Հրանտ Մելիք-Շահնազարեան. «Ի դէմս 18 արդարների, այս իշխանութիւնը դատում է հէնց հայ ժողովրդին՝ իր հոգեւորականներով, զինւորներով, որդեկորոյս ծնողներով հանդերձ»

«ԱԼԻՔ» – «18 արդարների դատը վստահ եմ՝ դեռ երկար է քննարկւելու մեր հանրութեան կողմից։ Փաստաբանները, լրագրողներն ու իրաւապաշտպանները արդէն իսկ բարձրաձայնել եւ շարունակում են խօսել բոլորիս աչքի առջեւ տեղի ունեցող ապօրինութիւնների մասին, որոնք այդ դատն առաջին իսկ պահից իրական ֆարսի են վերածել։ Ցաւօք, արդէն իսկ պարզ է, որ արդարադատութիւն այս դատարանում չի լինելու։ Եթէ անկեղծ՝ այլ ընթացք չէի էլ սպասում»: Այս մասին սոցցանցերի իր հարթակներում գրել է քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազրեանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազան+17-ի դատավարութեանը:
«Եւ չնայած այդ «դատն» ամէն ինչ է, բացի դատ լինելուց, այնուամենայնիւ, այն նոյնպէս մի շարք կարեւոր բացայայտումներ է արել, որոնք պէտք է անպայման արձանագրել.
Ա. Սրբազան Պայքարի ակտիւիստների կողմից ահաբեկչութեան նախապատրաստման մասին իշխանութեան պնդումները պարզապէս ջախջախւեցին։ Այդ հեքիաթով Նիկոլը կարող է կերակրել միայն վահագնալեքսանեաններին ու արսէնթորոսեաններին։ Բանականութեան, բարոյականութեան ու տրամաբանութեան անգամ չնչին նշոյլներ ունեցող ցանկացած ոք այլեւս երբեք չի հաւատայ, որ Բագրատ Սրբազանն ու նրա կողմնակիցները նման մտադրութիւն են ունեցել։
Բ. Հանրութիւնը ուղղակիօրէն ապշել է դատաւորի ու մեղադրողների անբարոյ վարքագծից։ Մեր ժողովուրդը պարզապէս չէր հաւատում, որ նման մարդիկ իրապէս գոյութիւն ունեն, իրական են եւ ոչ թէ ինչ-որ հիւանդ երեւակայութեան ստեղծագործութեան արդիւնք։ Ժողովուրդը տեսաւ այսօրւայ արդարադատութեան տեսքն ու սարսափեց։
Գ. ՀՀ քաղաքացիները հասկացան, որ ի դէմս Բագրատ Սրբազանի եւ մնացած 17 արդարների, այս իշխանութիւնը դատում է հէնց հայ ժողովրդին՝ իր հոգեւորականներով, զինւորներով, որդեկորոյս ծնողներով հանդերձ։
Դ. Իշխանութիւնները շատ յստակ ուղերձ են յղում թէ՛ քաղաքական դաշտին, եւ թէ՛ ամբողջ ժողովրդին՝ այսուհետեւ այսպիսինն են լինելու խաղի կանոնները։ Իրաւական պետութեան մասին բոլոր խօսքերն այլեւս աւելորդութիւն են։ Երկրում որոշիչ է միայն Նիկոլի կամքը։ Իսկ իրաւապահների ու դատաւորների միակ գործն այդ կամքը, մեխանիկօրէն ապօրինի վճիռներ կայացնելով, կատարելն է։
Ե. Այս ամենին դիմակայելու քաղաքական եւ հանրային ռեսուրսը դեռեւս գտնւում է ցաքուցրիւ վիճակում։
Զ. Միջազգային հանրութիւն կոչւածը թքած ունի, թէ ինչ է կատարւում Հայաստանի ներսում։ Մեր երկրում նրանց հետաքրքիր է միայն մէկ բան՝ թուրք-ադրբեջանական միջանցքը, որն ապահովելու համար նրանք ոչ միայն համաձայն են Հայաստանը բռնապետութեան վերածելու Նիկոլի ծրագրին, այլեւ աջակցում են նրան այդ գործում։
Է. Ամենակարեւորը՝ Բագրատ Սրբազանն ու մնացած 17 արդարները, նստած լինելով մեղադրեալի աթոռին, աւելի մեծ ազդեցութիւն ունեն հանրային տրամադրութիւնների եւ քաղաքական գործընթացների վրայ, քան պրոցեսի միւս մասնակիցները, հետեւողներն ու դրա վրայ ձեռքեր տաքացնողները։ Պատճառը պարզ է՝ արդար են, խօսում են ճշմարտութեան լեզւով, գաղափարական են, պատրաստ են զոհողութիւնների, գիտեն՝ ինչ եւ ինչու են անում։ Մինչդեռ՝ հակառակ կողմը միանգամայն փաստազուրկ է։
Հետեւաբար՝ յաղթանակն անխուսափելի է»,- գրել է նա։