Հասարակական

Խաչի բարձրացման եւ յաղթանակի խորհուրդը

Սեպտեմբերի 11-ից 17-ը հանդիպող կիրակի օրը (այս տարի սեպտեմբերի 13-ին) Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տօնը՝ Սուրբ Խաչի գլխաւոր եւ եկեղեցու հինգ տաղաւար տօներից մէկը:

Այն նւիրւած է Տիրոջ խաչափայտի` պարսկական տիրոյթից Երուսաղէմ վերադարձի եւ Գողգոթայում կանգնեցման ու փառաբանութեան յիշատակին: Խաչվերաց՝ նշանակում է խաչը վեր բարձրացնել:

 

Խաչվերաց

Խաչվերացը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղաւար տօներից մէկն է եւ միակը, որը չի առնչւում Տիրոջ անմիջական տնօրինութիւններին։ Այն նշւում է սեպտեմբերի 14-ին մերձակայ կիրակի օրը՝ սեպտեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատւածում։

Տօնի առանցքը խաչի բարձրացման հանդիսաւոր արարողութիւնն է։ Ռեհանով եւ բազմերանգ ծաղիկներով զարդարւած խաչը հանդիսաւոր թափորով դուրս է բերւում եկեղեցու բակ, որտեղ թափօրապետը խաչակնքում եւ օրհնում է աշխարհի չորս կողմերը՝ Աստծուց բերկրութիւն եւ խաղաղութիւն հայցելով։ Ապա վարդաջուր ցողելով հաւատացեալների վրայ՝ խաչը վերադարձւում է եկեղեցի եւ դրւում Սուրբ Սեղանին։

Խաչվերացի խորհուրդը, սակայն, չի սահմանափակւում արարողութեամբ։ Ինչպէս Հեղինէ կայսրուհին իր հաւատքի եւ Քրիստոսի խաչը գտնելու անյագ փափագի շնորհիւ վերագտաւ սրբազան նշանը, այնպէս էլ քրիստոնեան կոչւած է գտնելու իր խաչը, աներկիւղ բարձրացնելու այն եւ իր հոգում ու մտքում անեղծ պահելու նրա լուսաւոր խորհուրդը։

Հայ ժողովուրդը դարեր շարունակ իր պատմութեան մէջ կրել է այդ խաչը՝ անցնելով պատերազմների, հալածանքների եւ նահատակութիւնների միջով։ Սակայն խաչը մեզ համար միայն տառապանքի խորհրդանիշ չէ. այն նաեւ յարութեան եւ յաղթանակի նշանն է։

Ինչպէս ասել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը 2001 թւականի ապրիլի 24-ին Դեր Զորում արտասանած քարոզում. «Բազմիցս խաչւելով չէ, որ խաչակից ենք Քրիստոսին, այլ որովհետեւ յարութիւն ենք առել, մահը կեանքով ոտնակոխել եւ մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի օրինակով ամօթապարտ թողել մեզ խաչողներին»։

Related Articles

Back to top button