Վարդան Օսկանեան. «Անկախ այն բանից, թէ ինչ է ասում կամ անում Փաշինեանը, Լեռնային Ղարաբաղի հարցը փակւած չէ»

«ԱԼԻՔ» – «Երէկ (յուլիսի 18-ԽՄԲ.) Բելգիայի խորհրդարանն ընդունեց բանաձեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ։ Ադրբեջանի վայրագութիւնների եւ մարդու իրաւունքների խախտումների մի շարք դատապարտումների շարքում, այդ բանաձեւը կոչ է անում Բաքւին կատարել Արդարադատութեան միջազգային դատարանի 2023 թ. նոյեմբերի 17-ի որոշումը եւ թոյլ տալ հայերի անվտանգ վերադարձն իրենց տները՝ միջազգային վերահսկողութեան ներքոյ։ Այս բանաձեւը լրացնում է Եւրոպական խորհրդարանի՝ 2024 թւականին ընդունած երկու բանաձեւերը, ինչպէս նաեւ Շւէյցարիայի խորհրդարանի վերջերս ներկայացրած նախաձեռնութիւնը, որը կոչւած է միջնորդելու Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերի միջեւ՝ վերջիներիս իրենց հայրենիք վերադառնալու հարցում։ Աւելի քան 100 բրիտանացի պատգամաւորներ վերջերս իրենց աջակցութիւնն են յայտնել շւէյցարական խաղաղարար նախաձեռնութեանը, եւ շուտով կը լսենք նաեւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատից»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանեանը:
«Իսկ երկու օր առաջ կայացած մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինեանը՝ մի շարք վտանգաւոր եւ անտրամաբանական պնդումների շարքում, յայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցը «փակւած» է։ Նա միանշանակ յայտարարեց, որ տարածքն ադրբեջանական է եւ, գուցէ ամենամեղադրելին՝ խոստովանեց, թէ իր միակ ափսոսանքն այն է, որ այս զիջումն աւելի վաղ չի իրականացրել։ Այդ «սխալը», ինչպէս ինքն է անւանում, արժեցաւ հազարաւոր հայերի կեանք, աւարտւեց հայկական պատմական հայրենիքի էական մասի կորստով եւ Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչութեան լիակատար հարկադիր տեղահանութեամբ։
Ցանկացած գործուն ժողովրդավարութիւնում նման կործանարար սխալ հաշւարկի ընդունումը կը յանգեցներ անյապաղ հրաժարականի եւ անդառնալի քաղաքական խայտառակութեան։ Փոխարէնը, Փաշինեանը կառչել է իշխանութիւնից եւ փորձում է յայտարարել, թէ բաց վէրքն արդէն բուժւել է։
Սակայն ճշմարտութիւնը հնարաւոր չէ այսքան հեշտութեամբ մոռացութեան տալ։ Լեռնային Ղարաբաղի հարցը փակւած չէ եւ երբեք էլ չի փակւի, քանի դեռ իրենց պատմական հայրենիքից բռնութեամբ տեղահանւած 150,000 հայերի իրաւունքները չեն ճանաչւել, վերականգնւել եւ երաշխաւորւել։ Ո՛չ մամուլի ասուլիսը, ո՛չ էլ պատմութեան վերաշարադրման փորձերը չեն կարող փոխել այս հիմնարար իրականութիւնը։
Փաշինեանը փորձում է համոզել աշխարհին, թէ Հայաստանն այլեւս ասելիք կամ անելիք չունի Լեռնային Ղարաբաղի հարցով։ Նրա մղումները ակնյայտ են՝ հաճոյանալ Ադրբեջանին, խուսափել դիւանագիտական դիմակայութիւնից, շեղել պատասխանատւութիւնը եւ շարունակել կառչել իշխանութիւնից։ Նրա հռետորական շրջադարձը, ըստ որի՝ իբր Լեռնային Ղարաբաղը երբեք իսկապէս հայկական չի եղել, բարոյական եւ քաղաքական դաւաճանութիւն է, որը եւ պատմական, եւ իրաւական առումով կեղծ պնդում է։
Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ ադրբեջանական պետութեան մաս։ Նրա հայկական արմատները ձգւում են հազարամեակներ՝ շատ առաջ՝ մինչեւ ժամանակակից Ադրբեջանի ձեւաւորումը։ Տարածքն իր անկախութիւնն հռչակեց 1991 թւականին՝ նոյն խորհրդային իրաւական հիմքով, որով ձեւաւորւեցին Հայաստանի եւ Ադրբեջանի յետխորհրդային հանրապետութիւնները։
Մի օր, անկասկած, Փաշինեանը յայտարարելու է, թէ սխալ է գործել՝ Պրահայի հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղը որպէս Ադրբեջանի մաս ճանաչելով։ Սակայն ոչ մի ներողութիւն չի կարող չեղարկել այն վնասը, որ նա պատճառել է։ Այդ վնասի համար նա երբեք չի ներւի հայ ժողովրդի կողմից։
Անկախ այն բանից, թէ ինչ է ասում կամ անում Փաշինեանը, Լեռնային Ղարաբաղի հարցը փակւած չէ։ Այն շարունակում է ապրել՝ քանի դեռ վերադարձի իրաւունքը չի իրագործւել, եւ արդարութիւնը չի վերականգնւել էթնիկ զտման եւ հարկադիր արտաքսման զոհերի համար»,- գրել է նա։