Հայաստան - Արցախ

Արթուր Խաչիկեան. «100 տարի առաջ էլ Արեւմուտքը մեզ սադրեց ու թողեց Թուրքիայի ու Ռուսաստանի արանքում»

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտութեան դոկտոր Արթուր Խաչիկեանին։

Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.

  • Յանցագործներն ու ռազմագերիները համարժէք բան չեն։ Լաւ է, որ գերիները վերադարձել են, բայց ինչո՞ւ այդ հարցն աւելի վաղ չէր բարձրացւել ու լուծւել։ Դեռ այդքան գերիներ էլ ունենք Բաքւում, այդ թւում՝ ռազմաքաղաքական ղեկավարութիւնն Արցախի: Ինչո՞ւ չի դրւում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանն ազատ արձակելու մասին հարցը։ Ստացւում է՝ Արցախն էր խանգարում։ Բոլոր նրանց համար, ովքեր մտածում էին՝ Արցախը յանձնեն, հանգիստ կապրեն, վատ նորութիւն ունեմ․ Ալիեւը Փաշինեանի յայտարարած Հայաստանի 29.800 կմ. տարածքի 15.000-ը համարում է իրենը։ Ալիեւը նաեւ յայտարարել է, որ ռեւանշ չի թոյլ տալու։ Սա նշանակում է, որ մենք բանակ չպէտք է ունենանք։ Սա Ալեքսանդրապոլի նոյն պայմանագիրն է։
  • Երբ Ռուսաստանն էր այս տարիների ընթացքում Բաքւից տասնեակ գերիներ էր բերում, իշխանութիւնները լռում էին, բայց երբ Արեւմուտքն է բերում, դրա մասին բարձրաձայնում են բոլորը։
  • Հայաստանեան այս գործակալների խումբն այլեւս չի խօսում Արցախի մասին։ Արեւմուտքը խոստացել էր, որ Արցախում էթնիկ զտում թոյլ չեն տալու։ Բա ինչպէ՞ս եղաւ, որ 120.000 մարդ տեղահանւեց։ Հիմա եթէ նոյն բանը Հայաստանի հետ լինի, էլի Արեւմուտքը յայտարարութիւններից այն կողմ չի անցնելու։
  • Երբ Փաշինեանին Եւրոպայում ծափահարում են Արցախը յանձնելու համար, իսկ այստեղի գաւառական քարոզիչները գովերգում են նրան, պարզ է, որ Ալիեւն ինչ ուզի, պիտի յայտարարի ու անի։ Հայաստանում 2018-ից իշխանութեան եղած խումբը Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչներն են Հայաստանում։
  • Ալիեւը պահանջելու է 15.000 քկմ. տարածք, անկլաւները, դէպի այդ անկլաւները տանող ճանապարհները, Սիւնիքը, ադրբեջանական ուժերի տեղակայում Հայաստանում, գոյքի վերադարձ, փոխհատուցում… Պահանջելու է փոխել Հայաստանի Սահմանադրութիւնը, Անկախութեան հռչակագիրը, զինանշանից հանելու են Արարատը… Այս իշխանութիւններն Ալիեւի ու Թուրքիայի պահանջով դեռ շատ անելիքներ ունեն՝ հրաժարւելու են Արարատից, Անդրանիկից, Գէորգ Չաւուշից, Սասունցի Դաւիթից, Կոմիտասից… Ցուցակը շատ երկար է։ Խաղաղութեան պայմանագրում Ադրբեջանն այնպիսի կէտեր կը դնի, որ հետագայում Հայաստան չլինի։
  • Ալիեւի քայլերը հասկանալի են ու ռացիոնալ՝ իր երկրի շահերն առաջ մղելու առումով․ դրա մասին 3-4 տարի խօսում ենք, զգուշացնում ենք մարդկանց։ Այս իրավիճակում մի բան է անհասկանալի՝ ինչպէ՞ս ենք մենք, մեր ժողովուրդը հանդուրժում սրանց Հայաստանի իշխանութեան գլխին։
  • Սրանց մի մասը գործակալներ են, որոնք փող են ստանում դրսից, միւս մասն աղանդաւորներ են։ Մենք դարձել ենք սեկտանտների՝ աղանդաւորների ազգ։ Հայաստանում գործող հակառուսական ուժերին հսկայական փող են տալիս, որ Ռուսաստանին հանեն այստեղից, ու տարածաշրջան, Հայաստան մտնի Թուրքիան։
  • Իրանն էր, որ զսպեց Թուրքիայի եւ Ադրբեջանի յարձակումները Սիւնիքի վրայ։ Բայց ԱՄՆ-ը թոյլ չի տալիս, որ ՀՀ իշխանութիւնները զարգացնեն յարաբերութիւններն Իրանի հետ։
  • Այս իշխանութեան նպատակը մեզ Թուրքիային ու Ադրբեջանին հպատակեցնելն է, եւ ամենացաւալին այն է, որ մեր հասարակութեան մի մասը դրա հետ կարծես խնդիր չունի։
  • Թուրքիան ունի միայն մէկ նպատակ՝ միանալ Ադրբեջանի հետ, ոչնչացնել հայերին։ Այդպէս է արդէն 100 տարի։
  • Ֆրանսիական բաստիոնները, ըստ միջազգային աղբիւրների, օգտագործւում են աֆրիկեան երկրներում հետախուզական խաղաղապահ առաքելութիւնների համար։ Դրանք պաշտպանողական ֆունկցիա չունեն։ Դրանց պատուհաններն ապակուց են։ Ցանկացած գնդակ կարող է մտնել։ Էլ չեմ ասում անօդաչուների մասին, որ միանգամից կարող են դրանք ոչնչացնել։ Ֆրանսիան Ուկրաինային տալիս է Լէոպարդ-2, իսկ մեզ՝ աֆրիկեան զրահափոխադրիչներ։ Ֆրանսիան իր վրայ վերցրել է խորհրդանշական աջակցութեան դեր, որպէսզի հանգստացնի ֆրանսահայ համայնքին։ Եւ այդ մասին ֆրանսիական Le Monde թերթն է գրել։ Ֆրանսիան Հայաստանի վրայ հնարաւոր ագրեսիայի դէպքում ոչինչ չի անելու։
  • Հայաստանում էքստազային ինդուստրիա է։ Հիմա էլ էքստազի մէջ են ընկել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջէյմս Օ’Բրայէնի յայտարարութիւններից։ Իրականում Օ’Բրայէնն ասում է՝ Իրանի եւ Ռուսաստանի ազդեցութիւն Կովկասում չպէ՛տք է լինի։
  • Օ’Բրայէնին լսում էի, ասում է՝ արցախցիներն այնպիսի շոկի մէջ են, որ իրենք էլ չգիտեն՝ ինչի են դուրս եկել Արցախից… Պատկերացնո՞ւմ էք՝ ինչ է ասում: Նոյն Օ’Բրայէնը երեւի չի լսել, որ սեպտեմբերին մի օրում ադրբեջանցիները 1000 մարդ են սպանել։
  • Երբ մի ժողովուրդ չի ուզում ուսումնասիրել իր պատմութիւնն ու սխալները, նրա հետ լինելու է այն, ինչ եղաւ հարիւր տարի առաջ, երբ Հայաստանը Թուրքիան ու Ռուսաստանը կիսեցին իրար մէջ։ Նոյն ձեւով, ինչպէս 100 տարի առաջ Արեւմուտքը մեզ սադրեց ու թողեց Թուրքիայի ու Ռուսաստանի արանքում, վարւում են եւ հիմա։ Այդպէս են նրանք վարւել նաեւ Ուկրաինայի եւ Վրաստանի հետ։ Եւ այդ ամէնը՝ Ռուսաստանը թուլացնելու համար։
  • Հայաստանի այս վարչախումբն այնպիսի յայտարարութիւններ է անում, որ Ռուսաստանի հետ խաղաթուղթ չունենաս։ Սրանք իրենց յայտարարութիւններով Ռուսաստանին թոյլ տւեցին չկատարել իր պարտաւորութիւնները։
  • Արեւմուտքը շատ լաւ էլ ծախւում է։ Ալիեւն ամէն ինչ կը մարսի։ Եւրոպան ամէն ինչ կը ծախի նաւթի ու գազի համար։
  • Երբ Թուրքիան ամէն ինչ ստանայ, ի վերջոյ, կը բացի Հայաստանի հետ սահմանը, եւ դրանով կը դրւի մեր տնտեսութեան ոչնչացման սկիզբը։ Մենք դառնալու ենք վիլայէթ, որը խանգարելու է ծովից ծով, Ստամբուլից մինչեւ Բաքու Թուրքիային։

168.am

Related Articles

Back to top button