ԻրանՔաղաքական

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Տարածաշրջանի բոլոր խնդիրների հիմքում ընկած է արտատարածաշրջանային ուժերի ներկայութիւնը»

«ԱԼԻՔ» – Երէկ՝ հոկտեմբերի 2-ին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին հանդիպել է մի խումբ գիտական էլիտաների եւ առաջնակարգ տաղանդների, ինչպէս նաեւ համալսարանների ընդունելութեան քննութիւններում բարձր հորիզոնականներ զբաղեցրած երիտասարդների հետ:

Իր ելոյթում Իսլ. յեղափոխութեան առաջնորդը հպանցիկ ակնարկ է ունեցել տարածաշրջանային իրադարձութիւններին՝ նշելով, որ տարածաշրջանի խնդիրների հիմքում ընկած է արտատարածաշրջանային տէրութիւնների, այդ թւում՝ ԱՄՆ-ի եւ եւրոպական երկրների ներկայութիւնը տարածաշրջանում, որոնք կեղծ յայտարարութիւններ են անում խաղաղութեան եւ անվտանգութեան մասին. «Եթէ նրանք չքւեն այս տարածաշրջանից, անկասկած, բոլոր հակամարտութիւնները, պատերազմներն իսպառ կը վերանան եւ տարածաշրջանի երկրները կը կարողանան  կառավարել տարածաշրջանն ու միասին ապրել խաղաղութեան, անվտանգութեան եւ բարեկեցութեան պայմաններում»:

Այաթ. Խամենէին նշել է, որ առաջիկայ օրերին համապարփակ անդրադարձ է ունենալու տարածաշրջանային իրադարձութիւններին, Լիբանանում եւ Գազայում տիրող իրավիճակին եւ Սէյէդ Հասան Նասրօլլահի նահատակութեանը:

Նշենք, որ Իսլ. յեղափոխութեան առաջնորդը կառաջնորդի Թեհրանի այս շաբաթւայ ուրբաթօրեայ աղօթքը: Մեծ հաւանականութեամբ, աղօթքից առաջ, իր ելոյթի ընթացքում նա կանդրադառնայ վերոնշեալ բոլոր խնդիրներին:

Related Articles

Back to top button