«Մենք եկանք, որ այս մարդիկ որեւէ ձեւ միայնութեան զգացում չունենան»
Բագրատ Սրբազանն ու «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման անդամներն այցելել են Կիրանց եւ Ոսկեպար գիւղեր
«ԱԼԻՔ» – Երէկ՝ յունիսի 21-ին Բագրատ Սրբազանը եւ «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման անդամներն այցելել են Տաւուշի մարզի Կիրանց եւ Ոսկեպար գիւղեր, եւ հանդիպել են տեղի բնակչութեան հետ, լսել նրանց մտահոգութիւններն ու տեղում ծանօթացել են Ադրբեջանի հետ այսպէս կոչւած սահմանազատման եւ սահմանագծման գործընթացից յետոյ ստեղծւած իրավիճակին:
Այցի կապակցութեամբ, լրագրողների հետ զրոյցում Բագրատ Սրբազանն ասել է. «Մենք եկանք, որ այս մարդիկ որեւէ ձեւ միայնութեան զգացում չունենան, որովհետեւ այս մարդիկ շատ մեծ պայքարի մէջ են եւ դա միայն իրենցը չէ, բոլորինն է:
Մենք ընդամէնը մի քանի մեքենայով պէտք է գայինք, բայց հարիւրաւոր մարդիկ միացան, ինչը նշանակում է, որ մարդկանց ընդվզումը շատ առարկայական է, շատ առկայ: Սա չի կարող լինել ընդամէնը մի դէպք, որը կը մոռացւի ու կը գնայ:
Մարդիկ չեն ցանկանում փոխհատուցում, ուզում են իրենց գիւղում, իրենց հօր, պապու տանն ապրել»:
Խօսելով շարժման ձեռքբերման մասին, Բագրատ Սրբազանը նշել է. «Մենք վիժեցրել ենք Հայաստանի յանձնումը: Այս մարդիկ ամէն գնով, ամէն ինչի պատրաստ են, մենք դա ենք վիժեցրել ու լաւ ենք արել, ճիշտ ենք արել ու դեռ շարունակելու ենք անել՝ իրենց վիժեցնելու համար, ոչ թէ միայն գործընթացը»:
Սրբազանն անդրադարձել է նաեւ այսպէս կոչւած սահամանազատման եւ սահմանագծման գործընթացի արդիւնքում ստեղծւած իրավիճակին.
«Բացի այն, որ պետական սահմանը, ամեանամուր դիրքերը, բնագծերը քանդւած են, խախտւած է նաեւ մարդկանց սեփականութեան իրաւունքը: Ընդորում, այստեղ մարդիկ կան, որոնց կադաստրի վկայականը տրւել է 2018 թւականաից յետոյ, չեն կարող ասել, որ նախկիններն են տւել: Մարդիկ կան, որոնց տները 1960 թւականներից պապուց հօր, հօրից էլ իրենց են փոխանցւել, որոնք հիմա քանդում են»,- ասել է նա:
Նիկոլ Փաշինեանի հերթական սուտը
Ի դէպ, այցի ընթացքում Փաշինեանի կողմից օրերս սիւնեցիներին «ցոյց տրւած» ցանկապատը, որն իբր անվտանգ է դարձրել Ոսկեպարի, Կիրանցի գիւղացիների ու նրանց անասունների շարժը սահմանամերձ հատւածում, այդպէս էլ չգտնւեց:
Պարզւեց, որ Տաւուշի մարզում ոչ ոք ոչ տեսել է, ոչ էլ լսել դրանց մասին: Ինչպէս երեւում է հրապարակւած տեսանիւթում այդ դրանց գոյութեան մասին անգամ տեղեակ չէին Ոսկեպարում ծառայութիւն իրականացնող սահմանապահներն ու նրանց հրամանատարները:
Թւում է՝ փոքր հարց է, բայց պարզւում է՝ նոյնիսկ այս հարցում է Փաշինեանը խաբել սիւնեցիներին: Դա էլ բաւարար չէր, հետը յայտարարում է. «Երբ որ Ոսկեպարի ինժիներական պատնէշները էդ մարդկան ցոյց տւեցի, էդ մարդկանց ոգեւորութիւնը տեսնէիք, ասում էին՝ «մեզ մօտ էլ էդպէս լինի»»: