Հայաստան - ԱրցախՄիջազգայինՄշակութային

Չեղարկւել է Վիեննայի միջազգային փառատօնին Արցախի մշակութային համոյթների մասնակցութիւնը. Դեսպանատներից մէկը նրանց որակել է «վտանգաւոր»

«Արցախեան մշակոյթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ Համաշխարհային փառատօնների ասոցիացիան (World Festival Association, WOFA) չեղարկել է նոյեմբերին Վիեննայում նախատեսւած միջազգային փառատօնին կազմակերպութեանն անդամակցող Արցախի ազգային նւագարանների պետական նւագախմբի եւ «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համոյթի մասնակցութեան պաշտօնական հրաւէրը։

Պաշտօնական հրաւէրի հիման վրայ համոյթները շուրջ երեք ամիս ինտենսիւօրէն պատրաստւել են փառատօնին՝ մշակելով յատուկ ծրագիր։

Հոկտեմբերի 21-ին կազմակերպիչները յայտնել են մասնակցութեան չեղարկման մասին։ Դրան յաջորդած՝ ՀԿ նախագահ Ապրես Մարգարեանի եւ WOFA-ի նախագահ Զորան Ստրեզովսկու նամակագրութեան ընթացքում վերջինս տեղեկացրել է, որ դեսպանատնից ստացւած գրութեան մէջ մշակութային խմբերը ներկայացւել են որպէս «վտանգաւոր», եւ պահանջւել է չեղարկել նրանց մասնակցութեան հրաւէրը։

Հոկտեմբերի 23-ին Զորան Ստրեզովսկին լրացուցիչ պարզաբանել է, որ, իր փոխանցմամբ, մի քանի դեսպանատներ միջամտել են՝ մեր համոյթներին մեղադրելով մեր երկրում «անջատողական գործունէութիւն» իրականացնելու մէջ եւ առաջարկելով նրանց չհրաւիրել փառատօնին։

«Արցախեան մշակոյթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն կտրականապէս մերժում է իր արւեստագէտներին վերագրւող այս մեղադրանքներն ու բնորոշումները։

2023 թւականին արցախահայութեան բռնի տեղահանումից յետոյ կազմակերպութեան առաքելութիւններից է դարձել Արցախի մշակութային համոյթների պահպանումը եւ նրանց մասնագիտական գործունէութեան շարունակականութեան ապահովումը։

Այս համոյթները Արցախի ոչ նիւթական մշակութային ժառանգութեան կենդանի կրողներն են։ ԻՒՆԵՍԿՕ-ի՝ 2003 թւականի Ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պահպանութեան կոնւենցիան կատարողական արւեստները ճանաչում է որպէս այդ ժառանգութեան հիմնական բնագաւառներից մէկը։

2025 թւականին արցախեան արւեստագէտները յաջողութեամբ մասնակցել են Իտալիայում CIOFF-ի միջազգային փառատօնային ծրագրերին՝ արժանանալով բարձր գնահատականի եւ ստանալով պատւոգրեր։ CIOFF-ը ԻՒՆԵՍԿՕ-ի հետ պաշտօնական գործընկերութիւն ունեցող եւ ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պահպանութեան ոլորտում խորհրդատւական գործունէութիւն իրականացնելու համար հաւատարմագրւած կազմակերպութիւն է։

Արցախից բռնի տեղահանւած արւեստագէտներն արդէն զրկւել են իրենց բնական մշակութային միջավայրում ստեղծագործելու հնարաւորութիւնից։ Նրանց միջազգային մշակութային միջոցառումներին մասնակցութեան սահմանափակումը՝ քաղաքական բնոյթի մեղադրանքների հիմքով, լուրջ մտահոգութիւն է առաջացնում մշակութային իրաւունքների հնարաւոր խախտման առումով։

Կազմակերպութիւնն արդէն դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարութեանը եւ միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւններին՝ խնդրելով ուսումնասիրել տեղի ունեցածի հանգամանքները եւ աջակցել արցախցի արւեստագէտների մշակութային իրաւունքների պաշտպանութեանը։

WOFA-ի նախագահից պահանջւել է յայտնել միջամտած դեսպանատների անուններն ու ներկայացւած մեղադրանքների փաստական հիմքերը։ Նա խոստացել է լրացուցիչ մանրամասները տրամադրել։

«Արցախեան մշակոյթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն յայտարարում է, որ հետեւողական է լինելու տեղի ունեցածի ամբողջական պարզաբանման եւ արցախցի արւեստագէտների մշակութային իրաւունքների պաշտպանութեան հարցում։

Related Articles

Back to top button