Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արդեօք Փաշինեանը պէ՞տք է մեկնի Բ​աքու Ալիեւի հրաւէրով՝ մասնակցելու միջազգային համաժողովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արտաքին քաղաքականութեան բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը յուլիսի 21-ին յայտարարեց, որ Հայաստանը պաշտօնապէս հրաւիրւել է Բաքւում նոյեմբերի 11-22-ը կայանալիք Կլիմայի փոփոխութեան հարցերով ՄԱԿ-ի միջազգային համաժողովին (COP29): Հաջիեւն ասաց, որ հրաւէրն Ադրբեջանի բնապահպանութեան եւ բնական պաշարների նախարար Մուխթար Բաբայեւի կողմից ուղարկւել է Հայաստանի արտաքին գործերի նախարարութեանը։ Թէեւ ՄԱԿ-ի բոլոր անդամներն աւտոմատ կերպով հրաւիրւում են, Հաջիեւն այնպէս ներկայացրեց, կարծես Ադրբեջանը յատուկ բարեհաճութիւն է արել Հայաստանին՝ հրաւէրը որակելով որպէս «բարի կամքի դրսեւորում եւ ներառական մօտեցում երկու երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների բացակայութեան պայմաններում»: Հաջիեւը յաւելել է. «Հիմա ժամանակն է, որ Հայաստանի իշխանութիւնները որոշում կայացնեն»։

Հայաստանի պաշտօնեաները դեռեւս պաշտօնական պատասխան չեն տւել հրաւէրին։ Նրանք երկու խուսափողական մեկնաբանութիւն են արել․ վարչապետ Նիկոլ Փաշինեանի մամուլի խօսնակն ասաց՝ «նման այց նախատեսւած չէ վարչապետի աշխատանքային օրակարգում», իսկ ՀՀ արտգործնախարարի խօսնակը լրագրողներին ասաց, որ «հարցին անդրադարձ լինելու պարագայում կը տեղեկացնենք»։

Բաքուն պնդում է, որ այդ առիթով 70-80 հազար զբօսաշրջիկ կայցելի Բաքու։ Սպասւում է, որ համաժողովին կը մասնակցեն հազարաւոր լրագրողներ, միջազգային բնապահպանական կազմակերպութիւնների պատւիրակներ, տարբեր կառավարութիւնների բարձրաստիճան պաշտօնեաներ եւ տասնեակ պետութիւնների ղեկավարներ ամբողջ աշխարհից: Աշխարհի 198 երկիր ստորագրել է Կլիմայի փոփոխութեան մասին կոնւենցիան։

2023 թւականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմը եւ Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ յայտարարութիւն էին տարածել, որում բացայայտւում էր, որ Կլիմայի համաժողովը հիւրընկալող Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի վետոյի իրաւունքը չկիրառելու դիմաց Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ ռազմագերիներին, որոնք պահւում էին Բաքւի բանտերում, իսկ Հայաստանն իր հերթին ազատ կարձակի երկու ադրբեջանցի զինւորներին, որոնք գերի էին ընկել Հայաստանի սահմանը հատելուց եւ հայ քաղաքացուն սպանելուց յետոյ։ Բացի այդ, Ադրբեջանը համաձայնել է աջակցել Հայաստանի թեկնածութեանը Արեւելեան Եւրոպայի խմբի՝ COP29-ի բիւրոյի կազմում: Այն ժամանակ ես գրեցի, որ նախագահ Ալիեւն այնքան է տարւած Բաքւում այս հեղինակաւոր միջազգային համաժողովի անցկացնելու գաղափարով, որ Հայաստանը պէտք է պնդէր, որ Ադրբեջանը ազատ արձակի 2020 թւականի պատերազմից յետոյ Բաքւում պահւող բոլոր հայ ռազմագերիներին, ինչպէս նաեւ 2023 թւականի սեպտեմբերից ի վեր պահւող Արցախի 8 բարձրաստիճան պաշտօնեաներին։

Վերջին ամիսներին մի քանի միջազգային հաւաքների ժամանակ նախագահ Ալիեւը յոխորտացել է, որ Ադրբեջանը հիւրընկալում է COP29 համաժողովը՝ դա վերագրելով «իր երկրի նկատմամբ միջազգային յարգանքի աճով՝ երկուսուկէս ամիս անց» նրա կողմից Արցախի բռնազաւթումից եւ էթնիկ զտումներից յետոյ։ «COP29-ը նախագահելը եւ այս միջոցառման անցկացումը Բաքւում վառ օրինակ են այն մեծ վստահութեան, որ միջազգային հանրութիւնը տածում է մեր երկրի նկատմամբ։ Գրեթէ 200 երկիր միաձայն պաշտպանել է մեր թեկնածութիւնը», պարծեցել է Ալիեւը։

Հայաստանի կառավարութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտնել են, որ Փաշինեանը Բաքւում կայանալիք COP29 համաժողովին մասնակցելու Ադրբեջանի հրաւէրին կանդրադառնայ օգոստոսին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։

Ադրբեջանցի պաշտօնեաները ակնարկել են, որ Բաքւում նոյեմբերին կայանալիք համաժողովի ընթացքում Փաշինեանն եւ Ալիեւը հնարաւոր է, որ նախնական համաձայնագիր ստորագրեն, որը նախանշում է վերջնական խաղաղութեան պայմանագրի հիմնական սկզբունքները: Հաջիեւը գովազդում է «COP զինադադարի» գաղափարը՝ համաժողովի ընթացքում դադարեցնելու բոլոր ռազմական գործողութիւններն ամբողջ աշխարհում՝ նման «Օլիմպիական զինադադարի» հայեցակարգին՝ խթանելու Ադրբեջանի կեղծ իմիջը որպէս խաղաղարար։ Մայիսի վերջին նախագահի յատուկ բանագնաց Էլչին Ամիրբեկովը նշել է, որ համաժողովը կարող է լաւ հնարաւորութիւն լինել Հայաստանի հետ խաղաղութեան պայմանագիր ստորագրելու համար։

Մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինեանը յայտարարեց, որ Երեւանը համաձայն է Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագիր ստորագրել մինչեւ նոյեմբեր: Այդուհանդերձ, Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը յունիսի 19-ին նախազգուշացրեց, որ «Ադրբեջանը կանի հնարաւոր ամէն ինչ՝ նոյեմբերին Բաքւում COP29 գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի հետ խաղաղութեան պայմանագրի ստորագրման գործընթացը վիժեցնելու համար՝ Հայաստանի Հանրապետութեան դէմ նոր ագրեսիա սանձազերծելու նպատակով»։

Յայտնի չէ, թէ օգոստոսին ինչ է յայտարարելու Փաշինեանը՝ նոյեմբերին կայանալիք Բաքւի համաժողովին իր հնարաւոր մասնակցութեան վերաբերեալ։ Սակայն, իմ կարծիքով, Փաշինեանը պէտք է խուսափի Հայաստանի հաշւին համաշխարհային լսարանի առաջ բոնուսային միաւորներ ձեռք բերելու Ալիեւի ստեղծած ծուղակն ընկնելուց՝ ցուցադրելով Փաշինեանի կամ նրա ներկայացուցչի մասնակցութիւնը Բաքւի համաժողովին։ Սա լուրջ ձեռքբերում կը լինի Ալիեւի համար՝ հանդէս գալով որպէս խաղաղարար, միաժամանակ շարունակելով յաճախակի սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի հասցէին եւ մեծացնելով Հայաստանից զիջումների իր պահանջները: Աւելին, խաղաղութեան պայմանագրի քողի տակ թղթի տակ ստորագրելը չի ​​խոչընդոտի Ալիեւին Հայաստանի վրայ հետագայ յարձակումներից:

Կարծում եմ, որ ոչ մի հայ պաշտօնեայ չպէտք է նոյնիսկ մտածի Բաքու մեկնելու մասին, քանի դեռ Ադրբեջանը պահում է տասնեակ հայ ռազմագերիների եւ 2021 թւականից բռնազաւթել է Հայաստանի Հանրապետութեան որոշ հատւածները: Առանց Ադրբեջանի կողմից բոլոր հայ բանտարկեալներին նախապէս ազատ արձակելու եւ Հայաստանի տարածքներից դուրս գալու, ոչ մի հայ պաշտօնեայ չպէտք է գնայ Ադրբեջան եւ ոչ էլ որեւէ հանդիպում ունենայ կամ բանակցութիւն վարի Բաքւի հետ:

Նւազ ցանկալի այլընտրանք կը լինի, որ Փաշինեանը կամ նրա ներկայացուցիչը մեկնի Բաքու եւ պահանջի ելոյթ ունենալ 198 երկրների միջազգային համաժողովում՝ դատապարտելով Ադրբեջանի բազմիցս սպառնալիքները ներխուժելու Հայաստան, Արցախի բռնազաւթումը, 120 հազար արցախահայերի էթնիկ զտումները, միջազգային երաշխիքներով նրանց վերադարձը իրենց պապենական հայրենիք մերժումը, բոլոր հայ ռազմագերիներին չազատելը եւ ադրբեջանական զօրքերը Հայաստանից դուրս չբերելը։

Այնուամենայնիւ, մեծ հաւանականութիւն կայ, որ Ադրբեջանը կարող է վերջին պահին հրաժարւել իր խոստումից՝ թոյլ չտալով Հայաստանի ներկայացուցչին ելոյթ ունենալ համաժողովում: Հայաստանի համար շատ աւելի լաւ տարբերակ կը լինէր հրաժարւել համաժողովին մասնակցելուց, քանի դեռ Ադրբեջանը չի ազատել հայ ռազմագերիներին եւ իր զօրքերը դուրս չի բերել Հայաստանից համաժողովից առաջ:

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button