Լիլիթ Գալստեան. «Ժողովրդավարութիւնը չի կարող գոյատեւել բռնաճնշումների պայմաններում. կոչ եմ անում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին ուշադիր հետեւել զարգացումներին»

Ներկայացնում ենք ՀՅԴ Բիւրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանի ելոյթը ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում/Վիեննա/: Այս մասին հաղորդում է Yerkir.am-ը:
«Յարգարժան գործընկերներ,
Ցանկանում եմ Ձեր ուշադրութիւնը հրաւիրել Հայաստանի համար կենսական նշանակութիւն ունեցող երկու խորապէս մտահոգիչ խնդիրների վրայ։
Առաջինը, Բաքւում վերջերս հայ ռազմագերիներն ու Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական ղեկավարութիւնը դատապարտւեցին ցմահ ազատազրկման։ Սրանք դատավարութիւններ էին, որոնք որեւէ առնչութիւն չունեն միջազգային իրաւունքի նւազագոյն չափանիշների հետ։
ԵԱՀԿ-ն, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը կարգաւորելու մանդատ ունեցող միակ կառոյցն էր, ոչ միայն չկարողացաւ կանխել դէպքերի այսպիսի ընթացքը, այլեւ գործնականում անտարբեր մնաց այդ դատավարութիւնների նկատմամբ։ Սա ոչ միայն որեւէ առնչութիւն չունի խաղաղութեան հետ, այլ քաղաքական կամքի եւ պատասխանատւութեան բացակայութեան ի սպառ բացակայութեան նշան է։ Նման անգործութիւնը խարխլում է վստահութիւնը միջազգային ինստիտուտների նկատմամբ եւ թուլացնում իրաւունքի գերակայութեան յարգանքը տարածաշրջանում։
Թոյլ տւէք այժմ անդրադառնալ Հայաստանի ներսում ժողովրդավարութեան անկմանը։ Մենք մօտենում ենք 2026 թւականի ընտրութիւններին այնպիսի պայմաններում, որոնք այլեւս չեն համապատասխանում ազատ եւ արդար ժողովրդավարական մրցակցութեան նւազագոյն չափանիշներին։
Հայաստանում իշխանութիւնը վերածւել է քաղաքական ճնշման գործիքի։ Դատական համակրագի անկախութիւնը փաստացի փլուզւել է, իսկ քաղաքական նկատառումներով կայացւած դատավճիռները խաթարում են հանրային վստահութիւնը։
Շինծու մեղադրանքներով ձերբակալւում կամ եւ կալանաւորւում են ընդդիմադիր առաջնորդներ, պատգամաւորներ, քաղաքացիական հասարակութեան ակտիւիստներ, այդ թւում՝ բարձրաստիճան հոգեւորականներ։ Այս անձինք լիովին համապատասխանում են Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձեւով սահմանւած քաղաքական բանտարկեալների չափանիշներին։
Սրանք տեսանելի եւ փաստագրւած իրողութիւններ են, որոնք արձանագրել են նաեւ միջազգային կազմակերպութիւնները՝ նշելով, որ Հայաստանում արձանագրւել է ընտրական ժողովրդավարութեան անկում, եւ 2016 թւականից ի վեր որեւէ էական բարելաւում չի գրանցւել։
Առաւել մտահոգիչ են Հայ Առաքելական Եկեղեցու դէմ յարձակումները։ Վարչապետն անձամբ է պահանջում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը՝ խաթարելով եկեղեցու եւ պետութեան սահմանադրական տարանջատումը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ յարուցւել է քրէական գործ եւ կիրառւել է երկրից դուրս գալու արգելք, ինչը Հայաստանի Հանրապետութիւնում խղճի եւ կրօնի ազատութեան կոպիտ խախտում է։ Անհրաժեշտ է, որ միջազգային հանրութիւնը արձանագրի այս զարգացումները եւ հանդէս գայ Հայաստանում կրօնական ազատութեան ու ժողովրդավարական սկզբունքների պաշտպանութեան դիրքերից։
Որպէս Հայաստանի խորհրդարանական ընդդիմութեան ներկայացուցիչ՝ ես հաւատում եմ քաղաքական մրցակցութեանը եւ ժողովրդավարական ապագային։
Սակայն ժողովրդավարութիւնը չի կարող գոյատեւել բռնաճնշումների պայմաններում։ Հետեւաբար կոչ եմ անում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին՝ ուշադիր հետեւել զարգացումներին, ճշմարտացիօրէն զեկուցել դրանց մասին եւ պաշտպանել ազատութեան, բազմակարծութեան եւ իրաւունքի գերակայութեան հիմնարար արժէքները։
Հայաստանի ժողովուրդը արժանի է այնպիսի ընտրութիւնների, որտեղ երկրի ապագան բացառապէս իր ձայնով կը կանխորոշւի։ Ձեր սկզբունքային ներգրաււածութիւնը կենսական նշանակութիւն ունի այդ ապագան պաշտպանելու համար»։



