուր առմամբ ԵՄ-ում, Միացեալ Նահանգներում եւ, չնայած բոլոր բացասական միտումներին, Ռուսաստանում։ Ուշադրութիւն դարձնենք Իրանի Ազգային անվտանգութեան բարձրագոյն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի վերջերս Երեւան կատարած այցին։ Վաշինգտոնից ստացւող լուրերի հետ գրեթէ միաժամանակ Արարատ Միրզոյեանին Մոսկւա այցելելու հրաւէր է տրւել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգէյ Լաւրովի կողմից։ «Յուսով եմ, որ այցը շուտով կը կայանայ»,- ամփոփել է ռուս նախարարը։
Այս տեսակի որոնումները, իհարկէ, լաւ կեանքի արդիւնքում չէ, որ իրականացւում են։ Երեւանը մտահոգւած է Իլհամ Ալիեւի հռետորաբանութեամբ, Անկարայից նրա աջակցութեամբ եւ Ուկրաինայի վրայ Մոսկւայի ուշադրութեան կենտրոնացմամբ։ Բայց Հայաստանի շարժումը դէպի Արեւմուտք, կանխատեսելիօրէն, չի ողջունւում Ռուսաստանի եւ Իրանի կողմից, իսկ ինքը՝ Արեւմուտքը, եւ առաջին հերթին՝ Միացեալ Նահանգները, հայկական «արեւմտականացումը» դիտարկում են բաւականին գործիքային։ Եկէք թուլացնենք Մոսկւայի եւ Թեհրանի ազդեցութիւնը, յետոյ կը տեսնենք»,- գրել է Սերգէյ Մարկեդոնովը։