Անդրանիկ Թեւանեան. «Մերկապար խորհրդարանում․ Հայաստանի ուկրաինացումը եւ հին/նոր թուրքամէտ յաճախորդների դերը»
«ԱԼԻՔ» – «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ, քաղաքագէտ Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով յունիսի 21-ին ՀՀ ԱԺ-ում Հայաստանի` ԵՄ անդամակցութեան յայտ ներկայացնելու հարցով հանրաքւէ անցկացնելու թեմայով լսումներին.
«Մերկապար խորհրդարանում․ Հայաստանի ուկրաինացումը եւ հին/նոր թուրքամէտ յաճախորդների դերը
Հայաստանի խորհրդարանում այսօր խմբակային լիւստրացիա է։ ԵՄ–ին անդամակցելու անւան տակ հաւաքւել են իրենց արեւմտամէտ հռչակածները, որոնք իրականում թուրքական 5-րդ շարասեան գործառոյթ են իրականացնում՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար։
Հայաստանի խորհրդարանում հաւաքւել են նախկին իշխանութիւնների մօտ յաճախորդ աշխատող շատերը (դրանց միւս մասն այսօր իշխանութեան մէջ է յայտնւել, երրորդ մասը՝ ընդդիմութեան), որոնք այժմ փաշինեանական իշխանութեան յաճախորդներն են (Փաշինեանն իր կարգավիճակը փոխեց 2018-ից յետոյ՝ յաճախորդից վերածւելով իշխանութեան եւ մնալով միայն դրսի յաճախորդ)՝ սեփական եղբօր անունը պղծողը, սեփական մօր դէմ ցուցմունք տւողը, սեփական հօրը դատի տւողը եւ այլք։
Յանուն արդարութեան ասենք, որ այս յաճախորդները նախկին իշխանութեան մօտ վարձակալութեամբ էին աշխատում, քանզի սրանց իրական տէրերը դրսում են։ Տարբեր են սրանց անցած ճանապարհները, բայց մէկ հարցում ընդհանուր գծի մէջ են՝ Հայաստանը տանում են դէպի ոչնչացում, բայց դա հրամցնում են «եւրաինտեգրացիայի» կեղծ լոզունգով (դրանցից առաւել թուրքամէտն այսօր ԵՄ դրօշով մերկապար էր ցոյց տալիս խորհրդարանում)։ Ուզում են քաղքենիական զանգւածին համոզել, թէ, իբր, ԵՄ-ում մեզ սպասում են եւ մնում է միայն հանրաքւէ անել ու յայտնւել այնտեղ։
Իրականութիւնն այն է, որ Սահմանադրութեան փոփոխութեան հանրաքւէն այս իշխանութիւնները, նրանց դրսի տէրերն ուզում են կազմակերպել Ալիեւի պահանջով, բայց որպէսզի դա աչք ու ականջ չծակի, փաթեթաւորում են ԵՄ-ական բլեֆով։
Ինչ մնում է ԵՄ անդամակցութեան մասին խօսակցութիւններին, ապա դա Հայաստանի ուկրաինացման ճանապարհն է՝ շատ աւելի վատ վերջաբանով։
Նիկոլ Փաշինեանի ու թուրքական 5-րդ շարասեան բուն նպատակը մեր երկիրն աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ դարձնելն է, Հայաստանից Ռուսաստանի հեռացումն է եւ Իրանի դէմ թուրք-իսրայէլական օղակի սեղմում ապահովելը։ Իսկ թէ ինչ կը լինի դրա արդիւնքում Հայաստանի հետ, իրենց ու իրենց տէրերին չի հետաքրքրում։ Փաշինեանին միայն իր անձնական անվտանգութեան երաշխիքներն են հետաքրքրում, իսկ ԱԺ-ում լսումների մասնակցող «արեւմտամէտներին»՝ կանխիկ փողը՝ թուրքական լիրայի տեսքով։
Յ․Գ․- Ի դէպ, ԵՄ-ին անդամակցելու յայտ ներկայացրած Վրաստանը հրաժարւում է Արեւմուտքի ձեռքում մանրադրամ դառնալ՝ ընդդէմ Ռուսաստանի։ Փաշինեանը եւ նրան ձայնակցող 5-րդ շարասիւնը համաձայնել են։ Գինը՝ Հայաստանն է (Արցախը նիկոլենք արդէն յանձնել են «եւրաինտեգրացիայի» շրջանակներում)»,- գրել է նա: