Արւեստի գործի գնահատումը եւս արժէք է

«Ալիք» օրաթերթի հոկտեմբերի 13-ի համարում տպագրւած ամբողջ մի էջանոց նիւթը, որը քննադատութեան էր ենթարկել վերջերս տարբեր վայրերում տեղադրւած երեք արւեստի գործերը՝ «Մարիամ Աստւածածն»-ի արձանը տեղադրւած նոյնանուն մետրոյի կանգառում, «Վարուժան Հախբանդեան»-ի կիսանդրին, տեղադրւած իր դամբարանին կից, եւ «Լիլիթ Տէրեան»-ի շիրիմի յուշակոթողը, անկասկած բխում են քաղաքային յիշողութիւնը պահպանելու նպատակով:
Քաղաքն իրաւամբ միայն շէնքերով ու փողոցներով չի բնութագրւում, այլ նաեւ յիշողութեան տարածք է։
Որպէս այդ կառոյցներից մէկի նախաձեռնող, հարկ եմ համարում անդրադառնալ նիւթին եւ ներկայացնել հետեւեալ պարզաբանումները։
Նախ ցանկացած մտայղացում պէտք է գնահատել իր ժամանակի թելադրանքով։ Յիշատակի որեւէ կոթող կերտելը նախ եւ առաջ ժամանակի կանչին արձագանգելն է. այսօրւայ մարդը այսօրւայ լեզւով ու հնարաւորութիւններով է խօսում իր մեծերի մասին։ Հէնց դրանով էլ այն դառնում է կարեւոր իրադարձութիւն, ոչ թէ քննարկելի մանրուք։
Ո՞վ է որոշում
Ինչ վերաբերում է հարցին, թէ ո՞վ է որոշում, ո՞ր «արւեստի գործը» պատրաստ է հանրային տարածք մտնելու, կարծում եմ՝ պատասխանը պարզ է։ Գոյութիւն ունի Ազգային իշխանութիւն, գոյութիւն ունի քաղաքապետարան՝ իրենց մասնագիտական թիմերով, յանձնաժողովներով եւ համապատասխան ընթացակարգերով։ Հանրային տարածքը ոչ ոքի անձնական ճաշակի տարածքը չէ. այն կարգաւորւում է պատասխանատու կառոյցների որոշմամբ, որոնք էլ գնահատում են գործի պատշաճութիւնը, տեղադրման գործընթացը եւ հանրային արժէքը։
Նախ անդրադառնանք «Մարիամ Աստւածածն»-ի արձանին։ Այդ արձանի մտայղացման, կառուցման եւ տեղադրման ամբողջ գործընթացը իրականացւել է Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, Թեհրանի քաղաքապետարանի եւ յարգելի բարերարների ամիսների տեւողութեամբ համադրութիւնների ու համատեղ ջանքերի շնորհիւ։ Յատկանշական է, որ արձանի բնօրինակի հեղինակը հանգուցեալ պրն. Լեմուէլ (Լէոն) Աւետեանն է, իսկ ներկայիս տարբերակը այդ արձանի հաւատարիմ կրկնօրինակն է։ Այսինքն՝ գործը ոչ թէ պատահական նախաձեռնութիւն է, այլ համայնքային, քաղաքային եւ բարեսիրական կամքի գիտակցւած արդիւնք։
Ինչ վերաբերում է «Վարուժան Հախբանդեան»-ի կիսանդրիի տեղադրմանը, այն եւս ոչ թէ պատահականութեան, առանձին անհատների կամայական որոշման կամ անպատասխանատու եւ անյարիր կառոյց է, այլ գիտակցւած եւ պատասխանատու նախաձեռնութիւն՝ միտւած համայնքի մշակութային յիշողութիւնը վառ պահելուն (նւիրւած «Վարուժան«-ի ծննդեան 90-ամեակին), նաեւ համադրւած Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի հետ:
Իսկ «Լիլիթ Տէրեան»-ի յուշակոթողն, այստեղ պէտք է յստակ նշել. դա լիովին ձեռքով քանդակւած գործ է՝ իր բոլոր նուրբ մանրամասնութիւններով ու կենդանի շնչով։ Քանդակագործի ձեռքի դիպումը նշմարելի է քարի իւրաքանչիւր ծալքի ու ելեւէջի մէջ, եւ հէնց դրանով էլ այն վկայում է ոչ միայն յարգանքի, այլեւ կենդանի արւեստի ներկայութեան մասին։
Տեխնոլոգիաների դարում ապրող մարդն իրաւունք ունի՞ օգտւել տեխնոլոգիայից՝ լաւագոյն եւ արդիական արդիւնք ստանալու համար, թէ՞ պէտք է հրաժարւի իր ժամանակի հնարաւորութիւններից։ Մեր համոզմամբ՝ գործիքից օգտւելը ոչ թէ թուլութիւն է, այլ ժամանակին հաւատարիմ մնալու քաջութիւն։
Սպիտակ մարմարի եւ նախկին քարի համադրութեան մասին
Ինչ վերաբերում է «Վարուժան»-ի կիսանդրիի սպիտակ մարմարի եւ նախկին տապանաքարի համադրութեան ու ներդաշնակութեան հարցին, այստեղ պէտք է դիտարկել արդի արւեստի տրամաբանութեամբ։ Արդի աշխարհում այլեւս գոյութիւն չունի որեւէ սահմանափակում՝ տարբեր նիւթերը իրար հետ համադրելու հարցում։ Ընդհակառակը՝ տարբեր տեսակի, գոյնի եւ կառուցւածքի, քարի, մետաղի, ապակու, բետոնի եւ մարմարի կողք կողքի գործածութիւնը ժամանակակից ճարտարապետութեան եւ քանդակագործութեան ամենատարածւած ձեւերից է։
Հակադրութիւնը թերութիւն չէ, այլ գիտակցւած գեղագիտական սկզբունք։ Հինն ու նորը, հնացածն ու նորակերտը իրար կողքի դրւելով ընդգծում են ժամանակի ընթացքը. մէկը վկայում է 50-ամեայ պատմութեան մասին, միւսը՝ այսօրւայ յարգանքի։ Յիշողութիւնը հէնց այդ երկխօսութեամբ է ապրում։ Եթէ պահանջենք, որ նոր գործը լիովին ձուլւի հնի մէջ եւ չտարբերւի նրանից, ապա կը ժխտենք նոր շերտի իրաւունքը՝ իր ժամանակի մասին խօսելու։
Աւելին՝ այս մօտեցումը խորթ չէ «Վարուժան»-ի ոգուն։ «Վարուժանն» իր ժամանակին երաժշտութեան ասպարէզում ստեղծեց հնի եւ նորի միաձուլումը՝ համադրելով աւանդական մեղեդին ժամանակակից նւագարանների ու նոր ձեւերի հետ։ Այսօր նրա յիշատակին ձեւաւորւած նիւթերի օգտագործման մասին երկխօսութիւնը, ինչ-որ առումով, նոյն ոգու շարունակութիւնն է քարի լեզւով:
Այստեղ է հնչում ամենազգայուն հարցը. իսկ եթէ գործը քանդակագործի ձեռքով չէ կերտւել, այլ հաստոցի եւ համակարգչի միջոցով, արդեօք դա նսեմացնո՞ւմ է այն։ Պատասխանը պէտք է փնտրել ոչ թէ յուզումների, այլ արւեստի պատմութեան մէջ։
Քանդակագործութիւնը երբեք դատարկ ձեռքի արւեստ չի եղել։ Անցեալում վարպետները օգտագործում էին կէտային մեքենայ, կաղապար, արհեստանոց ու օգնականների բանակ։ Այսօր աշխարհահռչակ արւեստագէտները ստեղծում են միտքը, իսկ գործադրումը կատարւում է տեխնիկայով։ Ոչ ոք չի ասում, որ այդ գործերը թոյլ արւեստի նմուշներ են։ Հաստոցը նոյն շարքի նոր օղակն է. ոչ թէ մտքի փոխարինում, այլ ձեռքի։
Տեխնոլոգիան միշտ սկզբում վախեցրել է։ Երբ լուսանկարը յայտնւեց, ասացին՝ գեղանկարչութիւնը մեռաւ։ Երբ տպագրութիւնը եկաւ, ասացին՝ ձեռագիրը մեռաւ։ Բայց ոչ մէկը չմեռաւ։ Մեքենան կարող է ապահովել սիմետրիկ ճշգրտութիւն եւ հարթ մակերես, բայց չի կարող տալ պատճառ. ինչո՞ւ այս մարդը, ինչո՞ւ այս վայրում։ Այդ որոշումը, այդ մտայղացումը մարդուն է տրւած։
Քանզի արւեստը երբեք միայն «ով կտրեց քարը» չէ իր խնդիրը։ Արւեստը երեքն է միասին՝ ով մտածեց, ով կամեցաւ եւ ով իրականացրեց։ Մտայղացումը, նւիրումը եւ աշխատանքը։ Երբ մտայղացումը ծնւել է յարգանքից, երբ բարերարը սիրայօժար վճարել է, երբ աշխատանքը կանգնած է նախատեսւած տեղում եւ հանրութեանը յիշեցնում է իր մեծերի մասին, ուրեմն արդէն կատարւել է առաքելութիւնը:
Քանդակագործի ձեռքը կարող է լինել մուրճ, կարող է լինել հաստոց, բայց միտքը եւ ոգին միշտ մարդկային է։
Տեխնիկան կը կատարելագործւի, ճաշակները կը փոխւեն, քննադատութիւնները կը մոռացւեն։ Իսկ կերտւած արձանները կը մնան։ Այս գործերը մոռացութեան դէմ են։ Եւ ապագայում մեր սերունդները այդ կոթողների առջեւը կանգնելով կանդրադառնան, որ իրենց նախորդները յիշել գիտէին։
Եզրափակելով՝ ուզում եմ յստակ նշել. ես միանշանակ կողմ եմ արդար եւ սկզբունքային քննադատութեանը, քանզի առողջ քննադատութիւնը արւեստի զարգացման գրաւականն է։ Սակայն չեմ կարող համաձայնել կատարւած աշխատանքների թերագնահատման ու արժեզրկման հետ։ Քննադատել կարելի է հիմունքներով եւ պատասխանատւութեամբ, այլ ոչ թէ ժխտելով նւիրումը, ջանքը եւ յիշելու կամքը, որոնք ընկած են այս գործերի հիմքում:
ԻՌԷՆ ԱԲՆՈՒՍԵԱՆ






