«Հայաստանը չպէտք է մոռանայ Ղարաբաղեան 2-րդ պատերազմը»
Ալիեւը Հայաստանին նոր պատերազմով է սպառնում
«ԱԼԻՔ» – Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ հետ այցելել է օկուպացւած Արցախ, մասնակցել Ջրականում (Ջաբրայիլ) կառուցւած բնակելի համալիրի բացմանը եւ նոր տներ տեղափոխւած բնակիչներին նւիրել բնակարանների բանալիները։ Այս մասին ըստ Yerevan.today-ի՝ յայտնել է ադրբեջանական APA գործակալութիւնը։
Ալիեւը առիթը բաց չի թողել կրկին մեղադրելու Հայաստանին ինտենսիւ զինւելու մէջ եւ սպառնալիքներ հնչեցնելու ՀՀ հասցէին:
«Զգուշացնում եմ Հայաստանին՝ դադարեցրէք այս վտանգաւոր խաղերը։ Մի կողմից խօսում են խաղաղութեան մասին, ստում, միւս կողմից՝ մասշտաբային սպառազինութիւն են գնում։ Ո՞վ է նրանց զէնք տալիս, Ֆրանսիան եւ հակաադրբեջանական այլ երկրներ։ Ինչո՞ւ են այդ զէնքերը նրանց անվճար տալիս։ Որքան էլ փորձեն, ոչինչ չի ստացւի։ Հայաստանը չպէտք է մոռանայ Ղարաբաղեան 2-րդ պատերազմը, երբ դիմում էին ՌԴ-ին պատերազմը կանգնեցնելու համար»,- ասել է նա: