«Առաւօտ». «Աշնակի մշակոյթի տան պատին Հերոսների նկարների փոխարէն կը լինի գիւղի պարի խմբի նկարը»
«ԱԼԻՔ» – «Առաւօտ»-ը գրում է.
Թալին խոշորացւած համայնքի Աշնակ վարչական շրջանի մշակոյթի տան պատից օրերս «մաքրւել» են Նժդեհի եւ Մոնթէի նկարները: Միջադէպն անաղմուկ չի անցել. տեղացիներն ընդւզել են, անհամաձայնութիւն են յայտնել, «միջոցառումն» իրականացւել է վէճի հասնող խօսքուզրոյցով:
Այս ամենի արդիւնքում, վարչական շրջանի ղեկավար Սասուն Դաւթեանն էլ հրաժարականի դիմում է ներկայացրել: Դիմումն ընդունւել է խոշորացւած համայնքի ղեկավարի կողմից եւ 13 տարի Աշնակը ղեկավարած նախկին գիւղապետ-վարչական շրջանի ղեկավարն այլեւս չի պաշտօնավարի: «Ռեմոնտ էին անում, էդտեղ ներկել են, որ մեր՝ Աշնակի պարի խմբի նկարը էդտեղ դնեն»,- մեր տեղեկութեան, այսպէս ասած, պաշտօնական վարկածը Aravot.am-ի հետ զրոյցում ներկայացրեց Սասուն Դաւթեանը:
Իսկ դիտարկմանը՝ փաստօրէն, վերանորոգման անւան տակ այդ նկարները ներկւել-փակւել են, որպէսզի յետոյ այլ նկար տեղը դրւի ու ստացւում է, որ Նժդեհի եւ Մոնթէի նկարները հանւել են, նա արձագանգեց. «Հիմա ես չգիտեմ… որ տեսանկիւնից… ով ոնց է մտածում, ինչ է մտածում… Ամէն դէպքում, միտքը դա է, որ այդտեղ Աշնակի պարի խմբի նկարը պէտք է նկարւի ու քանի որ հիմա էին անում վերանորոգումը, ներկել են, որ յետոյ խմբի նկարը նկարեն, այդ նկարներն էլ տանեն ուրիշ տեղ նկարեն: Երեւի չգիտեմ… Մենք շէնք ունենք, Գէորգ Չաւուշի թանգարան. էնտեղ երեւի կը նկարեն»:
Մեր ճշտող հարցին՝ երեւի՞, թէ՝ կը տեղափոխւեն այդ նկարները, Սասուն Դաւթեանը պատասխանեց. «Ես արդէն չգիտեմ, ես էլ չեմ աշխատում: Ուզում եմ ասեմ՝ ես ի՞նչ իմանամ, էլ կը նկարեն, չեն նկարի, էդ արդէն իրենք կարան պատասխանեն»:
Իր պաշտօնանկութեան պաշտօնական վարկածն էլ մեր զրուցակիցը ներկայացրեց իր հոգնածութիւնը, թէեւ չհերքեց, որ նկարների թեմայով խօսակցութիւն եղել է ու ինքն էլ դէմ է եղել այդ նկարների փոխարէն այլ նկար նկարելուն. «Ամէն դէպքում, հա խօսակցութիւն գնացել է, յետոյ՝ էդպէս…»: Փորձեցինք զրուցել նաեւ Թալին խոշորացւած համայնքի ղեկավար Տաւրոս Սափէեանի հետ: Մեր հեռախօսազանգերին նա դեռ չի արձագանգել: