Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արմէն Աշոտեան. «ԱՄՆ-ի հետ ստորագրւած փաստաթուղթը չի ենթադրում անվտանգութեան ուղիղ երաշխիք եւ մեխանիզմ Հայաստանի համար»

«ԱԼԻՔ» – ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնւող Արմէն Աշոտեանը հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների հարցերին: Հաղորդում է Yerevan.today-ը:

«Ինչպէ՞ս էք վերաբերւում ԱՄՆ-ի հետ վերջերս ստորագրւած փաստաթղթին։ Ինչպիսի՞ ազդեցութիւն այն կունենայ մեր անվտանգութեան մակարդակի վրայ» հարցին ի պատասխան՝ Արմէն Աշոտեանը նշել է.

«Այդ փաստաթուղթը, որպէս ձեւաչափ, հայ-ամերիկեան 30 տարւայ յարաբերութիւնների շարունակութիւնն է՝ նախկինում եղած ձեռքբերումների ամրագրմամբ։

 Փաստաթուղթը իր կոնտենտով չի ենթադրում անվտանգութեան որեւէ ուղիղ երաշխիք եւ մեխանիզմ Հայաստանի համար։

Ստեղծւած տարածաշրջանային իրավիճակում եւ փաշինեանական քաղաքականութեան արդիւնքում, ճիշտ հակառակը, այդ փաստաթուղթը կտրուկ աւելացնելու է անվտանգային ռիսկերը՝ Ռուսաստանի եւ Իրանի աճող առարկայական մտահոգութիւնների ֆոնին։

Այդ իմաստով յատկապէս մտահոգիչ են ՀՀ սահմանների հետ կապւած ամերիկեան ենթադրւող գործառոյթները։

Յատկանշական է, որ ադրբեջանական ագրեսիայի մասին յստակ ձեւակերպումներ փաստաթուղթը չի պարունակում, օրինակ, Արցախի հայաթափման կամ Հայաստանի ինքնիշխան տարածքների զաւթման հետ կապւած։

Հայաստանում միջուկային էներգետիկայի ապագայի հետ կապւած ուրւագծւող զարգացումները լրջագոյն մտահոգութիւնների առանձին ծանր բեռ են ստեղծում։

Թէպէտ ԱՄՆ գնացող եւ եկող վարչակազմերի միջեւ անցումային համաձայնեցման մեխանիզմները, կարծես թէ, աշխատել են այս դէպքում, սակայն դա ոչ մի երաշխիք չի ստեղծում։

Յիշեցնեմ, որ 2016-ին ընտրւելուց յետոյ Թրամփը դուրս հանեց ԱՄՆ-ն մի շարք շատ աւելի կենսական եւ գլոբալ համաձայնութիւններից՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքից, Կլիմայի փարիզեան համաձայնութիւնից, Տրանսատլանտիկ եւ Տրանս-Խաղաղովկիանոսեան առեւտրային նախաձեռնութիւններից։

Եւ իհարկէ, Հայաստանում «ժողովրդավարութեան բարձր մակարդակի» մասին ձեւակերպումները զաւեշտ են։ Տպաւորութիւն է, որ ԱՄՆ Պետքարտուղարը չի կարդացել ԱՄՆ Պետքարտուղարութեան վերջին տարեկան զեկոյցը այս թեմայով»։

Related Articles

Back to top button